Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ դու՞, Պուտին

Դեկտեմբեր 20,2003 00:00

Եվ դու՞, Պուտին Երբ մեր հարեւան վրացիները հայերիս համար անհասկանալիորեն իրենցից հարյուրապատիկ (կամ գուցե հազարապատիկ) զորեղ ռուսների հետ «քյալլա» են տալիս՝ Վրաստանի սուվերենությանն առնչվող ինչ-ինչ հարցեր լուծելու համար, Հայաստանի քաղաքական կոչված դաշտում անմիջապես հայտնվում են խելոքներ, ովքեր իրենց ապահով օֆիսներում նստած՝ չարախնդում են նրանց վրա: «Այդ վրացիք դեռ պատասխան են տալու իրենց տուտուցության համար», հաճույքից ոռնում են մեր խելոքներից ոմանք: «Ինչպես կարելի է հակադրվել իրեն՝ մեծն Պուտինին», տրամաբանում են մյուսներն ու ըմբոշխնում հայրենի իշխանությունների արտաքին քաղաքական գծի ապահովությունն ու օգտակարությունը: Բայց ահա, նույն ինքը՝ ՌԴ նախագահ Պուտինը շատ անսպասելի ամանորյա նվեր է մատուցում մերոնց. «Ռուսաստանի հարեւան երկրներում ազգամիջյան հակամարտությունները պետք է լուծվեն՝ հաշվի առնելով այդ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը»: Այդ մասին ուղիղ հեռուստառադիոեթերում, պատասխանելով Կաբարդինո-Բալկարիայի բնակիչների հարցերին, հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: Թերեւս արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի հարեւան երկրների թվին են պատկանում նույն Վրաստանն ու Ադրբեջանը: Այսինքն՝ Պուտինը, վրացիների նկատմամբ հազար ու մի քաղաքական «մուտիլովկաներ» հարուցելով հանդերձ (այդ թվում՝ որոշ հայ գործիչների հետ սերտ համագործակցությամբ), հարգում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, թեկուզեւ այն բանի համար, որ այլ կերպ վարվել չի կարող: Արձանագրենք այս հանգամանքը՝ իբրեւ վրացիներից «շահեկանորեն» տարբերվելու ուղեգծի սնանկության առհավատչյա եւ շարժվենք առաջ: Ապա նկատենք, որ ՀՀ իշխանությունների համար առավել վիրավորականն այն պետք է լինի, որ Վրաստանից բացի, Պուտինը հարգում է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ գոնե վերջին շրջանում առիթը բաց չի թողնում այդ մասին բարձրաձայն ազդարարելու: Տրամաբանական հարց է ծագում. բա ո՞ւր մնացին այդքան գովական «քիվեսթյան», «փարիզյան» կամ մնացյալ սկզբունքները, որոնցում, եթե հավատալու լինենք ՀՀ արտգործնախարարին, Ղարաբաղի կարգավիճակի մասին որեւէ վերջնական ակնարկ չկա: Բայց արի ու տես, որ Մինսկի խմբի համանախագահ եւ մեր ռազմավարական դաշնակից Վլադիմիր Վլադիմիրովիչը, պատասխանելով առաջին իսկ կաբարդինացու հեռախոսազանգին, կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եվ դա այն պարագայում, երբ ՀՀ քաղաքական դաշտից (գոնե դրա տեսանելի մակերեւույթից ) նրա հասցեին որեւէ թթու խոսք անգամ չի հնչել: Պուտինի պահվածքն, իհարկե, որեւէ քննադատության չի տրվում: Նա անում է այն, ինչը պահանջում է ՌԴ պետական շահը, եւ վերջապես՝ ինչը թելադրում է պարզագույն տրամաբանությունը: Այս պարագայում, սակայն, միանգամայն անհասկանալի (եթե չասենք՝ ծիծաղելի) է դառնում ՀՀ բազմաթիվ պետական այրերի՝ վրաց արմատականների նկատմամբ ունեցած քամահրական վերաբերմունքը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել