Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԲԱԿՈՒՄ ԷԼ ՏՈՆ ԿԼԻՆԻ»

Դեկտեմբեր 24,2003 00:00

«ՄԵՐ ԲԱԿՈՒՄ ԷԼ ՏՈՆ ԿԼԻՆԻ» Հույս ունի հայրենի ընդդիմությունը Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության ֆոնի վրա հայրենի ընդդիմությանն ու, մասնավորապես, ՀՀ նախագահի երբեմնի թեկնածու Ստեփան Դեմիրճյանին ուղղված՝ անվճռականություն, անհեռատեսություն, իշխանությունների հետ գործարք եւ այլն մեղադրանքների շարքը համալրվեց եւս մեկով՝ մերոնք, ի տարբերություն վրացիների, պարզվում է, իրենց հանրահավաքներում տուրք են տալիս պոպուլիզմին եւ քննարկում ոչ թե մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների խնդիրներ, այլ՝ զուտ սոցիալական բնույթի: Հայաստանյան ընդդիմության առաջնորդներից մեկը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը եւս արձագանքեց ընդդիմությանն ուղղված այդ եւ այլ մեղադրանքներին: «Չեմ ընդունում ընդդիմությանն ուղղված այն մեղադրանքը, թե մենք մեր հանրահավաքներում առավելապես անդրադարձել ենք սոցիալական հարցերի: Ընդհակառակը՝ մենք դրանց ընդհանրապես չենք անդրադարձել»,- ասաց Ա.Սարգսյանը՝ հավելելով, որ հասարակության հետ հանդիպումների ժամանակ նույնիսկ հարցադրումներ են եղել, որ եթե հենց այսօր Ռոբերտ Քոչարյանը հացի կամ էլեկտրաէներգիայի սակագինը դարձնի 10 դրամ, նա միեւնույն է՝ իրավունք չունի մնալ նախագահի պաշտոնում: «Հասարակության պատասխանն էլ միշտ միանշանակ է եղել: Հասարակությունն ու ընդդիմությունը շատ լավ հասկանում են, որ մեր թիվ մեկ խնդիրը երկրում սահմանադրական կարգի հաստատումն է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը 2003-ին ՀՀ նախագահ չի ընտրվել, նա արհամարհել է ժողովրդի կամքը եւ հատկապես դրա համար է, որ պետք է հեռանա: Խնդիրը պարզապես այն է, որ տվյալ դեպքում վրաց ժողովրդի «հակառակորդն» էր շատ ավելի մեղմ, քան՝ մերը»,- եզրակացրեց Ա.Սարգսյանը: Ըստ նրա, ընդդիմությունը 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միավորվել էր հստակ քաղաքական խնդիրներ լուծելու համար: Ա.Սարգսյանի պնդմամբ, եթե Վրաստանում ընդդիմությունը բողոքում էր խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեմ եւ պահանջում էր դրանք չեղյալ համարել, իսկ Շեւարդնաձեի լեգիտիմության մասին խոսք չկար, ապա՝ Հայաստանում նախագահի լեգիտիմությունը դրված էր ընդդիմության պահանջների առաջին պլանում: Ընդդիմությունը քննադատության էր արժանացել նաեւ այն բանի համար, որ չկարողացավ, մասնավորապես, միջազգային հանրությանը ներկայանալ որպես իշխող ռեժիմի այլընտրանք՝ արտաքին եւ ներքաղաքական խնդիրների շուրջ հստակ ձեւակերպված դիրքորոշմամբ, եւ դա էլ էր պատճառ, որ միջազգային հանրությունը ավելի սպասողական կեցվածք էր ընդունել, քան՝ ասենք, Վրաստանում: «Ընդդիմությունն առաջին հերթին պետք է գործող վարչակազմի այլընտրանք դառնար եւ որպես այդպիսին, ընկալվեր նախ մեր ժողովրդի համար, հետո միայն՝ «դրսի»: Անցել են այն ժամանակները, երբ «դուրսն» ինքն էր ընտրում եւ որոշում կայացնում մեր փոխարեն: Եթե ժողովուրդն ինքն իր համար որոշել է այլընտրանքը, դրսի ցանկացած երկիր պարզապես նայում է այդ այլընտրանքի պահվածքն ու որոշում նրա նկատմամբ իր վարած քաղաքականությունը: Այդ իմաստով, ի դեմս Ստեփան Դեմիրճյանի՝ ժողովուրդն այդ այլընտրանքն ուներ եւ առաջին իսկ փուլում նրա քվեն, ես վստահ եմ, գոնե երկու անգամ ավելին էր, քան Ռոբերտ Քոչարյանինը: Այդ շրջանում, ի դեպ, թե Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները, թե եվրոպական կառույցները հրաշալի եւ շատ սերտորեն համագործակցում էին ընդդիմության հետ»,- վստահեցրեց պարոն Սարգսյանը: «Քաղաքական հաշվարկները ցույց են տալիս, որ Ռ.Քոչարյանի խաղաքարտը խփված է: Երեւի այդ է պատճառը, որ ակտիվացել է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ՝ իշխանական կուսակցությունները: Եթե ուշադիր հետեւեք, նրանք էլ կարծես, ընտրարշավի դուրս եկած լինեն: Նույնպիսի տրամադրություններ տիրում է նաեւ ընդդիմության ճամբարում: Յուրաքանչյուրն իր մասով փորձում է ակտիվացնել նաեւ շփումները ժողովրդի հետ, ամրացնել իր դիրքերը օրենսդիր եւ գործադիր մարմիններում, ավելի շատ ազդեցության ոլորտներ ձեռքբերել՝ անկախ այն բանից, թե նրանք քաղաքական որ ճամբարում են: Սրանք տրամադրություններ են, որոնք առկա նախընտրական փուլերում, եւ, ըստ իս, այսօր դրանք պատահական դրսեւորումներ չեն: Իսկապես շատ ծանրացած հարցեր կան՝ տնտեսական, եւ ամենակարեւորը՝ արտաքին քաղաքական դաշտում՝ կապված ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: Բազմաթիվ օրինակներ կան, երբ մեր հասարակության համար ԼՂ հիմնախնդիրը տասներորդականից միանգամից կարող է դառնալ առաջնային՝ անգամ ցնցել երկիրը: Այսօր այս հիմնախնդիրն էլ սրված է եւ հակասական տեսակետներ են հայտնվում նույնիսկ իշխանական կուսակցությունների կողմից՝ երկրում ընթացող այդ գործընթացների պատասխանատվության իմաստով: Իսկ իշխանափոխության, հասարակության հետ հանդիպումների պահանջարկ, այո՝ կա, եւ, կարծես, քաղաքական ուժերից որեւէ մեկն էլ չի ուզում հանկարծ ուշանալ այդ գործընթացներից»,- իր տեսակետները այսօր տիրող իրավիճակի մասին ներկայացրեց Ա.Սարգսյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել