«ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ» Ինչպես անել, որ Նորվեգական խորհրդի կառուցած տներն իսկապես հասնեն կարիքավորներին Ներքին տեղահանված անձանց համար հստակ սահմանում չկա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Մասնագետները դժվարանում են ասել՝ ասենք, աշխատավայրի ռմբակոծության պատճառով իր բնակավայրից դուրս եկածը ներքին տեղահանվա՞ծ է, թե՞ ոչ: Իսկ եթե մարդը լքել է իր օջախը, բայց արդեն ինտեգրվել է այլ վայրում, տուն եւ աշխատանք ունի, նրան պե՞տք է տալ ներքին տեղահանվածի կարգավիճակ: «Սա բարդ հարց է, մեր պրոբլեմներից»,- ասում է Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայկական մասնաճյուղի տնօրեն Թիմ Սթրեյթը: Խորհուրդը մյուս տարի պլանավորում է ներքին տեղահանվածների ծրագիր իրականացնել Տավուշում: Գյուղապետերի, համայնքապետերի հետ առանձնացվել է տասը գյուղ, որտեղ կկառուցվի կամ կվերակառուցվի մոտավորապես 500 տուն: «Հստակության բացակայությունը չարաշահումների եւ դժգոհությունների տեղիք չի՞ տա, եթե ընդունենք, որ հաշվարկն արդեն արված է, գումարները կան, հիմա պիտի տները կառուցվեն»: Մեր այս հարցին պրն Սթրեյթը պատասխանեց. «Բնականաբար, մենք պետք է ունենանք որոշ չափանիշներ, թե ովքեր են տուն ստանալու: Դրանից հետո մենք կունենանք պրոբլեմների հաջորդ խումբը»: Դեսպանը կարծում է, որ չպետք է կենտրոնանալ միայն դասական բնորոշմամբ ներքին տեղահանվածների վրա. «Իսկ մարդի՞կ, ում տունը ռմբակոծվել է, բայց նրանք շարունակել են իրենց բնակավայրում նկուղում ապրել: Կամ ռմբակոծությունից հետո դուրս են եկել եւ տասը տարի հետո վերադարձել են իրենց բնակավայրը: Ասենք, դուք ուժե՞ղ եք գտնվել եւ ձեզ համար պայմաններ եք ստեղծել, մենք ձեզ անտեսու՞մ ենք»: Պրն Սթրեյթն, օրինակ, գտնում է, որ ավելի ճիշտ կլինի ուշադրություն դարձնել այն ընտանիքների վրա, ովքեր երեխաներ ունեն, ովքեր իրենց ապագան այդ գյուղում են տեսնում եւ ոչ թե, ասենք, ծեր կանանց: «Դաչա» ցանկացողների համար վստահաբար չենք կառուցի»,- ասում է Թ. Սթրեյթը: Վերջինս կարծում է, որ դժվար է լինելու նաեւ համայնքապետերի գործը. «Պետք է շատ զգույշ լինենք, որ համայնքում կոնֆլիկտ չստեղծենք. մենք բոլորի համար չենք կարող տուն կառուցել»: Կազմակերպությունն ունի տուն կառուցելու մանդատ, նրանք չեն կարող աշխատատեղ ստեղծել. «Երիտասարդ ընտանիքները եթե իմանան, որ այդ տարածքում գործարանները չեն աշխատում, աշխատանքի խնդիրներ կունենան: Դրա համար համագործակցում ենք այլ կազմակերպությունների հետ, որոնք Տավուշում արդեն այդ ուղղությամբ աշխատում են՝ դպրոցներ են կառուցում, խմելու ջուր անցկացնում. մեր մանդատը չեն կրկնում»: Դեսպանը տեղեկացրեց, որ շատ քննարկումներ են եղել այն մասին, թե որտեղ ծավալեն իրենց աշխատանքները՝ այն գյուղերում, որտեղ ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությու՞նն է, թե՞, ասենք, Այգեպարի նման գյուղում: Այդ բնակավայրը ընդունված է կոչել «մահացող», քանի որ գյուղն իր եկամուտն ստանում էր ծխախոտի եւ գինու գործարաններից, որոնք հիմա չեն աշխատում: Ըստ մեր զրուցակցի, բոլոր գյուղապետերը շեշտը դրել են «մահացող» գյուղերի վրա՝ Այգեպար, Բարեկամավան, Վազաշեն: Այգեպարի դեպքում եղել է տեղեկություն, որ «Գրանդ Տոբակոն» հետաքրքրված էր վերակառուցելու այնտեղի գործարանը: Այդ դեպքում խորհուրդն էլ բնակարաններ կկառուցեր, մարդիկ կվերադառնային, սակայն, ինչպես տեղեկացանք, վերջնական որոշումով այն կառուցվելու է Իջեւանում, ոչ թե Այգեպարում: Վազաշենն էլ, օրինակ, հիմնված է գյուղատնտեսության վրա, բայց այսօր նրանց հողերի 70 %-ը կամ ականապատված է, կամ նշանառության իրական վտանգի տակ: Ներքին տեղահանվածներ ունեցող երկրների համար աշխարհում գոյություն ունի ուղեցույց, որը բոլոր երկրներն ընդունում են: Ըստ պրն Սթրեյթի, այս մարդկանց հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ ԵԱՀԿ, ՓՀՆԽ, ՄԱԿ, ցանկանում են, որ բոլոր երկրներն ընդունեն ՆՏ-երի մասին օրենք: Հայաստանը չունի այդպիսի օրենք: «Որքան ինձ է հայտնի, Հայաստանը պաշտոնապես դեռեւս չի ընդունել նաեւ ուղեցույցը: Այդ ցանկությունը հաշվի առնելով միջազգային կազմակերպությունները այնքան էլ գոհ չեն Հայաստանում իրավիճակից»,- ասում է Թ. Սթրեյթը: Սակայն նա կարծում է, որ պետք չէ ՀՀ կառավարությանը շատ ճնշել. «Միակ տեղը, որտեղ դա քիչ թե շատ կարող ենք անել՝ որ ֆինանսական միջոցներ շտապ գտնեն: Օրենք չկա, բայց կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ»: Այս կապակցությամբ Թիմ Սթրեյթը մեր կառավարությանը երեք երաշխավորություն ունի փոխանցելու՝ կայունացնել սահմանամերձ տարածքները՝ բարձրացնելով դրանց անվտանգությունը, աջակցել Նորվեգական խորհրդի ներքին տեղահանվածների ծրագրին, պետական բյուջեից միջոցներ տրամադրել ու նաեւ գտնել դոնորներ՝ այլ ֆինանսական միջոցների համար: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ