Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՑԻԼԼԱՅԻ ԵՎ ԽԱՐԻԲԴԱՅԻ ՄԻՋԵՎ

Դեկտեմբեր 19,2003 00:00

ՍՑԻԼԼԱՅԻ ԵՎ ԽԱՐԻԲԴԱՅԻ ՄԻՋԵՎ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի առաջին ասուլիսի մի զգալի մասը նվիրված էր «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի խնդրին: «Նոյյան տապանի» թղթակցի խնդրանքով գնահատելով Հայաստանում խոսքի ազատության վիճակը՝ Վլադիմիր Պրյախինը վկայակոչեց «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության զեկույցը, որտեղ Հայաստանը 160 երկրների մեջ տեղ է գրավում 7-րդ տասնյակում. «Սա վատ ցուցանիշ չէ»: Հիշեցնենք, որ «Freedom house»-ն էլ 2002-ին Հայաստանը ճանաչել էր «ոչ ազատ» մամուլ ունեցող երկիր: Սակայն պրն Պրյախինը պնդեց, թե իր զրույցներից չի ստացել տպավորություն, որ «կան բաներ, որոնց մասին ընդհանրապես չի կարելի խոսել Հայաստանում: Մամուլում կա ժողովրդավարություն, իր տեղն ունի նաեւ քննադատությունը: Ընդհանուր առմամբ՝ իրականացվում է խոսքի ազատությունը»: Այս դրական գնահատականի հետ միասին՝ դեսպանը նշեց, թե իրենց համար կան որոշ մտահոգիչ երեւույթներ. «Որպես օրինակ կարող եմ նշել, որ ԵԱՀԿ գործող նախագահը՝ Նիդեռլանդների արտգործնախարարը, հոկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում ուղղակի է նշել, թե միջազգային հանրությունը մտահոգված է, որ որոշ հեռուստաալիքներ կապուղիներ չեն ստանում հեռարձակման համար եւ անվանապես նշեց այդ ալիքները»: Ընդմիջենք պրն Պրյախինին՝ նշելու համար, որ ե՛ւ պաշտոնական հաղորդագրություններում չի հիշատակվել զրույցի այս մանրամասնի մասին, ե՛ւ արտասահմանյան այցերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող «պատասխանատու» լրատվամիջոցներն են համերաշխ լռություն պահպանել այդ թեմայով. «Հայկական կողմի արձագանքը դրան ե՛ւ այդ ժամանակ, ե՛ւ ավելի ուշ (ինքս էլ եմ այդ թեմայով բազմիցս զրուցել Հայաստանի իշխանությունների հետ) այն էր, թե միակ հնարավորը հետեւյալն է՝ եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս՝ դիտորդներ ուղարկեք եւ իրականացրեք միջազգային դիտարկում, բայց միայն անկողմնակալ դիտարկում եւ տեսեք, թե արդյոք այդպե՞ս է, Հայաստանը ոտնահարո՞ւմ է խոսքի ազատությունը»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ԵԱՀԿ գրասենյակն այժմ իրականացնելո՞ւ է դիտարկում, մանավանդ որ՝ կապուղիների առաջիկա մրցույթը դիտարկման ներքո անցկացնելու վերաբերյալ համաձայնություն էր եղել եվրոպական կառույցների եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Առաջ անցնելով նշենք, որ ասուլիսից հետո պրն դեսպանի հետ զրույցից պարզեցինք, որ դիտարկում, այո՛, լինելու է: Բայց… մյուս տարի, երբ արդեն ավարտված կլինի հնարավոր վերջին մրցույթը: Բացի այդ՝ դիտարկման նյութը ոչ թե կոնկրետ «Ա1+»-ն է լինելու, այլ ընդհանրապես Հայաստանի ԶԼՄ-ների վիճակը: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 24-ին մրցույթային փաթեթների քննարկմանը. պրն Պրյախինն ասուլիսում ասաց, թե Երեւան է եկել հոկտեմբերի 19-ին եւ այդ օրվանից մշտապես իր աշխատանքային օրը սկսում է նրանով, որ հետեւում է, թե ինչպես է ընթանում այս մրցույթը: Դրան առնչվող հարցերը քննարկում է ե՛ւ Գրիգոր Ամալյանի, ե՛ւ Մեսրոպ Մովսեսյանի հետ: «Այս խնդիրն այդքան էլ պարզ չէ,- նկատեց ԵԱՀԿ դեսպանը:- Մենք կարող ենք աջակցել «Ա1+»-ին, որ այն կապուղի ստանա, հաղթի մրցույթում: Բայց մրցույթի սկզբունքն այն է, որ ինչ-որ այլ մեկը կպարտվի եւ ի՞նչ երաշխիք կա, որ նա, ով կպարտվի դեկտեմբերի 24-ին՝ չի դիմի մեզ եւ չի ասի, որ իրեն հաճախականությունից զրկել են այն պատճառով, որ իր քաղաքական դիրքորոշումներն անընդունելի են իշխանության համար»: Շա՜տ հետաքրքիր կլինի, եթե նման հայտարարություն անի դաշնակցականներով համալրված «Երկիր Մեդիան»: Առավե՜լ հետաքրքիր կլինի, եթե նման հայտարարություն անի «Ավետիսը», որն ընդհանրապես չի խառնվում քաղաքականությանը եւ զբաղվում է միայն ավետարանչական քարոզչությամբ: Ի դեպ, անգամ մրցույթում պարտվելուց հետո էլ, ի տարբերություն «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի՝ «Ավետիսը» կարողանում է հեշտուհանգիստ վերադառնալ եթեր: Ասուլիսում մի գնահատական հնչեց, որ առնվազն տարօրինակ էր՝ ՀՀ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցները հաշվի առնելով. ըստ ԵԱՀԿ առաջին ռուս դեսպանի՝ 2003-ին Հայաստանը մեծ քայլ կատարեց ժողովրդավարության զարգացման ճանապարհին. «Հայաստանի հասարակությունն անցավ անիշխանության Սցիլլայի եւ կոշտ ավտորիտարիզմի Խարիբդայի միջով եւ կարողացավ պահպանել ամուր, կայուն եւ ազգային պետությունը»: Մեջբերենք նաեւ պրն Պրյախինի գնահատականը «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխությանը, որով որոշ հանցատեսակների համար սահմանվում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի: Գնահատականը բացասական էր՝ ըստ դեսպանի, այդ փոփոխությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը վավերացրել է Հայաստանը. «Բայց ինչպես մեզ ասացին՝ զգայական լարումների մթնոլորտում մոռացան այն մասին, թե ինչու ընդունեցին այդ փոփոխությունները, քանի որ դրանք փաստացի չեն վերաբերելու այն մարդկանց, որոնց դեմ հուսով էին, որ կկիրառվեն դրանք: Մենք այս թեմայով զրույցներ ենք ունեցել ԱԺ-ում: Եվ տպավորություն ենք ստացել, որ դա բնավ վերջնական որոշում չէ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել