ԵՐԵՎԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐՎԻ«ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ» Երեկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ներկայացրեց 2003-ին արված աշխատանքները եւ 2004-ի անելիքները։ Շուտով լրանում է քաղաքապետի աշխատանքային գործունեության վեց ամիսը։ Ե. Զախարյանը տեղեկացրեց, որ այդ ընթացքում թաղապետարանների հետ համատեղ արվել են որոշակի աշխատանքներ եւ դրանցից կարեւորագույնը համարեց ընդհանուր գույքահարկի մասով ամբողջ բազայի փոխանցումը հարկային մարմիններից թաղապետարաններին։ 2004-ի հունվարի 1-ից կգործի նոր կարգ, ըստ որի, քաղաքի տարածքում տեղադրված ցուցատախտակների վրա քաղաքացիներին կներկայացվեն կառուցվելիք օբյեկտների ընդհանուր սխեման, ձեւը, մեծությունը, մոտավոր արժեքը, ներդրումը եւ հաշվի կառնվեն նաեւ նրանց արձագանքները։ Քաղաքապետը տեղեկացրեց նաեւ, որ 2004- 07թթ. Երեւանի ընդհանուր զարգացման հիմնադրույթները արդեն պատրաստվել եւ ներկայացվել են կառավարություն։ 2004-ին նախատեսվում է ավարտել Հյուսիսային պողոտայի իրացման աշխատանքները, իսկ 2006-ի վերջում ամբողջովին կավարտվի շինարարությունը։ Քաղաքապետը նշեց, որ 2004-ին կվերացվի փողոցային առեւտուրը եւ որ արդեն այդ գործընթացի համար թաղապետարաններին արվել են բոլոր հատկացումները։ Ըստ քաղաքապետի, այս առումով ամենադժվար տարածքը «Շրջանայինն» է, որտեղ գուցե հարկ լինի «կիրառել ուժային մեթոդը», սակայն սկզբում առեւտրով զբաղվողները կզգուշացվեն ապրիլի 1-ին տարածքն ազատելու մասին, իսկ մայիսի 1-ին տարածքն արդեն մաքուր կլինի՝ հավաստիացնում է քաղաքապետը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ Թեեւ քաղաքապետը ամիսներ առաջ վարչապետին եւ «Առավոտին» հավաստիացրեց, որ Երեւան քաղաքի մասին օրենքը մշակվում է, սակայն երեկ նա խոսեց միայն ինչ-որ հիմնադրույթների մասին։