Հերթական քողազերծված տարբերա՞կ Այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկին անդրադարձել է ադրբեջանական «Զերկալոն»՝ իր 18.12. 03թ. համարում: Այդ տարբերակի վերաբերյալ իր «պեղումների» մասին ներկայացնում է թերթի մեկնաբան Ա.Ռաշիդօղլին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած հերթական այցից հետո, վերջիններս հանդես եկան մի շատ հետաքրքիր հայտարարությամբ, որին քչերն ուշադրություն դարձրին, թեեւ հատկապես այդտեղ էր «թաղված շան գլուխը» եւ, որը քողազերծում էր համակամարտության կարգավորման «նոր գաղափարների» մասին համանախագահների գաղտնիքը: Համանախագահները նշեցին, որ այս փուլում նրանք աշխատում են հրաժարվել շտամպներից եւ փորձում են համատեղել հակամարտության կարգավորման «Փուլային» եւ «Փաթեթային» տարբերակները: Տողերիս հեղինակին հաջողվեց դիվանագիտական տեղեկացված աղբյուրներից պարզել հետեւյալը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեծ համաձայնագրի միջնորդների առաջարկած տարբերակը, որն, ըստ էության, կարելի է համարել «միջանկյալ», այսպես ասած, երկու հիմք ունեցող: Առաջին. Հայաստանն ազատում է չորս շրջաններ հարավային ուղղությամբ, դրանով իսկ պայմաններ ստեղծելով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, իսկ, ըստ էության, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների հաստատման համար: Սկզբունքորեն, նմանատիպ գաղափար տարի ու կես առաջ առաջարկել էր հենց Հեյդար Ալիեւը, բայց այն մերժվել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից: Երկրորդ. հակամարտող կողմերի զորքերը ետ են քաշվում իրենց կողմից վերահսկվող տարածքների խորք: Դրանց փոխարեն «բաժանարար գոտիում» տեղակայվում են միջազգային խաղաղապահ ուժեր, ինչը միանգամայն բացառում է հակամարտության գոտում ռազմական գործողությունների «պատահական» վերսկսումը: Երրորդ. քաղաքական մեծ համաձայնագիրը ներառում է նաեւ հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակի տարրեր: Այդ իմաստով առաջին հերթին որոշակիացվում են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի ընդհանուր պարամետրերը եւ այդ վիճելի հարցով մանրակրկիտ համաձայնագիր կնքելու մոտավոր ժամկետները: Զավթված մնացած տարածքների ազատագրման, Շուշիի ու Լաչինի ապագա կարգավիճակի հարցը կախված կմնա հիմնական վիճելի հարցի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ համապարփակ համաձայնագիր կնքելուց: Ահա թե ինչու դժվար է չհամաձայնել արտգործնախարար Վ.Գուլիեւի հետ, երբ նա ասում է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս տարբերակը դժվար թե կարելի է արդարացի համարել: Այս տարբերակն, ինչպես բոլոր նախկինները, «նկատի են առնում գոյություն ունեցող իրողությունները», որոնք հաստատապես չեն համապատասխանում Ադրբեջանի շահերին»: Սեփ. լր.