ԼՂ-Ի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ Հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ խոստովանելով, որ Ղարաբաղի՝ Հայաստանին միավորվելու օրն իր կյանքի ամենաերջանիկ օրը կարող է լինել: «Ռեգնում» լրատվական գործակալությանն օրերս տված իր հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ին ուղղակիորեն առնչվող քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական մի շարք հարցերի: Այդ հարցազրույցի, թերեւս, ամենաուշագրավ հատվածները ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: – Ի՞նչ եք կարծում, Վրաստանում իրադարձությունների բացասական զարգացման դեպքում իր անվտանգությունն ապահովելու համար Հայաստանը պե՞տք է արդյոք լրացուցիչ միջոցներ ձեռնարկի: – Կոնկրետ դեպքում հարկ է խոսել տնտեսության անվտանգության մասին, քանի որ շատ կասկածում եմ, թե անկայունությունը Վրաստանում դրդի վրացիներին ապակառուցողական գործողությունների դիմել Հայաստանի կամ նրա սահմանների նկատմամբ: – Իսկ Ջավախքի համատեքստո՞ւմ: – Ոչ մեկին չվիրավորելով ասենք այսպես՝ անվտանգության սպառնալիք չենք տեսնում անգամ Ջավախքի համատեքստում: Ես միշտ ասում եմ, որ Վրաստանի կայունությունն ավելի անհրաժեշտ է հայերին, քան իրենց՝ վրացիներին: Մեր հիմնական տրանսպորտային զարկերակներն անցնում են Վրաստանով, եւ անկառավարելի իրավիճակը, քաոսը կլինեն ի վնաս մեզ՝ կասկածի տակ դնելով բնականոն մատակարարումներն ու մեր արդյունաբերության աշխատանքը: Վրաստանով է անցնում Հայաստան գազ մատակարարող միակ խողովակաշարը: Ուստի, բնական է, որ Վրաստանում իրավիճակի անկայունությունը հղի է Հայաստանի համար չափազանց բացասական հետեւանքներով, որովհետեւ այդ դեպքում կծագի անմիջական սպառնալիք մեր ազգային անվտանգության համար, քանի որ դեպի Հայաստան բեռների մատակարարման մշտական ձախողումը եւ, որպես հետեւանք՝ տնտեսական ճգնաժամը կարող է մարտական գործողությունների վերսկսման եւ ինչ-որ բանի հասնելու գայթակղություն առաջացնել Ադրբեջանում: – Ասում են Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ քաղաքական տարաձայնություններ կան: Ասում են, թե դրանց օբյեկտիվ հիմքն այն է, որ Երեւանը, սովորության համաձայն, բանակցային պրոցեսում իրեն է առաջնորդ համարում այն դեպքում, երբ Ղարաբաղը դժգոհում է, թե իր՝ բանակցությունների սուբյեկտ լինելու հանգամանքը ստվերում է: Թե՞ սրանք հորինվածքներ են: – Կարծում եմ, նման բան ուզում են տեսնել որոշակի շրջանակներ հենց Հայաստանում: Ես որեւէ լուրջ տարաձայնություններ չեմ տեսնում: Իհարկե, հիմնախնդրի նկատմամբ մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են, բայց դա այդպես էլ պետք է լինի: Բանակցային պրոցեսի համատեքստում ոչ ԼՂՀ ղեկավարության եւ ոչ ղարաբաղցիների համար անհանգստության որեւէ պատճառ չկա: Ինչպես գրել է երեւանյան թերթերից մեկը, նույնիսկ մարշալ Բաղրամյանի արձանի ձիուն է պարզ, որ առանց Ղարաբաղի եւ ղարաբաղցիների համաձայնության ու ցանկության որեւէ լուրջ որոշում չի կարող ընդունվել: Բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությունը պետք էր այն ժամանակ, երբ ղարաբաղցիները կասկածում էին բանակցային պրոցեսի ուղղվածության՝ իրենց ցանկություններին անհամապատասխան լինելու մեջ: Այսօր կասկածներ չկան, չկան նաեւ պրոբլեմներ: Իսկ որ կասկածներ լինել չեն կարող՝ եւս միանշանակ է. ՀՀ նախագահը իր կյանքի մեկ երրորդը նվիրել է հենց այդ իղձերի կենսագործմանը եւ երբեք ոչ մեկին, առավել եւս իրեն, թույլ չի տա ստվերել սեփական կենսագրությունը: – Կա՞ արդյոք երկու հայկական պետությունների միջեւ համագործակցության իդեալական կամ՝ նախընտրելի բանաձեւ: Եթե, իհարկե, ամեն ինչ Ղարաբաղի համար երջանիկ ավարտ ունենա: – Նախ, ես եղել եմ, կամ եւ միշտ կմնամ Ղարաբաղը Հայաստանին միավորելու կողմնակից: Կարծում եմ, դա կլինի իմ կյանքի ամենաերջանիկ օրը: Բայց եթե դեպքերի բերում Ղարաբաղը լինի առանձին պետություն, մենք կունենանք երկու, բայց առանց սահմանների եւ համանման օրենքներով գործող պետության օրինակ: Այլկերպ ես պատկերացնել չեմ կարող: Իսկ, Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն պետություն լինելու հնարավորությունը, իհարկե, բացառված չէ: Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ