Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Ա» կրթահամալիրը օպտիմալացվեց

Դեկտեմբեր 20,2003 00:00

«Վազգեն Ա» կրթահամալիրը օպտիմալացվեց Բաժանվելով մի քանի մասի 1996-ին կրթության նախարարի, ապա Լոռու մարզպետի հրամաններով Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը վերակառուցվել է կրթահամալիրի, տնօրեն է նշանակվել Գագիկ Աթաբեկյանը: Ապա կաթողիկոս Գարեգին Առաջինի համաձայնությամբ այն անվանակոչվել է Վազգեն Առաջինի անվան: «Հայաստան» համահայկական եւ սոցներդրումների հիմնադրամների եւ Մայր Աթոռի միջոցներով կրթահամալիրը հիմնովին վերանորոգվել է: Երկրաշարժից տուժած եւ զրոյական հաշվեկշիռ ունեցող թիվ 22 մանկապարտեզի եւ թիվ 1 դպրոցի շենքերը վերածվել են ժամանակակից կրթօջախների:Նորոգման վրա ընդհանուր առմամբ 8 միլիոն դրամից ավելի գումար է ծախսվել: Սակայն դրանից հետո սկսվեցին անախորժությունները: Ըստ Գ. Աթաբեկյանի, նորոգումն ավարտվելու օրերին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը որոշել էր, որ տնօրենի պաշտոնը պետք է զբաղեցնի նորոգումն իրականացրած շինկազմակերպության տնօրենի քույրը: Սկսել է կրթահամալիրը դանդաղ քանդվելու գործընթացը՝ նրա կազմից հանվեցին ուսումնարանը, մշակույթի, սպորտի, երեկոյան դպրոցները: Ապա Լոռու մարզպետը դիմել է կրթության նախարարին՝ կրթահամալիրը միջնակարգ դպրոցի վերակազմավորելու առաջարկով: Մասնաշենքերից մեկը մարզպետի հրամանով տրամադրվել է բնագիտական թեքումով գիշերօթիկ նորաստեղծ դպրոցին, որն այսօր թերբեռնված է, իսկ հիմնական մասնաշենքը նորից դարձել է թիվ 1 դպրոց: Այնուհետեւ մարզպետ Հ.Քոչինյանը դիմեց դատախազություն՝ տնօրենի դեմ քրգործ հարուցելու պահանջով: Մեղադրանքն այն էր, որ Գ.Աթաբեկյանն ուզել է կրթահամալիրի նորոգված մասնաշենքերից մեկը սեփականացնել եւ դրա համար այն նորոգումից հետո գրանցել է իր ղեկավարած հասարակական կազմակերպության հաշվեկշռում:: Ի վերջո Լոռու մարզի դատարանը նրան արդարացրեց՝ 182 (պաշտոնի չարաշահում) 187 (կեղծիք) հոդվածներով առաջադրված մեղադրանքում հանցակազմի եւ հանցադեպի բացակայության պատճառով: Այժմ կրթահամալիրի նախկին տնօրենը դիմել է բոլոր իրավասու մարմիններին՝ խնդրելով վերանայել հանիրավի փակված կրթահամալիրի հարցը: Նա կարծում է, որ իր տնօրեն աշխատելը, անգամ քրեական հետապնդման ենթարկվելը կարեւոր չէ, իսկ կայացած կրթօջախը փակելը հանցագործություն է: Նա իրական օպտիմալացում է առաջարկում՝ բնագիտական թեքումով թերբեռնված գիշերօթիկ դպրոցը միավորել թիվ 1 դպրոցի հետ եւ վերականգնել կրթահամալիրը: Այժմ նա սպասում է կրթության նախարարի, ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատասխաններին: Հ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Լուսաբանման բազմակողմանիությունն ապահովելու համար ակնկալում ենք նաեւ մարզպետարանի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել