Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարական կարկանդակի ախորժակ

Դեկտեմբեր 24,2003 00:00

Կառավարական կարկանդակի ախորժակ Նախարարական պորտֆելների հարցը, այնուամենայնիվ, լուծվում է ոչ թե կոալիցիայում, այլ՝ «ուրիշ տեղ» Կոալիցիայից դուրս գտնվող, բայց ակնհայտ իշխանական երկու այլ քաղաքական ուժեր՝ ՄԱԿ-ը եւ «Ժողպատգամավորը» անթաքույց ցուցադրում են իրենց հավակնությունները եւ չեն զլանում հայտարարել, որ դեմ չեն իշխանական կարկանդակից բաժին ստանալ։ Երեկ մենք փորձեցինք կոալիցիոն ուժերից եւ «Ժողպատգամավորից» ճշտել՝ ի վերջո ի՞նչ է կատարվում իրենց ներսում եւ որքանո՞վ են կոալիցիայի ընդլայնման մասին լուրերը իրական։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին «Առավոտը» հարցրեց՝ որքանո՞վ է ռեալ կոալիցիայի ընդլայնումը եւ ի՞նչ պատճառներ կան դրա համար։ Արդյո՞ք ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ն ինչ-ինչ հարցերում իրենց չեն արդարացրել, չեն բավարարում եւ համապատասխանաբար մեկական նախարարություն նրանց ձեռքից վերցնելը դիտվում է որպես պատժամիջոց։ Լեւոն Մկրտչյանի պատասխանում հիշեցվեց, որ կոալիցիան ստեղծվեց կոնկրետ իրավիճակում եւ գրավոր փաստաթղթի շուրջ. «Հուշագրով բաժանված են երեք կուսակցությունների պատասխանատվությունները եւ շեշտված են նպատակներն ու ընդհանուր պատասխանատվությունը։ Այսօր կոալիցիայի ընդլայնման խնդիր չի դրված։ Դա կնշանակեր հուշագրի տառի եւ տրամաբանության փոփոխություն։ Բայց կոալիցիայի նիստում քննարկվել են համագործակցության հնարավորությունները մեր գործընկեր կառույցների՝ «Ժողպատգամավորի» եւ ՄԱԿ-ի հետ։ Դաշնակցության առաջարկներից մեկն է եղել՝ ճշտել նրանց հետ համագործակցության սկզբունքները»։ Որպես համագործակցության կոնկրետ ձեւ, նշվեց բյուջետային քվեարկության միասնականությունը. «Սա նույնպես արդյունք էր որոշակի ընդհանուր մոտեցումների։ Վերջիվերջո, այս բոլոր ուժերը (նկատի ունի նաեւ ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավորը») նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել են գործող նախագահին»։ Կոնկրետ հարց՝ ՄԱԿ-ը եւ «Ժողպատգամավորը» առաջիկայում ստանալո՞ւ են համապատասխանաբար մշակույթի եւ առողջապահության նախարարությունները. «Ոչ, կարող եմ դա միանգամից հերքել, որովհետեւ նման քննարկում, նման խոսակցություն կոալիցիայում տեղի չի ունեցել»։ Մեր հարցապնդմանը՝ գուցե նման խոսակցություն եղել է «ուրիշ տեղում», պրն Մկրտչյանը հակադարձեց. «Կոալիցիայից դուրս ուրիշ տեղը այսօր իրավական հիմք չէ, նման փաստաթուղթ չկա, որ ուրիշ տեղում կայացած խոսակցությունները հիմք հանդիսանան մեր երկրի քաղաքականության որոշման համար»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց. «Եթե առաջարկ լինի՝ կմտածենք։ Եթե այդ առաջարկը ուղղված է ի շահ պետության ու ժողովրդի, մենք կընդունենք։ Եթե ընդամենը պորտֆելի խնդիր է, ապա ի՞նչ, բանուգործ չունե՞նք անընդհատ կերամանների խնդիրը դնենք-քննարկենք»։ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդեն եղե՞լ է «առաջարկ ի շահ պետության ու ժողովրդի», պարզվեց՝ «ոչ»։ Իսկ սպասում են առաջարկի. «Իհարկե, քաղաքականության մեջ կատեգորիկ բան չկա, «ոչն» էլ է հարաբերական։ Բայց սպասելն էլ հարաբերական է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել