Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՓՈՂ ՈՒՆԵՍ…

Դեկտեմբեր 19,2003 00:00

ԵԹԵ ՓՈՂ ՈՒՆԵՍ… Լոնդոնի «Չելսիի» գործադիր տնօրեն Փոլ Սմիթը հերթական անգամ հաստատել է, որ Ռոման Աբրամովիչը պատրաստ է մեկ խաղացողի համար վճարել 100 միլիոն ֆունտ, եթե գտնի, որ այդ ֆուտբոլիստի համար արժե այդքան վճարել։ Սակայն, հասկանալի է, Աբրամովիչը նման խելագար գումարներ հենց այնպես ծախսելու մտադրություն չունի։ «Եթե այսօր Պելեն շուկա դուրս գա, մենք, հնարավոր է, կմտածենք ու նրա համար կվճարենք 100 հազար։ Բայց երբեք անգամ 30 միլիոն չենք տա ոմն միստր Ջոի համար»,- ասել է Սմիթը «Skysports.com»-ին։ «Ռոմանը բիզնեսմեն է ու բնական է, որ նա փողը քամուն չի տա։ Եթե հիմա Ռուուդ վան Նիստելբոյն արժենա 60 միլիոն եւ մենք համարենք, որ դա դրամի լավ ներդրում է, նրան կգնենք։ Իսկ տուրիստի համար փող չունենք տալու։ Այլ բան է, որ մենք կարեւորում ենք ֆուտբոլիստի որակը, որի համար փող խնայել չենք պատրաստվում»,- հայտարարել է «Չելսիի» պաշտոնական ներկայացուցիչներից մեկը։ Ամեն ինչ կարո՞ղ ես գնել Ի հաստատումն արդեն ասվածի, «Չելսին» մտադիր է գրոհ ձեռնարկել տրանսֆերի ձմեռային շուկայի վրա։ Ակումբի տնօրենի երեկ արած հայտարարության համաձայն, Աբրամովիչը ցանկանում է հարցում ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ կապված Ռուուդ վան Նիստելբոյի գնման հետ, որի համար նա պատրաստ է վճարել 85 մլն եվրո։ Սմիթն ընդգծել է, որ «Չելսիի» տերը մտադիր է առաջին հերթին ամրապնդել թիմի կենտրոնական պաշտպանի եւ կիսապաշտպանի դիրքերը։ Բայց նաեւ միշտ էլ ողջունելի է լավ հարձակվողի գալուստը։ «Եթե հոլանդացի Նիստելբոյի տրանսֆերն ստացվի, նա կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ արժեցող ֆուտբոլիստը՝ այս ցուցանիշով շրջանցելով նույնիսկ Զիդանին»,- նշում է Անգլիայի մամուլը։ Բլատթերը քննադատում է Օրերս ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատթերը սուր քննադատության է ենթարկել «միլիոնատեր» ակումբներին։ Նա բավականին խիստ ու կոշտ տոնով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այդ թիմերի «խղճուկ» վարքագծի վերաբերյալ՝ նրանց պահվածքը որակելով որպես «սոցիալական ու տնտեսական բռնաբարություն»։ «Ես, եթե ոչ խղճուկ, ապա անառողջ եմ համարում այն փաստը, որ հարուստ ակումբներն իրենց սկաուտներին «գնումների» են ուղարկում Աֆրիկա, Հարավային Ամերիկա եւ Ասիա՝ տաղանդավոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու հույսով»,- «Finansiol Times» թերթում գրել է Բլատթերը։ «Եվրոպայի առաջատար ակումբներն իրենց պահում են որպես նոր ստրկատերեր, ովքեր մոռանում են հարգանքի ու կուլտուրայի մասին՝ իրականացնելով սոցիալական եւ տնտեսական բռնաբարություն, եւ թալանում են ֆուտբոլային առումով զարգացող երկրները, տանում տաղանդավոր ֆուտբոլիստներին»,- բարձրաձայն արտահայտվել է նա։ «Մենք պատշաճ չափով զգոն չենք։ Ֆուտբոլը կարող է վերածվել ժլատների խաղի։ Ես դրան լուրջ հակադրվելու եմ»,- հայտարարել է շվեյցարացին։ Այնուհետեւ Բլատթերը շարունակել է գրոհն ավելի լայն ճակատով՝ քննադատության թիրախ դարձնելով, մասնավորապես, Անգլիան։ ՖԻՖԱ-ի նախագահն անհանգստություն է արտահայտել այն բանի համար, որ «Այդ երկրում ակումբներից շատերն անգլիական կոչվել չեն կարող, քանի որ դրանցում խաղացողների մեծ մասն արտասահմանցի է։ Լեգեոներականներն, ընդ որում, խաղում են նրանց մոտ, ով շատ է վճարում, լինի դա 30, 50, անգամ 100 հազար ֆունտ»։ ՖԻՖԱ-ի նախագահն, այդուհանդերձ, պաշտպան է կանգնել իր ղեկավարած կազմակերպությանը՝ հայտարարելով, որ ի տարբերություն միլիարդավոր ակումբների, ՖԻՖԱ-ն «շահութաբեր չէ»։ Այս ֆոնի վրա նա չի մոռացել նաեւ իր բացասական կարծիքն արտահայտել G-14 խմբի հասցեին, որը պահանջում է, որպեսզի ՖԻՖԱ-ն ակումբներին փոխհատուցում տա այն ֆուտբոլիստների համար, ովքեր հանդես են գալիս ազգային հավաքականների կազմում։ Բլատթերն այս առիթով ասել է, թե G-14-ը պաշտոնապես ճանաչված կազմակերպություն չէ։ Ըստ նրա, ՖԻՖԱ-ն չի ապրում իր հովանու ներքո անցկացվող աշխարհի առաջնության, միջազգային այլ մրցաշարերի եկամուտներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել