Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ

Դեկտեմբեր 20,2003 00:00

ՄԻՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, վիրահայ համայանքի առաջնորդներից մեկի՝ Վան Բայբուրդյանի համոզմամբ, դա են պահանջում նաեւ վիրահայության շահերը: – Պարոն Բայբուրդյան, լինելով անկուսակցական գործիչ, Դուք միշտ իշխանությունների կողքին եք լինում: Ինչո՞ւ: – Ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, բացառությամբ կոմունիստական կուսակցության, որի գործունեությունը Վրաստանում 1991-ին դադարեց: Ես ընտրվել եմ Վրաստանի խորհրդարանի անդամ 1999-ին՝ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի գլխավորած «Քաղաքացիների միության» համամասնական ցուցակով, բայց որպես անկուսակցական: Այդ միության քայքայումից եւ տրոհումից հետո է, որ ես միավորվեցի նախագահ Շեւարդնաձեի կողքին կանգնած «Հանուն նոր Վրաստանի» ալյանսում: Այն, որ ես չդարձա ընդդիմադիր գործիչ, իր բացատրությունն ունի: Ես չեմ կարող լինել ընդդիմադիր որեւէ ուժի կազմում, որովհետեւ ինձ համար ազգանուններ գոյություն չունեն: Ինձ համար ամենակարեւորը Վրաստանի պետականությունն է եւ Վրաստանում ապրող հայ ազգաբնակչության շահերը, որոնք պահանջում են, որ մենք միշտ լինենք իշխանությունների կողքին: Տեսեք, եթե ժամանակին՝ Գամսախուրդիայի օրոք, երբ վրաց ժողովրդի 75-78 տոկոսը քվեարկում էր նրա «Կլոր սեղանի» օգտին, երբ նրան ընտրում էին Վրաստանի նախագահ, այլ ազգերի կողմից վրաց ժողովրդի այդ մեծ խավի դեմ գնալը, ես կհամարեի հանցագործություն: – Այսինքն, ինքնապահպանման բնազդն է պահանջում, որ փոքրամասնությունները լինեն միշտ իշխանությունների կողքին: – Մենք՝ վիրահայերս, պետք է լավ քաղաքագետ լինենք ու լավ հոտառություն ունենանք, որպեսզի հասկանանք. եթե Վրաստանի 78 տոկոսն իր ձայնը տվեց «Կլոր սեղանին», իսկ հայերս՝ չտայինք եւ Գամսախուրդիան դառնար նախագահ, նա ինչպես պետք է վերաբերվեր հայ ժողովրդին: Դրա համար հայ ղեկավարները պետք է ունենան քաղաքական հոտառություն, որ իրենց ժողովրդին աշխատեն չգցել այնպիսի վիճակում, որ դա դառնա մեր հանդեպ հալածանքների պատճառ հատկապես Վրաստանում, ուր ավանդույթ է դարձել՝ եթե դու մեզ հետ չես, ուրեմն մեր դեմ ես գործելակերպը: Սա ավանդույթ է բոլոր երկրներում ապրող հայերի համար: Եթե ժողովրդավարական երկրներում են հայերն այդպես վարվում, ապա՝ մենք ոչ մի դեպքում չենք կարող այդ խաղերում ունենալ տորթի ավելի մեծ կտոր: Սա պետք է հասկանալ: – Պրն Բայբուրդյան, նոյեմբերի 2-ի ընտրությունների ժամանակ էլ, որքան հայտնի է, վրացահայերը ընտրել էին Էդ.Շեւարդնաձեին սատարող քաղաքական ուժին, բայց արդյունքում ստացվեց, որ իշխանության եկան միանգամայն այլ ուժեր: Արդյո՞ք հիմա նոր իշխանությունները ջավախքահայերի նկատմամբ քինախնդրությամբ լցված չեն: – Բացարձակապես ոչ մի քինախնդրություն չկա: Մյուս կողմից, ես չէի ասի, թե Ջավախքի կեցվածքը սխալ էր: Ընտությունների ժամանակ Ջավախքը շատ ճիշտ է իրեն պահել եւ ճիշտ ընտրություն է կատարել՝ ապացուցելով, որ ինքն անտարբեր չէ, թե ովքեր կլինեն երկրի իշխանության ղեկին: Ջավախքն իր լոյալությունը միշտ էլ ցույց է տալիս: – Ի՞նչ եք կարծում ապագա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կկարողանա տնտեսությունը դուրս բերել այս վիճակից: – Դժվարանում եմ շատ միանշանակ ասել, բայց հավատում եմ, որ այս երիտասարդները դա կկարողանան անել: Վրաստանում եւ այդ հեղափոխությունը եփողները, եւ դա կենսագործողները չափազանց տաղանդավոր ու գործունյա երիտասարդներ են: Եթե մենք ուսումնասիրենք հեղափոխությունների պատմությունն ու դրանց հետեւանքները, տեսնենք թե ովքեր են դրանք արել եւ ինչ տարիքում, կտեսնենք, որ նրանք ի վիճակի են նոր եւ հզոր պետություն ստեղծել: Սրանք առաջնորդներ են, որոնցից ամենատարիքավորները 36-39 տարեկան են: Մյուսներն ավելի երիտասարդներ են՝ 27-31 տարեկան, որ չնայած մեծ փորձ չունեն, բայց առաջին կաթսայում արդեն եփվել են: Սրանց պետք է երկրորդ կաթսան: Հիշենք, որ Շեւարդնաձեի ընտրությունն էլ կանգնել էր հենց նրանց վրա: Նա վստահել էր ոչ թե հին կադրերին, այլ բերել էր նորերին, ինչպես օրինակ՝ Զուրաբ Ժվանիան էր, որը 35 տարեկանում դարձավ խորհրդարանի նախագահ: Դա մեծ քաղաքականությունում նրա առաջին փորձառությունն էր: Այդ մարդիկ պետք է որ կարողանան տնտեսությունը ոտքի կանգնեցնել եւ ժողովրդին աղքատությունից դուրս բերել: Այսօր նրանց առջեւ ծառացած խնդիրներից մեկն էլ այն է, որ Վրաստանը հենց ներքաղաքական ոլորտում միատարր չէ. կան զվիադիստներ, շեւարդնաձեականներ, այդ իմաստով դժվար է ասել՝ ամենակարեւորը տնտեսությունը ոտքի կանգնեցնելն է, թե քաղաքացիական տարբեր խավերի միավորելը: Իմ կարծիքով, ամեն ինչ պետք է արվի, որ չստեղծվեն նոր խմբավորումներ՝ Ժվանիայի, Սահակաշվիլու եւ այլն: Սա ամենահիմնական արգելքն է տնտեսությունը զարգացնելու տեսանկյունից: Մյուս կողմից, կարեւոր է հյուսիսային հարեւանի հետ ճիշտ արտաքին քաղաքականություն վարելը: Շեւարդնաձեին դա, ցավոք, չհաջողվեց անել: Իսկ այն, որ այս երկտասարդներին դա կհաջողվի, ես համոզված եմ: Նրանց առաջին քայլերից մեկն այն եղավ, որ առանցքային պաշտոններում թողեցին Շեւարդնաձեի թիմակիցներին, եւ պետնախարարի տեղակալի պաշտոնում նշանակեցին Զվիադիստների պարագլուխներից մեկին՝ Ափսնաձեին: Սա խոսում է այն մասին, որ նրանք ուզում են միաբանել հասարակության ներսում առկա տարաբեւեռ թեւերին: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել