Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ

Դեկտեմբեր 20,2003 00:00

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի 2003 թ. ֆուտբոլային մրցաշրջանի դափնեկիրների մեծարման հանդիսավոր արարողությունը։ Մի քանի տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ էր, որ երկրի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին մրցանակների հանձնումը կազմակերպվում էր մեկտեղ։ Ու այս լավ նախաձեռնության հեղինակն ու իրականացնողը հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան էր։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ հայկական ֆուտբոլում կա դրական տեղաշարժ, աճ։ Դա երեւում է թեկուզ մեր՝ մինչեւ 17 եւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների, Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլում ունեցած հաջող մրցելույթներով։ Պրն Հայրապետյանը հայաստանցի ֆուտբոլիստներին ավելի մեծ հաջողություններ մաղթեց 2004 թվականին՝ հույս հայտնելով, որ եկող տարին հայկական ֆուտբոլի համար կլինի ավելի արգասաբեր։ Ու քանի որ սա այս տարվա վերջին հավաքույթն էր, ՀՖՖ նախագահը ֆուտբոլիստներին, մարզիչներին, ֆուտբոլասերներին, մարզաձեւերին առնչվող բոլորին շնորհավորեց գալիք Ամանորի առիթով։ Մեծարման համար առաջինը բեմ հրավիրվեց առաջին խմբի հաղթող «Կիլիկիան», որին հանձնվեցին փոքր ոսկե մեդալներ, 1-ին կարգի դիպլոմներ։ Այս խմբում 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված «Վաղարշապատն» ու «Փյունիկ-2»-ը համապատասխանաբար պարգեւատրվեցին 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներով։ Այնուհետեւ սկսվեց բարձրագույն խմբի առաջնությունում մրցանակային եռյակում տեղ գրաված ակումբների մեծարումը։ Գյումրիի «Շիրակը», որ գրավել է առաջնության երրորդ տեղը, արժանացավ բրոնզե մեդալների եւ երրորդ կարգի դիպլոմի։ Արծաթե մեդալներ եւ երկրորդ կարգի դիպլոմներ հանձնվեցին երկրի փոխչեմպիոն «Բանանցին»։ Իսկ Հայաստանի այս տարվա լավագույն թիմին, չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկին», տրվեցին մեծ ոսկե մեդալներ եւ առաջին կարգի դիպլոմներ։ Ավանդաբար, ֆուտբոլի ֆեդերացիան ամեն տարի մարզական լրագրողների եւ ֆուտբոլային մասնագետների հետ համատեղ որոշում է տարվա լավագույն ֆուտբոլիստին։ Արդյունքների ամփոփումով 2003 թվականին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բանանց» թիմի հարձակվող եւ առաջնության ռմբարկու Արա Հակոբյանը։ Նա 24 հանդիպումներում մրցակիցների դարպասն անցկացրել է 45 գնդակ՝ սահմանելով յուրօրինակ ռեկորդ։ Ըստ առաջնության եւ գավաթի խաղարկության կանոնակարգի, Արա Հակոբյանը որպես լավագույն ֆուտբոլիստ ստացավ 500 դոլարին համարժեք դրամ, դրան գումարած, որպես լավագույն ռմբարկու՝ եւս 300 դոլարին համարժեք դրամ։ Խրախուսական այս մրցանակները ֆուտբոլիստին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ «Վլադ» սպորտային ապրանքների միավորումը հատուկ մրցանակ էր սահմանել տարվա գլխավոր հայտնության համար։ Դա Էդգար Մանուչարյանն է, որը ոչ միայն հաջող հանդես եկավ «Փյունիկի» կազմում, այլեւ ընդգրկվեց մեր հավաքականների կազմերում։ Է. Մանուչարյանի, որի 17 տարին դեռ չի լրացել, անձնական մեծ ներդրման շնորհիվ մեր մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականները հաղթահարեցին Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլի խմբային մրցաշարերի առաջին արգելքը։ Մրցանակը ֆուտբոլիստին հանձնեց միավորման տնօրեն Ա. Ղազարյանը։ Մրցաշրջանի արդյունքներով որոշվել էին նաեւ երեք լավագույն մրցավարները։ Նրանք են՝ Կարեն Նալբանդյանը, Գեւորգ Հովհաննիսյանը եւ Արարատ Ճաղարյանը։ ՀՖՖ նախագահն իր կողմից մրցանակներ էր սահմանել հեռուստաընկերությունների՝ ֆուտբոլային թեմաներով հեղինակային հաղորդաշարերի համար։ Մրցանակների արժանացան «Երեւան» TV՝ «Հեռուստաֆուտբոլ», «Պրոմեթեւս» TV՝ «Ֆուտբոլային տեսություն», «Հայ» TV՝ «Սպորտսրահ», Հանրային հեռուստատեսության՝ «Ֆուտբոլային շաբաթ» եւ «Արմենիա» TV՝ «Արմենիա ֆուտբոլ պլյուս»։ Մրցանակները եւ դիպլոմները Ռուբեն Հայրապետյանից ստացան նշված հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ՝ Ռուդիկ Բարսեղյանը, Վարդան Թադեւոսյանը, Վահան Դանիելյանը, Սլավա Սարգսյանը եւ Սուրեն Բաղդասարյանը։ Սրտանց շնորհավորում ենք նաեւ մեր գործընկերներին։ Երեկ մրցանակի արժանացավ նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Որպես արդար խաղի գաղափարների պաշտպանի «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը նրան հանձնեց թերթի ամենամյա «Արդար խաղի մրցանակը»։ Արարողության ամբողջ ընթացքում իրենց վարպետությունն էին ներկաներին ցուցադրում հանրապետության մշակույթի ճանաչված ու սիրված գործիչներ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել