Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Իրան»-ի տխուր ոդիսականը

Դեկտեմբեր 23,2003 00:00

«Հայաստան-Իրան»-ի տխուր ոդիսականը Հայաստան-Իրան գազամուղի շինարարության կամ առնվազն՝ նախագծման ծրագիրը, դեռեւս հեռավոր 1993-ին, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ընդգրկվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող՝ համազգային կարեւորություն ունեցող ծրագրերի շարքը: Գազամուղի մասին ամենատարբեր առիթներով (առավելապես՝ հայ-իրանական պաշտոնական փոխայցերի ժամանակ) խոսել են հայ եւ իրանցի զանազան պաշտոնյաներ: Բայց գործն, ինչպես հայտնի է, 10 տարվա ընթացքում դույզն-ինչ տեղից չի շարժվել: Ընդ որում, նշված ողջ ժամանակամիջոցում երբեւէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել, թե ինչու չի կառուցվում գազամուղն ու նաեւ չի էլ հայտարարվել, որ այն ընդհանրապես չի կառուցվելու: Ըստ էության, այս հարցը, բովանդակությամբ լինելով տնտեսական, ակնհայտորեն նաեւ քաղաքական ենթատեքստ ունի, որի մասին, սակայն, ընդունված չէ բարձրաձայն արտահայտվել: Եվ ահա, ՀՀ-Իրան գազամուղի մասին՝ Ռեգնում գործակալությանը տված հարցազրույցում, որոշ նկատառումներ է հայտնել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այն հարցին, թե դրա կառուցման դեպքում ՀՀ-ն կհանդիսանա՞ սեփականատեր, վարչապետը, մասնավորապես, պատասխանել է. «Դա կախված է այն պայմաններից, որոնք կամրագրվեն խորհրդատվությունների ավարտին: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի կառավարությունը սկզբնական շրջանում կարող է լինել նախագծի մասնակից եւ սեփականատեր, իսկ հետագայում՝ իրեն պատկանող մասը սեփականաշնորհել կամ հանձնել կառավարման: Մենք շահագրգռված ենք այս նախագծում ռուսական կողմի մասնակցությամբ: Ներկայումս այս հարցով խորհրդատվություններ են անցկացվում նաեւ Ռուսաստանի եւ «Գազպրոմ»-ի ղեկավարության հետ: Հույս ունենք, որ դրական արդյունք կունենանք: Նախագիծն արժե 70-90 մլն դոլար. այն նախատեսված է իրականացնել երեք փուլով. 1. գազամուղի իրանական հատվածի կառուցում եւ դրա միացումը ՀՀ Քաջարանի գոյություն ունեցող գծի հետ, 2. խողովակաշարի անցկացում Քաջարանից մինչեւ Գորիս կամ Սիսիան,3. գազամուղի միացումը Վայոց ձորի մարզի համակարգին: Բոլոր երեք փուլերի բարեհաջող իրագործումից հետո գազամուղով կառաքվի մինչեւ 1 մլրդ խմ գազ, ինչը մոտավորապես համարժեք է Ռուսաստանից ստացվող գազի ծավալներին ՝ 1,2-1,3 մլրդ խմ»: Այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում այդ նախագծին, վարչապետը պատասխանել է. «ՌԴ-ն չի ժխտում նախագծի իրագործման կարեւորությունը: Ավելին, հայկական կողմը Ռուսաստանին հրավիրում է դրանում ակտիվ դեր խաղալ: Համենայն դեպս, երկու երկրների նախագահների եւ կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են տալիս, որ ռուսական կողմը դրական որոշում կկայացնի»: Նկատենք, սակայն, որ նման հույսերը, մեղմ ասած, հիմնավոր չեն, քանզի դժվար է ենթադրելը, թե ՌԴ-ն հեշտությամբ կհաշտվի իր կողմից Հայաստանին առաքվող գազը պարսկականով փոխարինելու, եւ այդպիսով՝ ՀՀ-ի վրա ներազդելու կարեւոր լծակներից մեկը կորցնելու մտքի հետ: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցությունը նաեւ ԱՄՆ-ի սրտով չէ: Այնպես որ, անկախ ամեն տեսակ հայտարարություններից, գազամուղի ճակատագիրը խիստ աղոտ է նաեւ այսօր: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել