ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ Երեկ լրացավ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի 50-ամյակը: Ծննդյան օրերին ընդունված է խուսափել քննադատական խոսքերից: Ասենք միայն՝ շատ բնական ենք համարում, որ ընդդիմադիր գործիչներին դուր չեն գալիս պրն Մանուկյանի քաղաքական հայացքները, նրա նվիրվածությունը Ռոբերտ Քոչարյանին: Բնական է նաեւ, որ նրա ղեկավարած նախարարությունում կան թերություններ, որոնց մասին խոսվում է եւ գրվում՝ նաեւ մեր թերթի Էջերում: Բայց նշենք նաեւ, որ պրն Մանուկյանի նույնիսկ ամենաոխերիմ թշնամիներից չենք լսել, որ նա չարաշահել է տրանսպորտի եւ կապի, իսկ դրանից առաջ՝ պետական եկամուտների նախարարի պաշտոնները, եւ դրանք օգտագործելով, ինչ-որ նյութական բարիքներ է ձեռք բերել: Անդրանիկ Մանուկյանի մասին մեկ այլ լեգենդ են պատմում. իբր նա գրեթե ծնված օրվանից աշխատել էր «Արարատ-լադա» «սերվիսում», այնտեղ հարստացել, այնուհետեւ ձեռք էր բերել ինչ-որ հայկական «կոոպերատիվ» բուհի դիպլոմ եւ դարձել պատգամավոր: Քանի որ թերթի նպատակն ենք տեսնում նախ եւ առաջ չոր լրատվություն հաղորդելը, ներկայացնենք հոբելյարի կենսագրության այդ մասը: Դպրոցն ավարտելուց հետո նա 2 տարի եւ 2 ամիս ծառայել է խորհրդային բանակում՝ սահամանապահ զորքերում: Որոշ ժամանակ անց ընդունվել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտը, որը 1982 թվականին ավարտել է գերազանցությամբ: Երկու տարի հետո ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան եւ պաշտպանել թեկնածուական թեզը: 1984-ին նա վերադարձել է Երեւան, դասավանդել համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում եւ հետո միայն տեղափոխվել Երեւանի ԽՄԿԿ քաղկոմ: Պրն Մանուկյանի մնացած կենսագրությունը քիչ թե շատ հայտնի է: Ավելացնենք նաեւ, որ, ի տարբերություն բազմաթիվ պաշտոնյաների, քաղաքական գործիչների եւ հրապարակախոսների, Անդրանիկ Մանուկյանը երբեք չի փորձել Ռոբերտ Քոչարյանի մոտ «միավորներ հավաքել»՝ ՀՀ առաջին նախագահին փնովելու միջոցով: Դա գնահատելի է: Շնորհավորում ենք հոբելյարին եւ ցանկանում առողջություն: ԱՌԱՎՈՏ