Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ

Դեկտեմբեր 23,2003 00:00

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ Մեկ ամիս առաջ ճիշտ այս օրը Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սկսված քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց՝ իշխանափոխությամբ: Այսօր՝ Վրաստանում նախագահական ընտրություններից շուրջ երկու շաբաթ առաջ, արդեն խոսվում է երկրում քաղաքական հետապնդումների մասին: Առաջին անգամ այդ մասին հայտարարեցին նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կողմնակիցները՝ նկատի ունենալով վերջինիս զինակիցների ղեկավարած ձեռնարկություններում կատարված ստուգումներն ու պաշտոնանկությունները: Նոր իշխանությունների ներկայացուցիչները, ի դեմս «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլու, մասնավորապես, մեզ տված հարցազրույցում կտրականապես հերքեց այդ մեղադրանքները: Քաղաքական հետապնդումնե՞ր Երեկ քաղաքական հետապնդումների մասին բարձրաձայնեցին Վրաստանի կոմունիստական կուսակցության անդամները՝ հայտարարելով հունվարի 4-ին կայանալիք նախագահի ընտրությունները բոյկոտելու իրենց որոշման մասին: Արդեն մեկ-երկու շաբաթ է, ինչ այդպես էլ Վրաստանի նախագահի թեկնածու չգրանցված, Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեի զինակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպում Վրաստանի մայրաքաղաքում, այդ երկրի ԿԸՀ-ի կողմից՝ վերջինիս թեկնածության գրանցումը մերժելու կապակցությամբ: Թբիլիսիում սկսել են նրա մի քանի կողմնակիցների ձերբակալությունները: Երեկ էլ Գորիում՝ Իոսիֆ Ստալինի ծննդյան օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանրահավաքում, ձերբակալվել են չկայացած թեկնածուի մի քանի զինակիցներ, որոնք մեղադրվում են անօրինական զենք կրելու մեջ: Վրաստանի հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը, որոնք Գորիում են եղել, տեղեկություններ են ունեցել, թե հանրահավաքին ժամանելու է նաեւ Ի. Գեորգաձեն: «Բռնապետի ծննդյան օրը մեր իշխանությունները «արժանի» կերպով նշեցին»,- հայտարարել է ձերբակալվածներից մեկի փաստաբանը: Ընդ որում, ձերբակալվածների մեծ մասը լինելով մասնավոր ձեռնարկությունների, ընկերությունների անվտանգության աշխատակիցներ, զենք կրելու իրավունք են ունեցել: Նրանցից մի քանիսի փաստաբան Գուլիկո Գաբիաձեն երեկ հայտարարել է, թե իր պաշտպանյալները «քաղաքական հետապնդման զոհ են դարձել»: Իր հերթին Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Բարամիձեն փորձել է կատարված ձերբակալություններն արդարացնել նրանով, թե Վրաստանում պատրաստվում է զինված ապստամբություն, որին, իրենց տվյալներով, կարող են մասնակցել նաեւ Ի.Գեորգաձեի կողմնակիցները: Ավելի լուրջ են տարաձայնությունները Վրաստանի նոր իշխանությունների եւ Աջարիայի ղեկավար Ասլա Աբաշիձեի միջեւ: Իշխանափոխությունից մեկ ամիս անց էլ նա համառորեն պնդում է առաջիկա ընտրությունները բոյկոտելու իր որոշումը: Ետհեղափոխական բարեփոխումներ Դրանք նախաձեռնել են Վրաստանի նոր իշխանությունները ի դեմս պետնախարար Զուրաբ Ժվանիայի: Մասնավորապես այսօր՝ Վրաստանի 1999թ. գումարման խորհրդարանը, որը նոր իշխանությունների ընդդիմախոսների գնահատմամբ, ոչ լեգիտիմ է, որովհետեւ նրա գործունեության ժամկետը երկրի հիմնական օրենքի համաձայն սպառվել է դեռ մեկ ամիս առաջ, պատրաստվում է քննարկել երկրի ֆինանսների նախարարության ներկայացրած օրինագիծը՝ 2004-ի հունվարի 1-ից նոր հարկատեսակ կիրառելու վերաբերյալ: Զ.Ժվանիայի մատուցմամբ, դա կկիրառվի ֆիզիկական այն անձանց նկատմամբ, ովքեր շքեղ բնակարաններ, առանձնատներ եւ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ ունեն: Նրանցից գանձվող հարկային մուտքերը նոր իշխանությունները ծրագրում են ուղղել Սոցիալական ապահովության հիմնադրամին: Թե հատկապես ինչ դրույքաչափի մասին է խոսքը, պետնախարարը դժվարացել է պատասխանել՝ «օրինագիծը մշակման փուլում է»: Իշխանությունները մտադիր են վերանայել նաեւ Վրաստանում մինչ այժմ իրականացված հարկային քաղաքականությունն ընդհանրապես, որը, նրանց գնահատմամբ, անարդար է եղել: Ոչ պոպուլյար այդ քայլով վերջիններս մտադիր են հաջորդ տարվանից եւեթ չեղյալ համարել եւ բարձրացնել հողի մինչ այդ կիրառված հարկի դրույքաչափերը: Խոսքը վերաբերելու է մասնավորապես 20 հա հողատարածք ունեցող գյուղացիներին, որոնց թիվը Վրաստանում հասնում է մոտ 1 մլն-ի: Վերանայվելու են նաեւ տնտեսական գործունեությամբ զբաղվողներից հարկվող դրույքաչափերն ու հասարակական ավտոփոխադրամիջոցներ ունեցողների նկատմամբ կիրառվող ավտոճանապարհների հարկադրույքի չափը: Պետնախարարը երեկ հայտարարել է, թե այդ միջոցառումները կօգնեն համալրել Վրաստանի բյուջեն եւ վճարել աշխատավարձի ու կենսաթոշակների գծով գոյացած ներքին պարտքերը: Դրանք միայն հաջորդ տարի կսկսեն գործել, եթե անգամ խորհրդարանն ընդունի առաջարկվող փոփոխությունները: Իսկ այս տարի վրացիներին ձմռանը չսառչելու համար կրկին եւ, թերեւս, վերջին անգամ կօգնի ԱՄՆ կառավարությունը՝ այդ նպատակով Վրաստանի իշխանություններին հատկացնելով 21 մլն դոլար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել