ՔԱՆԻ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ ԱՌՋԵՎԻՑ ՔԱՅԼՈՂ Վերջին մեկ ամսվա ընթացքում ամենուր ծանոթ-անծանոթից նույն զարմացած հարցն եմ լսել, թե էս ի՞նչ եղավ, էս վրացիների չա՞փ էլ չկանք: Հարցնում են հուսահատ, թեւաթափ. այնքան հուսահատ, որ ուզում ես սփոփել, հուսադրել՝ ասելով, որ չէ, ի՞նչ եք ասում, կա՛նք, վրացիների չափ կանք, ուղղակի հասկանո՞ւմ եք, հանգամանքները… Բայց ակնհայտ է, որ չկանք ու հույս էլ չկա, որ կլինենք: Դեռ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության պատմությունից սկսած էր պարզ, որ չկանք: Ի՞նչ արեցին նրանք իրենց ազատ հեռուստաընկերությունը պաշտպանելիս՝ իրենց ընդդիմության գլխավորությամբ, եւ ի՞նչ արեցինք մենք ու մեր ընդդիմությունը մեր «Ա1+»-ի համար: Մենք հեռուստաընկերությունը պաշտպանելու համար լցվեցինք տարիներով դատարկ մնացած Ազատության հրապարակ՝ հարթակ ելնելու հնարավորություն ընձեռելով մեր ընդդիմությանը: Նրանք իրենց ելույթներում խոստացան պաշտպանել «Ա1+»-ին եւ, «Ա1+»-ի գործն «Ա1+»-ին թողնելով՝ հեռացան հրապարակից. գրասենյակներ տեղափոխելով իրենց մեծամտությունն ու սնանկությունը: Քաղաքականությունը նույնպես մասնագիտություն է, որը հարկավոր է սովորել եւ պրակտիկ փորձ ձեռք բերել տարիներ շարունակ դրան մասնակցելով: Իսկ մեր քաղաքական գործիչները բավարար են համարում իրենց ազգանուններն ու փողը, եւ ընդդիմություն են դառնում ոչ թե գաղափարական հակասությունների հետեւանքով, այլ առաջնորդվելով անձնական վրեժխնդրությամբ եւ վիրավորվածությամբ. այն էլ, երբ թիվ 1 իշխանավորը նրանց դուրս է անում զբաղեցրած պաշտոններից: Իսկ մինչ այդ, մի կողմ դրած վրեժխնդրությունն ու գաղափարականությունը, նրանք իրենց, որպես կանոն, պետականամետ են հայտարարում, թաքցնելով այդ տերմինի ներքո իրենց անսկզբունքայնությունը: Գաղափարական հակասությունների բացակայությունն է պատճառը, որ ընդդիմադիրների եւ իշխանավորների ելույթներն այդքան նման են իրար: Նրանք ճյուղ են տվել ընդհանուր արմատից: Նրանց հակասությունները ծագել են 1998-ին խլած ավարը (իշխանությունը) կիսելուց: Միշտ էլ ավարը կիսելիս լինում են հակասություններ եւ կռիվներ: Եվ ահա, այս բարեմասնություններով օժտված գործիչները մարդկանց հանում են հրապարակ եւ ամենավճռական պահին կոչ անում ցրվել տները: Եվ ահա, այս բարեմասնություններով օժտված գործիչներն ամիսներ շարունակ մտնում են մարդկանց տները, քարոզում, խնդրում քվեարկել իրենց օգտին՝ խոստանալով տեր կանգնել ստացած ձայներին եւ տեր չեն կանգնում: Այս բարեմասնություններով օժտված գործիչները ֆիլմեր են նկարում իրենց մասին, որտեղ անպայման լինում են իրենց վերարկուների քղանցքները համբուրելու համար ցեխի մեջ ծնկի իջած տարեց կանանց պատկերող կադրեր: Այս բարեմասնություններով օժտված գործիչները նստացույցեր են կազմակերպում, որտեղ չեն լինում իրենք եւ ո՛չ մի վայրկյան՝ համարելով դա հասարակ մահկանացուներին վայել գործ, իսկ իրենք «ղեկավարում» են գրասենյակներից՝ տաք թեյ խմելով եւ լուսամուտից նայելով դրսում տեղացող անձրեւին: Այս բարեմասնություններով օժտված գործիչները խորիմաստ հայացքով հայտարարում են՝ իբր իրենք որեւէ մեկին չեն խանգարում եւ ով գիտի պայքարի ճիշտ ձեւը՝ թող գա, չհասկանալով, որ քանի դեռ ինքը (իրենք) հարթակում են իրենց միֆերով ու լեգենդներով՝ ուրիշի համար այնտեղ տեղ չկա: Ուրիշի տեղը զբաղեցված է հենց այդ գործիչներով, որոնք ձեւը չգիտեն, բայց բոլորին շատ հասկանալի հանգամանքների բերումով կանգնած են հարթակին: Այս բարեմասնություններով օժտված գործիչները պարտությունից-պարտություն, ստից-սուտ, հիասթափությունից-հիասթափություն տանելով մեր ժողովրդին՝ վերածում են աշխարհից հիասթափված ու միայն սեփական խնդիրներով տարված գլխիկոր ամբոխի: Հետո էլ զարմանում ենք ու հարցնում. «Մենք վրացիների չափ էլ չկա՞նք»: Իհարկե՛ չկանք եւ չենք էլ լինի, քանի դեռ չունենք առջեւից քայլող: Քանի որ առջեւից քայլողն առջեւում է մինչեւ ամենափոքր վտանգը: Քանի որ առջեւից քայլողը չսպանված արջի մորթին ոչ թե կիսում, այլ ամբողջությամբ իրենն է համարում եւ պատասխանատու չի համարում իրեն եւ ո՛չ մի բանի համար: Բոլորը նրան են պարտական: Նա անպայման ուշացած է գալիս հանրահավաքի, որ հպարտորեն մի 100 քայլ անի ճեղքված ամբոխի միջով: Եվ հարյուրերորդ քայլում նրան սկուտեղի վրա պետք է մատուցվի հաղթանակը, բայց որպես կանոն, այդպես չի լինում եւ մենք, իհարկե, այսօր վրացիների չափ չկանք: ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ