Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԿԱՐՈՂ ԷՐ ԹԵԼԱԴՐԵԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 20,2003 00:00

ՀՀԿ-Ն ԿԱՐՈՂ ԷՐ ԹԵԼԱԴՐԵԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ Ասում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: – Պարոն Աբրահամյան, կոալիցիոն պայմանավորվածությունների շրջանակում նշանակված նախարարները, փոխնախարարներն ու մարզպետներն արդեն անցել են փորձաշրջանի ժամկետը: Դուք, որպես նրանց աշխատանքը համակարգող նախարար, ինչպե՞ս եք գնահատում նորեկներին: Արդյո՞ք վերջիններս ունեն բավարար պատրաստվածություն: Հատկապես որ մամուլում եղան հրապարակումներ, թե նրանցից շատերն իրենց կրթությամբ ու մասնագիտական պատրաստվածությամբ չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: – Ըստ էության, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է պատասխանատվություն կրում իր ներկայացրած կադրի մասնագիտական պատրաստվածության համար. կոալիցիայի կուսակցություններն են իրենց կադրային բանկից առաջադրել համապատասխան թեկնածուների: Այսօր, սակայն, կարծում եմ, դեռ վաղ է գնահատականներ տալը թե՛ նախարարների, թե՛ փոխնախարարների եւ թե՛ մարզպետների աշխատանքին: Հունվարին մենք կլսենք նախարարների եւ մարզպետների հաշվետվությունը եւ հնարավորություն կունենանք գնահատելու անցած ամիսներին նրանցից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը: Կոալիցիայի ստեղծման հենց սկզբում պայմանավորվեցինք, որ կուսակցությունների ներկայացուցիչները, զբաղեցնելով որոշակի պաշտոններ, պետք է ետին պլան մղեն իրենց կուսակցականությունը եւ լծվեն գործադիրի ընդհանուր գործին: Ինձ համար բացարձակապես էական չէ, թե տվյալ նախարարը, փոխնախարարը կամ մարզպետն ի՞նչ կուսակցություն է ներկայացնում: Գործադիրում առաջնայինը պաշտոնյայի մասնագիտական պատրաստվածությունն է, եւ ոչ թե նրա կուսակցական պատկանելությունը: Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ գալով գործադիր եւ սեփական մաշկի վրա զգալով գործադիր աշխատանքի ողջ ծանրաբեռնվածությունը, պաշտոնյայի համար սեփական կուսակցականությունը դառնում է ոչ առաջնային: Ինչեւէ, հունվարին վարչապետի մոտ կլսենք բոլորի հաշվետվությունն ու այդ ժամանակ նրանց աշխատանքին տրված գնահատականն ավելի հստակ կլինի: – Այդուհանդերձ, կոալիցիայի անդամ երկու կուսակցությունները՝ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, իրենց հայտարարություններում եւ պոպուլիստական հաճախակի դրսեւորումներում առանձնապես չեն ձգտում գովերգել գործադիրին: Ավելին, լինելով գործադիր մաս, շատ դեպքերում բավականին ընդդիմադիր կեցվածք են դրսեւորում կառավարության գործունեության նկատմամբ: Այս պահվածքն արդյո՞ք աշխատանքային պրոբլեմներ չի ստեղծում կոալիցիայի ներսում: – Մի մոռացեք, որ կոալիցիայի կազմում են հայտնվել գաղափարական տարբեր, շատ դեպքերում հակոտնյա քաղաքական ուժեր, ուստի որոշ տարաձայնությունները բնական են: Սակայն էականն այն է, որ կառավարության գործունեության համար այդ երեք քաղաքական ուժերը ստանձնել են համատեղ պատասխանատվություն եւ պարտավոր են կրել այդ պատասխանատվությունը՝ անկախ այս կամ այն խնդրի հանդեպ ունեցած իրենց տարաձայնություններից: Եվ եթե այսօր ոմանք քննադատում են կառավարությանը, ուրեմն քննադատում են նաեւ իրենց կատարած աշխատանքը: Իսկ եթե կոալիցիայի կազմում գտնվող որեւէ քաղաքական ուժի մտքով կանցնի հայտարարել, թե ինքը պատասխանատվություն չի կրում կառավարության գործունեության համար, ապա, կարծում եմ, նմանօրինակ հայտարարություն կարող է արվել միայն այն պարագայում, երբ այդ քաղաքական ուժը դուրս կգա կոալիցիայի կազմից, ետ կկանչի իր նախարարներին, փոխնախարարներին եւ մարզպետներին: Ինչ վերաբերում է այսօր իշխանության մաս կազմող որոշ քաղաքական ուժերի երբեմնի անհարկի պոպուլիզմին, ապա Ժողովուրդը հրաշալի հասկանում է, որ նման պահվածքն ընդամենը դեմագոգիա է, եւ էժան դիվիդենդներ շահելու, ըստ իս, խիստ անհաջող փորձ: Իհարկե, կոալիցիայի ներսում քննարկումներն ու կարծիքների բախումները նաեւ անհրաժեշտ են: Կոալիցիա եւ համատեղ պատասխանատվություն չի նշանակում վերադարձ տխրահռչակ կոմունիստական հասարակարգին, երբ բոլորը բոլոր հարցերին կողմ էին միաձայն եւ անվերապահորեն: – Սակայն «Պետական գույքի մասնավորեցման 2002 թվականի գործունեության ծրագրի հաշվետությանը» ձեր երկու դաշնակիցները միաձայն դեմ քվեարկեցին: Էլ ի՞նչ համատեղ պատասխանատվության մասին կարող է խոսք լինել: – Պետք չէ մեկ օրինակի վրա հեռուն գնացող եզրակացություններ անել: Կառավարության գործունեության համար պատասխանատվություն վերցրել են բոլոր ուժերը, եւ դա հստակ ամրագրված է երեք ուժերի կողմից ստորագրված հուշագրում: Իսկ վերոնշյալ օրինակը ես ընդամենն ուզում եմ կապել անձնական ամբիցիաների հետ: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում առկա էին որոշ անձնական խնդիրներ: – Կարծիք կա, որ կոալիցիայի ներսում ամենաշահեկան վիճակում ՀՀԿ-ն է եւ ինքն է թելադրում խաղի կանոնները: – Այո, մենք իրապես կարող էինք թելադրել խաղի կանոնները, քանզի խորհրդարանական ընտրություններում մեր ստացած քվեները մեզ տալիս էին նման իրավունք եւ հնարավորություն: Հանրապետականը կարող էր նաեւ ինքնուրույն ձեւավորել կառավարություն եւ իր վրա վերցնել ողջ պատասխանատվությունը: Այդուհանդերձ, Հանրապետականը գնաց կոալիցիոն կառավարություն ձեւավորելու ճանապարհով, եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ լուծում էր: – Պարոն Աբրահամյան, Կիպրոսի Հանրապետության ՆԳ նախարարը նաեւ տարածքային կառավարման նախարարն է. այսինքն՝ երկու բարձրաստիճան պաշտոն՝ մեկում: Հայաստանի ԱԺ նախագահն այդ նախարարի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանում եւս նման նախարարություն ստեղծելու ծրագիր կա: Ի՞նչ փուլում է նման լայն լիազորություններով օժտված նախարարության ստեղծումը մեզանում: – Այո, կառավարության բարեփոխումների ծրագրի փաթեթում նման կառուցվածքային փոփոխություն նախատեսվում է: Այդ հարցը բազմիցս քննարկվել է, բոլորը սկզբունքորեն կողմ են հարցի նման լուծմանը եւ այսօր այն իրականացման փուլում է: Կարծում եմ, բավականին լավ հեռանկար է, փորձը վերցված է այլ երկրներից, որտեղ նման կառույցի օգտակար գործողության գործակիցը բավականին մեծ է: Ուստի, վստահ եմ, որ այն օգտակար կլինի նաեւ Հայաստանում: – Մամուլում նաեւ եղավ տեղեկություն, որ սուպերլիազորություններով օժտված այդ նախարարը լինելու եք դուք: – Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել