Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շրջանների վերադարձ վեց ամսի՞ց

Դեկտեմբեր 24,2003 00:00

Շրջանների վերադարձ վեց ամսի՞ց Ազատագրված տարածքների որոշ հատվածներում երկաթուղու ապամոնտաժման մասին հայկական մամուլում «պայթած» լուրերը, բնականաբար, Ադրբեջանում անարձագանք չէին մնալու։ Բաքվի «Էխոն» հարցումով դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, որի լրատվական ծառայությունից պատասխանել են, թե չեն տիրապետում հայերի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում երկաթուղու քանդման վերաբերյալ որեւէ տեղեկատվության։ Միեւնույն ժամանակ, հենվելով ՊՆ սեփական աղբյուրներին, «Էխոն» նշում է, թե «հայկական իշխանություններն իսկապես ապամոնտաժում են երկաթուղային գծերն օկուպացված տարածքներում»։ Ընդ որում, աղբյուրը բխեցնում է, թե այդ գործընթացն անմիջականորեն կապված է ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական միջնորդական ջանքերի ակտիվացման հետ։ Պետք է նկատել, որ այսպիսի կարծիքն իր տեսակի մեջ եզակի չէ. վերջին շրջանում Ադրբեջանում ավելի ու ավելի են հաճախակիանում փորձագիտական գնահատականները, համաձայն որոնց, Ռուսաստանը մտադիր է ճնշում գործադրել Երեւանի նկատմամբ, հարկադրելով ազատել մի քանի ադրբեջանական շրջան։ Ահա այդ գնահատականներից մեկը. «Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի բարձրագույն պաշտոնատարների հաճախակի հանդիպումները վկայում են Մոսկվայի կողմից ՀՀ իշխանությունների հետ տարվող հատուկ աշխատանքի մասին։ 2004թ. ՌԴ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Այդպիսով, Մոսկվան մտադիր է իր ակտիվում գրանցել լրացուցիչ միավորներ եւ հայտարարել, որ Ռուսաստանը, իբրեւ Մինսկի խմբի համանախագահ, հետեւողականորեն նպաստել է մի քանի ադրբեջանական շրջանների ազատագրմանը»։ Ընդ որում, ադրբեջանական մի շարք դիտորդներ համոզված են, որ Ռուսաստանի դիրքորոշման այս փոփոխությունը պայմանավորված է նաեւ մեկ այլ՝ շատ կարեւոր գործոնով։ Ըստ այդմ, Մոսկվայում զգուշանում են Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանների կամ ամերիկյան մոբիլ զորախմբերի տեղակայման հեռանկարից, ուստի՝ փորձում են յուրօրինակ փոխանակում կազմակերպել. մենք ձեզ՝ մի քանի շրջան, փոխարենը՝ դուք հրաժարվում եք այդ ռազմակայաններն ընդունելու մտադրությունից։ Ապա Բաքվի փորձագետները նշում են, թե այս համապատկերում երկաթուղու ապամոնտաժումը հայերի կողմից միանգամայն մտածված մարտավարական քայլ է։ Նկատի է առնվում այն, որ ենթադրյալ վերադարձվելիք շրջաններում երկաթուղին ապամոնտաժելով, հայերը հեռահար նպատակ են հետապնդում՝ կասեցնել ադրբեջանական զինուժի հավանական առաջխաղացումն ու այդպիսով որոշակի ժամանակ շահել։ Վերջապես, ադրբեջանական փորձագետները բավականաչափ վստահ տոնայնությամբ եզրակացնում են, թե «գործնականում որեւէ կասկած չկա, որ խնդրո առարկա շրջանները Հայաստանը ստիպված կլինի ազատել արդեն մինչեւ 2004 թ. երկրորդ կիսամյակը»։ Հօգուտ այսօրինակ պնդումների, Բաքվում, մասնավորապես, վկայաբերում են երկրի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի՝ վերջին շրջանում կտրուկ ռուսահաճո դարձած հայտարարությունները։ Օրինակ, վերջինս նշել է, թե Մինսկի խմբի երեք համանախագահների մեջ Ռուսաստանն ամենամեծ հնարավորություններն ունի ՀՀ-ի վրա ներազդելու եւ հակամարտությունը կարգավորելու համար։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել