ԲԱՆԱԿԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԵՆ Հարցազրույց պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ – Արդեն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը երբվանի՞ց է գործելու։ Բանակը եւ պաշտպանության համակարգը, անշուշտ, նախապատրաստվելու կարիք ունեն։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։ – Ես առիթ եմ ունեցել ներկայացնել այլընտրանքային ծառայության հետ կապված մեր խնդիրները եւ շեշտել եմ պաշտպանության նախարարի մի հրամանի մասին, որն արդեն մեկ տարուց ավելի գործում է մեր զինված ուժերում։ Այդ հրամանով մենք կարգավորել ենք այն ծառայողների ծառայության ձեւը, որոնք երդման ժամանակ, պարզվում է, ընտրել են ծառայության մի ձեւ, որը կապված չէ զենք կրելու հետ։ Երկար կշռադատելուց հետո եկանք այն եզրակացության, որ անիմաստ է նրանց դեմ պայքարել քրեական գործ հարուցելու մեթոդով եւ արդեն մեկ տարի է այդ հարցը կանոնակարգված է այնպես, որ մեր քաղաքացիները չհայտնվեն բանտերում։ Հիմա, երբ օրենքն ընդունվել է, կարգավորված են բոլոր խնդիրները բանակում առանց զենքի ծառայողների մասով, իսկ աշխատանքային, այլընտրանքային ծառայության հետ կապված շատ հարցեր կան։ Դեռ կառավարությունն իր խոսքը պետք է ասի, մասնավորապես՝ ինչպիսի՞ աշխատանքային այլընտրանքային ծառայություն պետք է կազմակերպել, որտե՞ղ եւ ի՞նչ ձեւով։ Այս հարցերի պատասխանները ճշգրտելու համար է, որ մենք խնդրել ենք օրենքը ուժի մեջ դնել 2004-ի հուլիսի 1-ից եւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը կառավարությունը հնարավորություն ունենա, եթե հարկ կա, օրենսդրական համապատասխան փաթեթ ներկայացնել ԱԺ։ Արդեն սեպտեմբերից զորակոչային հանձնաժողովը պետք է պատրաստ լինի այլընտրանքային ծառայության դիմումներ ընդունել։ Ունենք նաեւ հետեւյալ մոտեցումը՝ այլընտրանքային ծառայությունը կարելի է կազմակերպել արտակարգ իրավիճակների վարչությունում։ Գուցե դա խթան հանդիսանա պահեստազորում ունենալ բավարար քանակությամբ հայ երիտասարդներ, որոնց հնարավորություն կունենանք արտակարգ իրավիճակներում զորակոչելու։ Օրենքը իհարկե բխում է Եվրախորհրդի պահանջներից, բայց մեր մոտեցումը եղել է այն, որ օրենքը կիրառվի ի նպաստ մեր երկրի անվտանգության։ – Օրերս ընդունվեց օրենք դասալիքների մասով, որոնք կարող են այլեւս որոշակի գումարի դեպքում ամբողջապես ազատվել զինծառայությունից։ Ի՞նչ նպատակով է ծախսվելու դասալիքներից գանձվելիք գումարը՝ սպառազինությունների՞, թե՞ բանակի այլ կարիքների համար։ – Մեր մոտեցումը եղել է հետեւյալը՝ ուղղակի հնարավորություն տալ այդ քաղաքացիներին վերադառնալ Հայաստան։ Որովհետեւ այդ քաղաքացիներն ի վերջո արդեն ամուսնացել են, ունեն երեխաներ, ունեն տղա երեխաներ, որոնք արդեն 7-8 տարեկան են եւ 10 տարի հետո արդեն զորակոչի տարիքի են լինելու։ Հիմնական նպատակը նրանց վերադարձն էր։ Եվ բարոյական չէր լինի, որ նրանք հենց այնպես վերադառնային։ Եռաբլուրում ունենք երեք հազարից ավելի զոհված տղաներ, ԼՂՀ-ում՝ 5 հազարից ավելի։ Եվ մեր մոտեցումն այն էր, որ ծառայությունից խուսափածները որոշակի հատուցում տային։ Իսկ հատուցման չափը մեկ զորակոչի համար սահմանված է 100 հազար դրամ։ Եթե մարդու 27 տարին լրացել է, ուրեմն նա խուսափել է արդեն 18 զորակոչ։ Այսինքն՝ պետք է հատուցի մեկ միլիոն 800 հազար դրամին համարժեք դոլար կամ եվրո, որը կուղղվի պաշտպանության կարիքներին։ Մենք գտնում ենք, որ այդ գումարները պետք է ուղղվեն միմիայն պայմանագրային զինծառայության խրախուսմանը։ Ի վերջո, մենք ստիպված ենք կամաց-կամաց սահմանել այնպիսի պաշտոններ, որոնք կարելի է համալրել պայմանագրային զինծառայողներով։ Այսօր արդեն կապավորների պաշտոնների մեծ մասը համալրված է պայմանագրային զինծառայողներով, մարտական հերթապահություններում ընդգրկված են պայմանագրային զինծառայողներ։ Պայմանագրային զինծառայողներով ձեւավորվել է խաղաղապահ գումարտակ։ Մենք գտնում ենք, որ այդ գումարները պետք է ծախսվեն թափանցիկ եւ ուղղված լինեն պայմանագրային զինծառայության պայմանները բարելավելուն։ – Վրաստանում կատարված փոփոխությունները որքանո՞վ են առիթ տալիս մեր սահմանների պահպանման ուժեղացմանը, արդյոք արտառոց միջոցառումներ իրականացվե՞լ են սահմանների պահպանման համար։ – Միանշանակ ասեմ՝ ոչ։ Իհարկե, մենք որոշակի գործողություններ արել ենք ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելու եւ այլնի համար։ Մենք շատ ենք ցանկանում ունենալ կայուն հարեւան, սա մեզ համար խիստ կարեւոր է։ Փառք Աստծո, որ ամեն ինչ խաղաղ ավարտվեց եւ այսօր Վրաստանը պատրաստվում է նախագահական ընտրություններին։ Կայուն Վրաստանը միայն կնպաստի մեր երկու երկրների զինված ուժերի հետագա համագործակցությանը։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ