«Գրանդ Հոլդինգը», փղիկը եւ փաթեթը Երեկ «Ինթերնեյշընլ Մասիս տաբակում» «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի՝ լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման առիթը, ըստ գործարարի, չորրորդ իշխանությանը հաշվետվություն ներկայացնելն էր։ «Մասիս տաբակի» արտադրամասերում շրջելուց հետո Հ. Վարդանյանը ամփոփեց ավարտվող տարին։ Խոսելով ծխախոտի արտադրության մասին, գործարարը «Ինթերնեյշընլ Մասիս տաբակի» համար կարեւոր ձեռքբերում համարեց այս տարի ծխախոտի շուկայում առաջատար ընկերության՝ «BAC» ֆիրմայի հետ կնքած պայմանագիրը, ըստ որի 600 տ ծխախոտ կարտահանվի արտերկիր։ Անդրադառնալով «Գրանդ Քենդիի» արտադրանքին, Հ. Վարդանյանը հերքեց այն լուրերը, թե ընկերությունը միայն թուրքական հումքով է աշխատում։ Վերագործարկված լամպերի գործարանը՝ «Գրանդ Սանը», Հոլդինգի նախագահը՝ որպես բիզնես, կայացած համարեց, քանի որ. «Վերջին 6 ամսվա ընթացքում Լամպերում ներդրում չի արվել եւ այս վերջին մեկ ամսում 100 հազար դոլար շահաբաժին ենք ստացել»։ Գործարարի տեղեկացմամբ, գործարանը 5 տարվա պայմանագիր է կնքել ՌԴ ռազմական ոլորտում օգտագործվող լամպեր արտահանելու համար։ Հ. Վարդանյանն իր հաշվետվությունում «Գրանդ Հոլդինգի» այս տարվա նվաճում համարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ Գրանդ փղիկին հարսնացու ընտրելու փաստը։ Քենդի անունով հարսնացուն կբերվի Հնդկաստանից։ Հիշեցնենք, որ նախագահն այդ պայմանավորվածությունն էր ձեռք բերել՝ այս տարի Հնդկաստան իր այցելության ժամանակ: Հ. Վարդանյանի հավաստմամբ, Մատենադարանի տարածքում կկազմակերպվի փղիկների հարսանեկան տոնահանդեսը՝ զուռնա-դհոլով։ Իսկ նորապսակների կնքահոր պարտականությունը կստանձնի Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Վերջերս ընդունված հարկային փաթեթի վերաբերյալ գործարարն այսպես արտահայտվեց. «Իմ կարծիքով, բավականին ճիշտ փաթեթ է, բայց կատարելագործվելու տեղ ունի»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ