ԴԱՀԿ-Ը «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է Երեկ արդարադատության նախարարության մամուլի պատասխանատու Արա Սաղաթելյանը հաստատեց «Առավոտի» տեղեկատվությունը, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին հանձնել է իր որոշումը, որը ներկայացվել է որպես հայցի ապահովման միջոց: Հիշեցնենք, որ նախորդ օրը Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայցով դիմել էր տնտեսական դատարան: ԴԱՀԿ-ի այդ որոշումը պարտավորեցրել է «ԱրմենՏելին» վերականգնել հաստատագրված վճարների ընդունումը, արգելել կիրառել օրերս արված հայտարարություններում նշված 8 դրամ րոպեավճարը։ Որոշումը ենթակա է անհապաղ կատարման եւ, ինչպես տեղեկացրեց ԱՆ մամուլի պատասխանատուն, պատճեններն ուղարկվել են ինչպես Տրանսպորտի եւ կապի նախարարին, այնպես էլ «ԱրմենՏելին»։ «Վերոնշյալ գործողությունները իրականացվել են օրենքի շրջանակներում, որպես հայցի ապահովման միջոց»,- նշեց Ա. Սաղաթելյանը։ «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ԴԱՀԿ որոշման չկատարումը, Ա. Սաղաթելյանը պատասխանեց. «Գործող օրենսդրությունը նախատեսում է պատշաճ մեխանիզմներ՝ ԴԱՀԿ որոշումը չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկելու։ Կարծում եմ, «ԱրմենՏելի» ղեկավարները, լինելով օրինապաշտ, կկատարեն որոշման պահանջները»։ Հիշեցնենք, որ վարչական օրենսգրքի համաձայն, քաղաքացիները եւ պաշտոնատար անձինք ԴԱՀԿ որոշումը չկատարելու դեպքում տուգանվում են նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 200-ապատիկ, կրկնակիի դեպքում՝ ընդհուպ մինչեւ 15-օրյա վարչական կալանք։