Վրաստանում բախվեցին աշխարհաքաղաքական շահեր ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ, Վրաստանում երկու գերտերություններ «մահվան գոտեմարտ» մղեցին: Երեկ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքական ամենատարբեր սպեկտորի գործիչներ եւս մեկ անգամ առիթ ունեցան անդրադառնալու Հարավային Կովկասի հիմնախնդիրներին, բայց այս անգամ արդեն նոր իրողությունների համատեքստում: Իհարկե, նոր իրողությունը մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին Վրաստանում, արդեն տեղի ունեցած իշխանափոխությունն էր, նաեւ ՌԴ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որին սեմինարի մասնակիցները միայն հպանցիկ անդրադարձան, դրանք որակելով «լուրջ եւ վտանգավոր փոփոխություններ»՝ նկատի ունենալով ՌԴ Պետդումայում մեծամասնություն կազմող իշխանական ուժերի նոր եւ ընդգծված հավակնությունները, մասնավորապես, մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ավելի մեծ դերակատարում ունենալու իմաստով: Սեմինարի համազեկուցող վրաց քաղաքական անկախ փորձագետ Իվլիան Խաինդրավան՝ գնահատելով իր երկրում տեղի ունեցած եւ պատկերավոր անվանումով հայտնի «վարդերի հեղափոխությունը», նկատեց, որ մինչեւ նոյեմբերի 23-ը Վրաստանում ոչ ոք, այդ թվում՝ նաեւ իշխանության եկած ուժերը, ոչ միայն չէին կարող կանխատեսել, որ երկրում կարող է իշխանափոխություն լինել, կամ, որ իրենք գալու են իշխանության, այլեւ՝ դրան պատրաստ չէին: Զեկուցողը միաժամանակ շեշտեց, որ անկախ այն բանից, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն երկրում, կատարված իշխանափոխությունը միանշանակ դրական քայլ է, որովհետեւ՝ «դրանով մենք դուրս եկանք այն ճահճից, որը ձեւավորվել էր տարիների ընթացքում եւ, որը կյանքի նշույլներ անգամ ցույց չէր տալիս»: Իբրեւ իշխանափոխության պատճառ փորձագետը շեշտեց նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումը, որի նպատակն էր Էդ.Շեւարդնաձեին սատարող մեծամասնության հենքի վրա ապահովել վերջինիս վերընտրությունը նաեւ 2005-ին: Ի.Խաինդրավայի մատուցմամբ, վրաց ժողովուրդը իշխանափոխության գնաց ոչ թե իր սոցիալական ծանր վիճակի, այլ՝ իր ընտրության իրավունքի ոտնահարումը թույլ չտալու համար. «Ժողովուրդն իր վրա վերցրեց այն որոշակի գործառույթները, որին նա կոչված էր, բայց որը երկար տարիներ չէր կարողացել իրացնել»: Ու եթե խոսքը գնում է վրացական հեղափոխության մասին, ապա, թերեւս, անհնարին էր, որ առիթը բաց թողնվեր եւ վրացական ու հայկական ընդդիմությունների միջեւ զուգահեռներ չանցկացվեր: Այդ համատեքստում Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքների, ընդդիմության քայլերի միջեւ էական տարբերությունը, որի հետ համամիտ էին ինչպես սեմինարի հայ մասնակիցները, այնպես էլ պրն. Խաինդրավան, համարվեց այն, որ վրացական ընդդիմությունն իր հարյուրհազարանոց հանրահավաքներում երբեք սոցիալական հարցեր չարծարծեց, թեեւ այդ իմաստով վրացիներն ավելի ծանր վիճակում են: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը սրա հետ համամիտ էր. «Վրաստանում ի սկզբանե դրված էր ոչ թե իշխանափոխության, այլ՝ ժողովրդավարական արժեքների՝ ընտրելու իրավունքի խնդիր, որը Հայաստանում վաղուց արդեն սպանված է»: Մյուս կողմից՝ Պ.Հայրիկյանի ասելով, «Վրաստանում իշխանություններն այն «բեսպրեդելին» չէին հասել, ինչպես Հայաստանում էր: Ուր էր, թե մեզ մոտ լինեին այն խախտումները, որոնք եղան Վրաստանում: Երրորդ. Վրաստանում Աբխազիան չկատարեց այն դերը, ինչ Հայաստանում՝ Արցախը: Աբխազիան չկարողացավ փչացնել Վրաստանը, իսկ Արցախը Հայաստանը փչացրեց»: ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ, Վրաստանը նոյեմբերին արեց այն, ինչ Հայաստանն արել էր դեռ 90-ին, երբ իշխանության եկան որակապես նոր քաղաքական ուժեր: «Բայց այն ժամանակ աշխարհաքաղաքական իրողություններն էին միանգամայն այլ, քան այսօր: Եվ հենց դա է ամենահիմնական տարբերությունը Հայաստանում եւ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունների միջեւ»,- արձանագրեց Խ.Հարությունյանը: Ըստ նրա, ի տարբերություն 1990-ի, այսօր երկու գերտերությունների՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը մեր տարածաշրջանում ավելի քան հստակեցված է՝ նրանց դերաբաշխման իմաստով, եւ Վրաստանում տեղի ունեցածը նա պայմանավորեց նաեւ այդ խնդիրների լուծմամբ: Վրաստանը, ՀՔԴՄ նախագահի մատուցմամբ, այն երկիրն էր, որտեղ բախվեցին այդ գերտերությունների շահերը եւ դա վերածվեց «մահացու գոյամարտի»: Նա պատահական չհամարեց նաեւ այն, որ ԱՄՆ-ը Վրաստանում զիջեց միայն այն, որ այդ գոյամարտը հօգուտ ԱՄՆ-ի հանգուցալուծվեց ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովի՝ Վրաստան կատարած այցով: Խ.Հարությունյանի դիտարկմամբ, այն, ինչ ՌԴ-ին չհաջողվեց անել Վրաստանում՝ հավասարակշռվելու է տարածաշրջանի մյուս երկրների հաշվին: Վերջինս եզրակացրեց, թե իրականությունը Վրաստանում դառն է լինելու, որովհետեւ այն խնդիրները, որոնք իրենց առջեւ դրել են այդ երկրի նոր իշխանությունները, նրանք բավարարել՝ օբյեկտիվորեն չեն կարող: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ