ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲՈՒԺՎՈՒՄ ԷԻՆ «ԱՂԱՆԴԱՎՈՐԻ» ՄՈ՞Տ Ոստիկանության մայոր Սոնա Ֆահրադյանը եւ նրա «հիվանդները» Դեկտեմբերի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ) դռնբաց նիստում բավարարեց քաղաքացի Նշան Գրիգորյանի պահանջը. նրա 9-ամյա աղջնակի՝ Հասմիկ Գրիգորյանի խնամքը հանձնելով հորը։ Պատճառաբանություններից մեկն այն էր, որ մայրը՝ Գայանե Սարգսյանը «աղանդի» անդամ է։ Մեզ չէր հետաքրքրի ներընտանեկան գործը, եթե խոսքը չգնար ոստիկանության բուժվարչության պոլիկլինիկայի նախկին աշխատակցի «աղանդավոր» լինելու մասին («աղանդ» բառն առնում ենք չակերտների մեջ, որովհետեւ առայժմ որեւէ դատարան կամ նույնիսկ փորձագետ չի հաստատել կամ հերքել դրա առկայությունը)։ Տեղեկացնենք, որ նույն Գ.Սարգսյանի մասին մամուլում արդեն գրվել է՝ բայց դրական համատեքստում. «Ակադեմիա» պատկերասրահում նրա «Տիեզերական մանրանկարչություն» խորագրով ցուցահանդեսը արժանացել է բարձր գնահատականի։ Իսկ դատարանում իր քրոջ աղջկա՝ Գայանեի մասին այսպիսի ցուցմունք էր տվել Մարիա Նազարովան. «Իմ մահացած քրոջ թոռնիկը՝ Հասմիկ Գրիգորյանը, ապրում է մոր՝ Սարգսյան Գայանեի հետ ոչ թե իրենց տանը, այլ Սոնա Կառլենի Ֆահրադյանի տանը։ Վերջինս շահարկելով Աստծո անունը, ինքն իրեն անվանել է աստվածուհի եւ իր շուրջն է հավաքում «հիվանդների», որոնց, իբրեւ թե, բուժել է բարդ հիվանդություններից։ Ստեղծվել է համայնք։ Այդ անձի ի հայտ գալուն պես, իմ քրոջ աղջկա կյանքում ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Այդ Սոնային (մասնագիտությամբ հոգեբան-նեվրոպաթոլոգ) շուտ հաջողվեց իր ցանցի մեջ ընդգրկել մեր Գայանեին, որը բնավորությամբ շատ էմոցիոնալ է եւ սիրում է ստեղծել կուռքեր։ Այժմ նա խախտված է, կորցրել է ուղեղը, ինքնակառավարումը»։ Տատը դատարանում ասել էր նաեւ, որ մինչ Սոնայի ի հայտ գալը, երեխան նորմալ շփվել է հոր հետ: Իրավիճակը փոխվեց մոր՝ Գայանեի «աղանդավոր» դառնալուց հետո: «Երբ երեխան երկար ժամանակ հոր հետ էր լինում, մայրը նրան քացախաջրով «մաքրող» հոգնա էր անում։ Արգելք էր դրված բոլոր խաղալիքներին, խաղերին։ Այն, ինչ բերում էր երեխայի հայրը… նետվում էր աղբարկղ»։ Դատարանից տատը պահանջում էր փրկել թոռնիկին, պաշտպանել նրա իրավունքները։ Տեղեկացանք նաեւ, որ մայրը Սոֆի Դեւոյանի պարի դպրոցից երեխային հանել էր, նշելով, թե այդ պարերում «առկա են սատանայական շարժումներ»։ «Որտե՞ղ է երեխան», – վճռից հետո հարցնում եմ «աղանդի» անդամ, այս գործով Գայանե Սարգսյանի ներկայացուցիչ հանդես եկող նաիրա Դովլաթյանին։ Նա պատասխանում է, որ Հասմիկը Սոնա Կառլենովնայի տանն է, իրենց հետ։ Բնականաբար, «Առավոտի» թղթակիցը հետաքրքրվեց այդ առեղծվածային «Սոնա Կառլենովնայով»՝ ոստիկանության մայոր Սոնա Ֆահրադյանի մոտ: Պարզ է, որ մենք առաջինը չէինք: Մինչ այդ Գաջեգործների 2-րդ փողոցի 16 հասցեի նրա բնակարանում եղել էին ՀՀ նախագահի նախկին խորհրդական Ռազմիկ Դավոյանը, բանաստեղծ Արեւշատ Ավագյանը։ Այս «հավաքատեղիով» զբաղվել էր ոստիկանության շտաբը, հատուկ բաժինը, հետաքննչական բաժինը, հասարակական կարգի պահպանություն միավորումը, քննչական վարչությունը, Էրեբունու դատախազությունը։ Մամուլում ասվում էր, որ Սոնա Ֆահրադյանի խմբում առկա են տոտալիտար աղանդներին բնորոշ մի շարք հատկանիշներ՝ հիպնոսի կիրառում, զոմբիացում, խմբի ղեկավարին Տիրամայր հռչակել, առավոտը նրա պաշտամունքով սկսել, սեփական ընտանիքներից՝ դրանց քայքայման գնով հեռանալ, միասին կրոնահամայնքային կյանքով ապրել եւ այլն: Բացառված չէ, որ այդ տեղեկատվությունները համապատասխանում է իրականությանը: Բայց բոլոր դեպքերում հետաքրքիր է, թե ովքեր են բուժվել այդ կնոջ մոտ: Ոստիկանության մայոր Սոնա Ֆահրադյանի տիրույթում նշանավոր «հիվանդներից» ճանաչեցինք ԱԺ նախկին պատգամավոր, Ալավերդու նախկին քաղաքագլուխ Վախթանգ Լալայանին եւ ոստիկանության Գավառի տարածքային վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Գագիկ Ֆահրադյանին։ Վերջիններս ինձ ասացին, որ ոչ միայն բուժվել են Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմով, այլ շնորհիվ Ս. Ֆահրադյանի՝ ձեռք են բերել նկարելու, բանաստեղծելու շնորհք (200-ից ավելի նկարներ ցույց տվեցին ինձ՝ տիեզերքի մանրանկարը պատկերող)։ «Ովքե՞ր են բուժվել այստեղ» հարցիս տրամադրվում է մի հետաքրքիր ցուցակ. ոստիկանության տնտեսական վարչության պետ Արամ Պողոսյանը, նախկին պետը՝ Արմեն Գալստյանը, նախկին փոխնախարարը, ներկայումս Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Վայոց ձորի վարչության պետ Լյուդվիգ Սարգսյանը, ՊԱՏ-ի տեխնիկական վարչության պետ Մելիք Սողոմոնյանը, կադրերի վարչության ավագ տեսուչներ Սամվել Հարությունյանը, Զինա Սեդրակյանը, աշխատակից Ալիկ Ալեքսանյանը, Կոշի գաղութի նախկին պետը, ներկայիս ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հանգուցյալ եղբայրը՝ Հովհաննեսը, տրանսպորտի դատախազ Պարույր Մխիթարյանը, Մնջախաղի թատրոնի նախկին տնօրեն Ռաֆիկ Մուրադյանը։ Սահմանափակվենք այսքանով։ Տեղեկացնենք նաեւ, որ Սոնա Ֆահրադյանի դեմ նախապատրաստված նյութերով Էրեբունի-Նուբարաշեն համայնքների դատախազությունում քրեական գործի հարուցումը մերժվել էր «հանցակազմ չկա» պատճառաբանությամբ, սակայն դատախազությունը արձանագրել էր, որ «սահմանված կարգով բժշկական գործունեությամբ չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը» արգելված է, որի համար վարչական պատասխանատվություն է նախատեսվում։ Բնականաբար, այսքանով տվյալ կիսամիստիկ պատմությունը չի ավարտվում: Սակայն շարունակությունը՝ մեկ ուրիշ անգամ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ