Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՆԺԴԵՀԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Դեկտեմբեր 20,2003 00:00

ԴԱՐՁՅԱԼ ՆԺԴԵՀԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Լ. Տեր-Պետրոսյանի «ՃպվՑՐ ՎպՐՑՉ» հռչակավոր արտահայտությունը ժամանակին «Ավրորայի» համազարկերի պես պայթեց նախկին կայսրության ողջ տարածքում։ Սակայն աստղաբաշխական 12-ամյա լիակատար պտույտից հետո պարզվեց, որ առաջին նախագահը թեթեւ լավատեսության բերումով շտապել էր եւ դեռ վաղաժամ էր դամբանականը կարդալ մի երկրի, որը ինքն իրեն, ինչպես ազգայիններն են ասում, իր արմատներին վերադառնալու տխուր ավանդույթներ ունի։ Եվ ստացվեց ճիշտ Մարկ Թվեն արտահայտության պես մի բան. «Իմ մահվան լուրը, կարծում եմ, մի քիչ չափազանցված է»։ Կարծիք կա, որ կայսրությունն ավարտվում է պրովինցիաներով։ Սակայն վերջին առնվազն հինգ տարիները ցույց տվեցին, որ պրովինցիաներով այն պարզապես սկսվում է։ Նաեւ այդ պատճառով է, որ Կենտրոնի մահվան գույժը չափազանցված է թվում։ Որովհետեւ, որքան էլ անհավանական հնչի, կայսրության վերականգնումն էլ սկսվեց պրովինցիաներով։ Այն նույն պրովինցիաներով, որոնք արտաքուստ նրա փլուզման պատճառ եղան։ Մյուս կողմից՝ հոգիներիս մեծ մեղք չվերցնենք, մեկ է, կայսրության քանդման գարանտը դարձյալ Կենտրոնն էր, ավելի կոնկրետ՝ Ելցինը, որ առաջինը ողջունեց Մերձբալթյան երկրների անկախական շարժումները եւ նույնիսկ առաջինն էր, որ փորձեց միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվող զինադադարի գործընթացում։ Ելցինի դերը մեծ էր նաեւ որպես ժողովրդավարության երաշխավորի. քանի դեռ նա էր նախագահը, ոչ ոք չէր համարձակվում ոչ-ժողովրդավար երեւալ եւ մենթալիտետի մասին էլ խոսակցություններ չկային։ Մի խոսքով, մահվան գույժից ժամանակ անց, Կենտրոնն ու անկախություն ստացած երկրները ինչ-որ N պահից վերածվեցին անքակտելի, միեւնույն սրտով տրոփող երկվորյակների, որոնցից մեկին լիարժեք դարձնելու վիրահատական միջամտությունը երկուսի կյանքի համար էլ դարձավ սպառնալիք եւ այնքան վտանգավոր, որ նախընտրելի եղավ պահպանել ստատուս-քվոն։ Եվ հիմա Քոչարյանն ինքն իր եւ մտերիմների աչքին ուժեղ եւ ինքնավստահ է թվում, քանի որ մենակ չէ։ ՌԴ պետդումայի վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ նա մենակ չի լինելու եւս մի քանի տարի։ Նաեւ այն պատճառով, որ մարտի 14-ին Պուտինն անվերապահորեն վերընտրվելու է։ Իսկ դա նշանակում է, որ նախկին կայսրության ուրվականը նորից շրջելու է՝ առանց կոմունիստական ատրիբուտիկայի եւ դժվար է ասել, թե չի հաջողելու։ Ի դեպ, դրան կողմ էին նաեւ ընտրություններում ջախջախիչ պարտություն կրած ռուսական աջերը՝ ելցինյան ժամանակներից հայտնի դեմոկրատները։ Եվ առայժմ դրա դեմն առնելու ձեւը կարծես թե Վրաստանում կատարվածն էր, էն էլ՝ Աստված գիտի։ Ուստի, նույն վստահությամբ, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանը ազդարարեց Կենտրոնի մահվան լուրը, կարելի է արձանագրել՝ ժողովրդավարությունը մեռավ։ Իհարկե, մինչեւ մեռնելը դեռ մի քանի հատկանիշներ պահպանելու է, որպեսզի, ինչպես սոցիալիզմի կրախից հետո, ետժողովրդավարությունն էլ ցավագին ճամփով չընթանա։ Նորից դառնալով Հայաստանին եւ հատկապես Քոչարյանին, պետք է ասել, որ նրա հենարանը ամենեւին էլ միայն կայսրության վերականգնման հնարավորությունը չէ, ոչ էլ երկրում տեղավորված ռուսական ռազմաբազաները, ոչ էլ, որ Պուտինը վերընտրվելու է, կամ՝ Կուչման ու Լուկաշենկոն ոնց որ թե հավերժանալու են, այլ, որքան էլ տարօրինակ է, մարդիկ են։ Այն նույն մարդիկ, որոնք կազմում էին սովետական նոմենկլատուրայի ատաղձը։ Նա լավ գիտի, որ Վահան Հովհաննիսյանից դաշնակ դուրս չի գա, իսկ եթե դուրս գա, ավելի վատ դաշնակցական, բայց լավ՝ իր համար։ Արթուր Բաղդասարյանին քերես՝ տակից դուրս կգա կոմերիտական հրահանգիչը։ Անդրանիկ Մարգարյանի մասին չենք խոսում՝ նա վարչապետ է։ Կամ՝ Յուրա Մանուկյանի կոմունիստ լինելը վիրավորական է անգամ շատ բան տեսած կոմունիստների համար։ Քոչարյանը հիանալի գիտի, որ ընդդիմությունը անմեղ է, իսկ անմեղությամբ իշխանություն չեն վերցնում։ Հինգ մատի պես գիտի, որ իր մյուս առանցքային հենարանը՝ Ղարաբաղի խնդրի չլուծվածությունը, արդեն այնքան էլ լուրջ չէ, որովհետեւ հասկացել է, որ Ղարաբաղը պետք է ղարաբաղցիներին, երբ Ղարաբաղում են, եւ բոլոր նրանք, ովքեր կարող էին՝ տեղափոխվեցին, իսկ ովքեր հնարավորություն ունեին՝ արդեն Հայաստանում են։ Այսինքն՝ պատմության մեջ որերորդ անգամ Ղարաբաղը մնալու է ֆիդայիների հույսին, լավագույն դեպքում՝ Նժդեհի, որ այդպես էլ հորիզոնում չի երեւում եւ հազիվ թե շուտով երեւա։ Նաեւ այն պատճառով, որ կարծես հայրենիք պահող Նժդեհի ժամանակներն անցել են։ Եվ հուսահատեցնողը այդ չէ, այլ այն, որ անցած ժամանակների հերոսը, ինչպես բոլորը, որ երբեւէ հերոս են եղել, մտնում են արխիվ։ Եվ Քոչարյանը հրաշալի գիտի, որ մնացած երկրապահներին չի կարելի պրագմատիզմի մեջ մեղադրել։ Նա գիտի, որ պրագմատիկ երկրապահ չի լինում, որ աղետից առաջ կանխի աղետը։ Նա չի կարող գլխի ընկած չլինել, որ երկրապահների մեծ առաջնորդին խաբեց հենց պրագմատիկ լինելու ցանկությունը։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել