Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՎԱՏՆԵՐԻՆ ԲՌՆՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 23,2003 00:00

ԿԱՎԱՏՆԵՐԻՆ ԲՌՆՈՒՄ ԵՆ Փող վերցնում ու ազատ արձակում «Կյանքս խորտակված է: Եթե ուզեմ էլ, այլեւս ոչ մի բան փոխել չի լինի: Ես կործանված մարդ եմ ու չգիտեմ՝ ինչքան կկարողանամ այսպես ապրել»,- ասում է 38-ամյա Մերի Հովհաննիսյանը (անունը փոխված է): Մերին ապրում է Երեւանում, ծնողների ու եղբոր հետ: Ընտանիքը, սակայն, տեղյակ չէ նրա աշխատանքի մասին: Ամեն ինչ անում է, որպեսզի շրջապատում չիմանան, որ ինքը մարմնավաճառ է եւ դրանով է փող աշխատում: «Այս աշխատանքը ստիպված եմ կատարում, քանի որ այլ գործ չեմ գտնում»,- սրճարանում մեր զրույցի ժամանակ հանգիստ պատմում էր Մերին: 1997թ. նա ծանոթացել է Սերյոժա անունով մի տղամարդու հետ: Այդ ժամանակ Մերին սրճարանում մատուցողուհի էր: Բայց աշխատավարձը ցածր էր, իսկ ընտանիքն ինքն էր պահում: «Սերյոժան ասաց, որ Հունաստանում աշխատանքի համար լավ վարձատրում են, ու կարող ենք մեծ փողեր աշխատել: Ասաց, որ վերադառնանք՝ կկարողանանք տուն առնել, մի խոսքով՝ ապահով ապրել»,- շարունակում է Մ. Հովհաննիսյանը: Մերին համաձայնում է: Տոմսեր գնելու համար Սերյոժան նրանից վերցնում է անձնագիրը: Մեկնելու օրը Երեւանի օդանավակայանում Սերյոժան տեղեկացնում է, որ նախ մեկնում են Դուբայ, ապա՝ Հունաստան: «Սերյոժան ինձ ասեց, որ Դուբայից պիտի փող վերցնենք ու գնանք: Բայց ինձ խաբեց ու թողեց Դուբայում»,- ասում է Մերին: Դուբայի օդակայանում Սերյոժային ու Մերիին դիմավորում է մի կին: Սերյոժան Մերիի անձնագիրը հանձնում է նրան ու հեռանում: Հետո Մերին իմանում է, որ բացի իրենից, Սերյոժան Էմիրություններ է բերել նաեւ ուրիշ կանանց: Մերիին բացատրում են, որ ինքը «վաճառված» է, իսկ անձնագիրը կստանա 6000 դոլար վճարելուց հետո: «Առաջին անգամ էի Հայաստանից դուրս եկել ու չգիտեի՝ ինչ անել: Ոչ լեզու գիտեի, ոչ քաղաքն էի ճանաչում, մոտս էլ փող չկար: Նույնիսկ զանգել չէի կարող»,-պատմում է Մերին: Նրան տեղավորում են Աբու Դաբիի «Ռոկ Ալհադի» կոչվող հյուրանոցում: Մի քանի ամսում աշխատում է 6000 դոլարը, բայց անձնագիրը չեն վերադարձնում: Մերիի անձնագիրը 3000 դոլարով վաճառում են մի այլ հայ կնոջ: Մերին պարտավորված էր եւս 3000 դոլար աշխատել՝ երկրորդ կավատի ձեռքից ազատվելու համար: Այդ գումարն աշխատելուց ու վճարելուց հետո Մերիին կրկին «վաճառում» են: «Էդպես ես ձեռքից ձեռք էի ընկնում ու տանջվում ճորտի պես: Ծեծում էին, երբ չէի ուզում կամ չէի կարողանում աշխատել: Անգամ հիվանդ ժամանակ դեղ չէին տալիս: Ընկերներ չունեի, ոչ մեկին հնարավոր չէր վստահել: Բացի այդ, կավատներն այնպիսի պայմաններ էին ստեղծել, որ աղջիկները մեկը մյուսին մատնում էին»,-պատմում է Մերին: Մերիի կավատներից մեկի անունը Մարիետա էր: Նա գլխավորն էր եւ նրա ենթակայությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատում էին մյուս կավատները՝ Անահիտը, Նանոն, Նելլին, Ժաննան: Կավատները բնակվել են առանձին հյուրանոցում: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է 10-15 հայ աղջիկ՝ իրենց անձնագրերով: Մերին օրական ընդունել է 15-20 տղամարդ՝ 5 րոպեի համար վճարվելով 13 դոլար: Նրա պատմելով, անչափահաս աղջիկներին 5 րոպեի համար վճարում էին մինչեւ 200 դոլար: Հայ աղջիկների հիմնական հաճախորդները արաբներն էին: Վերջիններս նախընտրում են հայերին: Մերիի վկայությամբ, հայ կանանց թիվը մեծ է Դուբայում: Նրանց տարիքը 15-30 է: Օրական աշխատել է մոտ 400 դոլար, որից միայն 100-ն է ծախսել իր կարիքների համար, մնացածը մուծել է կավատներին: Դուբայում գտնվելու 6 ամիսների ընթացքում նա աշխատել է շուրջ 15 000 դոլար: 1997թ. փետրվարին Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է Մերիին: Նա 3 ամսով ազատազրկվել է: «Բերդում շատ ծանր էր վիճակս: Բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերեցի: Էլ չէի դիմանում էդ կյանքին: Ես համարյա ցնորվել էի»,- հիշում է Մերին: Նույն տարվա մայիս ամսին նրան արտաքսել են Էմիրություններից: Վերադարձել է Հայաստան լրիվ հյուծված վիճակով, առանց փողի: Որեւէ տեղ չի բողոքել, վախեցել է, թե չեն հավատա ու իրեն կմեղադրեն: Երկար ժամանակ է պահանջվել՝ ուժերը վերականգնելու համար: Փորձել է իր մասնագիտությամբ (դերձակ) գործ գտնել, բայց այդպես էլ չի ստացվել: 30-ն անց էր ու աշխատանքի չէին ընդունում: Մայրը հիվանդ էր, բուժում էր անհրաժեշտ, իսկ ընտանիքն աղքատության մեջ էր ապրում: Որպես հարցի լուծում, շարունակել է Դուբայում սկսած գործը: Այսօր նրան կարելի է տեսնել «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքում: Նա դարձել է պրոֆեսիոնալ մարմնավաճառ: Իրեն եւ իր նման կանանց «վաճառքի» ենթարկելու համար Մերին նախեւառաջ մեղադրում է իրավապահներին. «Մեղավորը նրանք են: Իբր թե բռնում են կավատներին, բայց հետո փող են վերցնում ու ազատ արձակում: Նույն ձեւ վարվեցին նաեւ ինձ վաճառող կավատի՝ Մարիետայի հետ: Փողը վերցրին ու ազատեցին: Իսկ Սերյոժան ընդհանրապես պատասխանատվության չենթարկվեց, մեկնեց Ռուսաստան: Ստացվում է, որ էդ հանցագործները իրավապահների օգնությամբ հայ կանաց «վաճառում են» մուսուլմաններին»: ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել