Լրահոս
Օրվա լրահոսը

«Կգան նոր ժամանակներ»

Դեկտեմբեր 19,2003 00:00

«Կգան նոր ժամանակներ» Հույս է հայտնում կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը Դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի կանադահայ ճանաչված դիրիժոր Նուրհան Արմանը։ Համերգը «21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում է։ Ստամբուլում ծնված դիրիժորը նշեց, որ այլ կերպ կդասավորվեր իր՝ երաժշտի կյանքը, եթե 1971-ին իրեն չշնորհվեր Դիսնեյի հիմնադրամի կրթաթոշակ եւ չհայտնվեր ԱՄՆ-ում՝ ուսումը շարունակելու։ «Թեեւ Թուրքիայում՝ Պոլսում, առաջին սիմֆոնիկ նվագախումբը 1940-ականների սկզբին հիմնել էր մեծատաղանդ հայ երաժիշտ Վահրամ Մյուհենդիզյանը, ու թուրքերը գնահատում են հայ երաժիշտների ներդրումը դասական արվեստում, այնուամենայնիվ, դարավոր թշնամանքը խոսում է նաեւ երաժշտարվեստում»,- խոստովանեց Ն. Արմանը։ Աշխարհի տարբեր հեղինակավոր նվագախմբեր (Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում, Ռուսաստանում եւ այլուր) ղեկավարած դիրիժորը գտնում է, որ վերջին ավելի քան տասը տարիներին հնարավոր չէ գտնել գոնե մեկ սիմֆոնիկ նվագախումբ, որը ներկայացնի տվյալ ազգի, երկրի երաժիշտներին։ Այդ առումով, հավատացնում եմ, Հայաստանի ֆիլհարմոնիկը բացառություն է։ «Հոկտեմբեր ամսին հրավիրված էի Ֆրանկֆուրտ՝ «Դոյչե կամերնիյ» հայտնի նվագախումբը ղեկավարելու։ Ցավոք, խմբում ընդամենը մի քանի գերմանացի երաժիշտներ էին մնացել։ Սա այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, թե ինչպիսի ազգայնամոլությամբ են տառապում գերմանացիները։ Տեսնելով գերմանական նվագախմբերի քայքայումը, Լայպցիգի աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախմբի մաեստրոն՝ Քուրթ Մազուրը դեպրեսիայի մեջ ընկավ։ Նմանատիպ գործընթաց կա աշխարհի բոլոր նվագախմբերում»,- փաստեց դիրիժորը։ Նա համոզված է, որ թեեւ այսօրվա նվագախմբերը զինված են շնորհալի երաժիշտներով, այնուհանդերձ, ազգի դասական արվեստը պետք է ներկայացնի տվյալ ազգի երաժիշտներից կազմված նվագախումբը։ Ն. Արմանը նկատեց նաեւ, որ, ի տարբերություն Հայաստանի, ամերիկյան որոշ մեծ քաղաքներ էլ սիմֆոնիկ նվագախումբ չունեն, էլ չենք խոսում, որ փոքր քաղաքներում երաժշտական կյանք չկա։ «Այսօր Երեւանում աշխատում է սիմֆոնիկ նվագախումբ։ Շատ կուզենայի, որ սիմֆոնիկ երաժիշտները ստիպված երկրորդ, երրորդ աշխատատեղ չունենային՝ օրվա հաց վաստակելու համար»,- ցանկություն հայտնեց դիրիժորը։ «Առավոտի» հարցին՝ տեղյա՞կ եք, թե հայաստանցի երաժիշտները աշխարհի հատկապես որ սիմֆոնիկ նվագախմբերում են գերակշռում, Ն. Արմանը պատասխանեց. «Միանշանակ բոլոր նվագախմբերում, սկսած Ռուսաստանից, վերջացրած Ամերիկայով»։ Այդ փաստի համար դիրիժորը եւ ուրախ է, եւ տխուր։ Ուրախ է, որովհետեւ աշխարհը գնահատում է Հայաստանում ուսում ստացած երաժշտին, տխուր է, որ վերջիններս հաց վաստակելու նպատակով մեկնում են արտերկիր։ Ն. Արմանը հույս հայտնեց, որ առաջիկայում կգան նոր ժամանակներ եւ «պետությունը ավելի լավ աչքով կնայի սեփական նվագախմբերին»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել