Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարեւաններից ետ չմնանք

Դեկտեմբեր 23,2003 00:00

Հարեւաններից ետ չմնանք Ըստ լիբերալների, սա է այսօրվա կարեւորագույն խնդիրը «Պետք է ունենալ ոչ թե ձեւական, այլ իրական դեմոկրատիա»,- երեկ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի եւ «Արմատ» կենտրոնի կազմակերպած «Անվտանգության միջազգային համակարգերի զարգացման միտումները» թեմայով սեմինարի ժամանակ, կարծիք հայտնեց ԳԴՀ Ազատական-ժողովրդավարական կուսակցության Բունդեսթագի խմբակցության միջազգային քաղաքականության հարցերով խորհրդական Միխայիլ Լինկը։ Դիտարկումը վերաբերում էր հարավկովկասյան պետությունների՝ Եվրամիության անդամ դառնալու հեռանկարին։ Փաստելով, որ Եվրամիությունը «փակ ակումբ չէ», զեկուցողը կրկին արտահայտեց մի միտք, որը վերջին շրջանում բազմիցս ենք լսում. «Ամեն ինչ կախված է ձեր հասարակություններից»։ Այս համատեքստում նա եւս նկատեց, որ վրացական իրադարձություններից հետո ԵՄ-ում այս տարածաշրջանի նկատմամբ մոտեցումները փոխվել են։ Ինչ վերաբերում է նոր Եվրոպական սահմանադրությանը, Միխայիլ Լինկը համարում է, որ քաղաքական գործիչների համար այն մնաց «տնային աշխատանք՝ այն, որ Սահմանադրությունը չընդունվեց, չի նշանակում, որ Եվրոպան հրաժարվում է միասնական համակարգերից։ Վաղ թե ուշ անպայմանորեն կընդունվի»։ Պրն Լինկի համոզմամբ, Եվրամիությունն անվտանգության իր քաղաքականությունը հնարավորինս պետք է մերձեցնի ՆԱՏՕ-ի քաղաքականությանը, որովհետեւ, ըստ նրա՝ «Եվրամիությունը չպետք է դառնա ԱՄՆ-ին հակակշիռ»։ Չնայած, ըստ բանախոսի, տնտեսական առումով ԵՄ-ն հզոր է ԱՄՆ-ից, սակայն ռազմական առումով՝ «թզուկ է»։ Հարավկովկասյան տարածաշրջանում եւս, ըստ Մ. Լինկի, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը չեն ցանկանում պայքարել իրար դեմ։ «Ամենամեծ բանը, որ ԵՄ-ն տարածաշրջանում կարող է անել, ներդրումներն են»,- գտնում է պրն Լինկը, սակայն միաժամանակ նշում է, որ դրանց «ապահովման պայմաններ են պետք»։ Մ. Լինկը նաեւ տարածաշրջանի արագ զարգացման հեռանկարներ է տեսնում։ Նա չի բացառում, որ Հարավային Կովկասը վերստին առեւտրի խաչմերուկ կարող է դառնալ։ Բայց՝ «այս երկրների ապագան գտնվում է իրար հետ ինտեգրման մեջ»։ Հայաստանի՝ Թուրքիայի եւ Իրանի հետ համագործակցությունը նա պարտադիր է համարում։ Իսկ տարածաշրջանում առկա կոնֆլիկտների լուծումը, բանախոսի համոզմամբ, առավել արդյունավետ կլինի, երբ տնտեսական կապերն ավելի զարգացած կլինեն։ «Հայաստանի տեղը միջազգային անվտանգության համակարգերում» թեմայով զեկույցում «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը դատապարտեց ռազմական համագործակցության առումով Հայաստանի երկդիմի (ՌԴ եւ ԱՄՆ) եւ պասիվ կեցվածքը։ Ըստ նրա, այդ քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանին սկսում են լուրջ չվերաբերվել, արդյունքում՝ մեր երկիրը կղզիանում է։ Հեռանկարի առումով, բանախոսը դրական համարեց համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ «եթե ճիշտ կողմնորոշվենք»։ Պրն Գրիգորյանը նկատի ուներ այն, որ հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը բացառապես այդ կառույցում են տեսնում իրենց ապագան եւ բոլոր նախադրյալները կան, որպեսզի այդ երկրները հզորանան։ Ուստի Հայաստանն իր համար պետք է հետեւություններ անի։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել