Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

Դեկտեմբեր 18,2003 00:00

«ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» Ասում է նկարիչ Շմավոն Շմավոնյանը 2004-ին նա պատրաստվում է մեծ ցուցահանդեսներով ներկայանալ ոչ միայն հայաստանցի, այլեւ ամերիկացի արվեստասերներին։ Շ. Շմավոնյանի նկարները «բաժանված» չեն շարքերի, որովհետեւ, հեղինակի կարծիքով, յուրաքանչյուր նկար նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Ի տարբերություն իր վրձնակիցների, Շ. Շմավոնյանը չի սիրում իր նկարները կուտակել, պահել։ Դրանք կամ նվիրում է, կամ վաճառում. «Կարեւորը, որ գործերդ հուսալի ձեռքերում լինեն, քո ստեղծած բարին էլ ճանապարհվի մարդկանց մոտ։ Ճիշտ չէ նկարները մարդկանց աչքից հեռու անկյունում պահելը»։ Շ. Շմավոնյանը շատ է շրջագայել, ցուցադրվել Բեյրութում, Քուվեյթում, Ստամբուլում, ԱՄՆ- ում, Կանադայում, եվրոպական երկրներում։ Հատկապես տպավորվել է 2000թ. ԱՄՆ-ում բացված նրա ցուցահանդեսը։ Նկարները ցուցադրվել են «Գլենդել մեմորիալ հոսփիթալի» (մեծ հիվանդանոց է) բժիշկներից մեկի՝ Ջակ Յուրեջյանի այգում, որին հետեւել է մեծ բարեգործական ակցիա՝ ի պաշտպանություն քաղցկեղով հիվանդների։ Ներկայումս նրա լավագույն աշխատանքներից մեկը՝ «Հույս» վերնագրով, կախված է վերոնշյալ հիվանդանոցում։ Շմավոն Շմավոնյանը շարունակում է մնալ Հայաստանի նկարիչների միության անդամ, թեեւ գտնում է, որ անդամակցությունը իրեն համարյա ոչինչ չի տալիս։ «Այ, խորհրդային տարիներին ուրիշ էր Նկարիչների միության անդամ լինելը։ Այսօր ամեն ինչ փոխվել է։ Լավ կլիներ, որ միությունը հոգեւոր կենտրոն լիներ»,- կարծում է նկարիչը։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել