Ամանորյա նվեր՝ 1000 ուսուցչի Նրանք կհայտնվեն փողոցում Վերջերս ԿԳ նախարարի հետ ունեցած մեր զրույցի ժամանակ վերջինս նշեց, որ ՀԲ-ի կողմից պարտադրանք չի եղել. «ՀԲ-ն ասում է՝ 2003 թ. ծանրաբեռնվածությունը պետք է լինի 18 ժամ, 2004 թ. պետք է լինի 20 ժամ եւ, բնականաբար, այդքան ժամ պետք է կրճատել»: Ընդհանրապես, կրթական ոլորտի պատասխանատուները սիրում են կրկնել՝ «մենք կատարում ենք ՀԲ-ի պահանջը», սակայն չմոռանանք, որ ծրագրի ցանկացած կետ կառավարության հետ համատեղ քննարկումների արդյունքում է ծնվում եւ ծրագրի իրագործման գաղափարն էլ հենց սկզբից կառավարության առաջարկով է ծնվել: Հիմա նույնիսկ ընդդիմությունը դեմ չի արտահայտվում օպտիմալացման ծրագրին՝ քաջ գիտակցելով, որ այն իսկապես պետք է. որ հանրապետության կրթական համակարգը հեղեղված է ոչ մասնագետներով, որոնք կուտակվել են «վատ տարիներին»: Սակայն, ինչպես նշում են ԿԳ ներկա եւ նախկին նախարարները, «կարեւորը՝ ծրագիրն առանց ցնցումների իրականացնելն է», եւ կրճատումները ճիշտ ուղղությամբ տանելը: Հիշեցնենք, որ եւս 1000 ուսուցչի ամանորյա նվեր կմատուցվի եւ Նոր տարում նրանք կազատվեն աշխատանքից: Հակառակ ոլորտի պատասխանատուների պնդման, թե ուսումնական տարվա ընթացքում միշտ էլ տարիֆիկացիաների ճշտում եղել է, բազմաթիվ դպրոցներում անցկացված մեր հարցումները ասում են, որ ուսուցչի դասաբաշխումը միշտ էլ արվել է տարեվերջին: Մեր հարցումները նաեւ հաստատեցին, որ օտար լեզուների ուսուցման համար դասարանների չկիսելը եւս կազդի ուսուցման որակի վրա: Թեպետ վերջերս ԿԳՆ հանրակրթության վարչության պետը մեզ հետ զրույցում նշեց, որ նախկինում էլ այդ հարցը դրված է եղել կամովի սկզբունքի վրա, եւ դպրոցներն են որոշել՝ կիսել դասարանը, թե ոչ, սակայն փաստն այն է, որ դպրոցները միշտ էլ նպատակահարմար են գտել կիսել դասարանները՝ ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ