Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց ստրիպտիզը կթակի Հայաստանի դուռը

Դեկտեմբեր 20,2003 00:00

Տղամարդկանց ստրիպտիզը կթակի Հայաստանի դուռը Համոզված է հայ ստրիպ-պարողը «Մեր հասարակությունը, ցավոք, տղամարդկանց ստրիպ-ակումբը նույնացնում է գեյ-ակումբի հետ։ Իրականում դրանք տարբեր ուղղվածության գիշերային ակումբներ են»,- ասում է հայ ստրիպ-պարող Կ. Գ.-ն (մեր զրուցակցի խնդրանքով անունը չենք հրապարակում)։ Կ. Գ.-ն պատմեց, որ դեռեւս երկու տարի առաջ Երեւանում, Սարյան փողոցում հիմնադրվել էր տղամարդկանց ստրիպ-ակումբ, որը «այդպես էլ չբացված՝ փակվեց»։ Պատճառը, ըստ ստրիպ-պարողի, նման հիմնարկների մասին հասարակության ունեցած թյուր պատկերացումներն էին։ «Ցավում եմ, որ շատ հաճախ տուժում ենք մեր մենթալիտետից։ Զարմանում եմ նաեւ, որ հայերը տղամարդկանց ստրիպ-արվեստի մասին բացարձակ ինֆորմացիա չունեն»,- ասաց Կ. Գ.-ն։ Նա հիշեց, որ բացի իրենից, եւս երեք ստրիպ-պարողներ կային Երեւանում, որոնք իր նման գիշերային ակումբներում հանդես էին գալիս ստրիպ-պարուհիների հետ։ Հետաքրքրվեցինք՝ այժմ որտե՞ղ են նրանք։ «Մեկը մեկնել է Ռուսաստան, մյուսը՝ Ուկրաինա, երրորդը, մնալով արվեստում՝ այլ ոլորտ է ընտրել»,- ասաց պարողը։ «Առավոտը» խնդրեց արտերկրի տարբեր ակումբներում հանդես եկած Կ. Գ.-ին՝ հստակեցնել. ինքը ստրիպ ցուցադրո՞ղ, թե՞ ստրիպ-պարող է։ Ըստ Կ. Գ.-ի, ճիշտը «ստրիպ-պարող» արտահայտությունն է։ «Մեր արվեստում պարտադիր չէ «տրյուկներ» անել, կանգնել բեմում ու ինքնասիրահարված սեփական մարմնով, ընդգծել վերջինիս գեղեցիկ հատվածները»,- պարզաբանեց երիտասարդը։ Նա օրինակ բերեց հայ ունկնդրին հայտնի մոսկովյան ստրիպ-աստղ Տարզանին։ Նշեց, որ վերջինս կարողանում է իր առնական կազմվածքը հրամցնել տարիների ընթացքում մշակած յուրօրինակ պարաոճի ու երաժշտության միջոցով։ Կ. Գ.-ն վերջերս է վերադարձել Գերմանիայից, ուր պայմանագրով աշխատում էր տղամարդկանց գիշերային ակումբում։ Ըստ նրա, «այնտեղ տղամարդկանց մուտքն արգելված էր, իսկ յուրաքանչյուր օր՝ անշլագ»։ Արտերկրում իր ոչ երկար աշխատանքային փորձից Կ. Գ.-ն եկել է հետեւյալ եզրահանգման. «Ստրիպ-պարողը պետք է մերկանա ամբողջովին, ինչը հուշում է հենց strip (հանվել) բառը»։ Ըստ նրա, աշխարհում նման ակումբներում գործում է աշխատանքային մի քանի օրենք։ Օրինակ, հանդիսատեսը ստրիպ-պարողին կարող է հրավիրել՝ իր սեղանի մոտ հանդես գալու (wp_posts dance)։ Կամ՝ ստրիպ-պարողին կարող են հրավիրել սեղանի շուրջ՝ ուղղակի խոսելու, զրուցելու (consummation)։ Երրորդ՝ ստրիպ- պարողը հանդիսատեսի հետ, վերջինիս ցանկությամբ, կարող է առանձնանալ եւ պարել միայն նրա համար (private dance)։ Իհարկե, այդ ամենը, կախված ծառայությունից, որոշակի գումար արժե։ Կ. Գ.-ն հիշեցրեց, որ արտերկրում իր հանդիսատեսը միայն կանայք էին ու պատմեց, որ այնտեղ ինքը ելույթ էր ունենում մերկ եւ ոչ թե topless (մերկ մինչեւ գոտկատեղը)։ Հայ ստրիպ-պարողը համոզված է, որ Երեւանում դեռ կբացվեն տղամարդկանց ստրիպ-ակումբներ, որովհետեւ տղամարդկանց ստրիպտիզը եկամտաբեր բիզնես է։ «Ուզեն, թե չուզեն, արվեստի այս տեսակը, որ պարի, երաժշտության ու թատրոնի սինթեզ է, շուտով Հայաստանի դուռն էլ կթակի ու այնժամ գիշերային ակումբները «թանկ գներով» ստրիպ-պարողներ կհրավիրեն դրսից»,- համոզված է Կ. Գ.-ն։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել