Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Նոյը

Դեկտեմբեր 18,2003 00:00

Ինչպես Նոյը Մեկ տարի՝ առանց Հրանտ Մաթեւոսյանի Անցյալ դարի հայ գրականության բախտն ուղղակի բերել է: Անցյալ դարի հայ գրականության ընթերցողները ուղղակի երես առած երեխաներ են՝ 21-րդ դարի հայ գրականության ընթերցողների համեմատ: Որովհետեւ նրանք ունեին պոեզիա, արձակ, քննադատություն՝ ժամանակի աղտ-աղարտի հետ մաքրված ոսկիով, սրանք ունեն նվնվոց ու թնկթնկոց: Նրանք ունեին իդեալ ու չափանիշ, սրանք լավագույնը, որ կարող են՝ հայտարարում են որոնում: Անցյալ դարի հայ գրականության բախտն ուղղակի բերել է. դարակեսին գրականություն մտավ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ: 21-րդ դարի հայ գրականության բախտը շարունակում է բերել՝ անցյալ դարում ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ է ունեցել, այսինքն՝ հետահայացով դատարկության չի բախվելու: Իր անցյալում ունի արժեքների համակարգ, ունի չափանիշի չափանիշ եւ ունի պատմություն, որ կարող է բացսիրտ ու պարզերես աշխարհին պարզել: Հրանտ Մաթեւոսյանի արձակով հայ գրականություն մտավ հայ մարդը՝ գրականության մեջ հայտնվեց ՀԵՐՈՍ, որ առաջին հայացքից ոչինչ հերոսական չուներ, բայց ապրող-շնչող-կենդանի մարդ էր, որ գրականությանը կենդանություն էր հաղորդում, գրականությունը դարձնում էր այն հեռանկարը, դեպի ուր պիտի շարժվեր իր կողքին ապրող մարդը, այսինքն՝ ստեղծում էր ԻԴԵԱԼ: Հազարավոր էջեր են լրացրել ժամանակի քննադատ-լրագրող-պաշտոնատարները պատասխանելով ըստ էության հնարովի հարցին, թե ի՞նչ գրականություն է ստեղծվում՝ գյուղագրությու՞ն, քաղաքագրությու՞ն: Հազարավոր էջեր՝ հասկանալու համար, որ գրականությունը պարզապես մարդագրություն է եւ գյուղն ու քաղաքը հակադրելն ընդամենը ժամանակի պահանջ է, որ հաջորդ օրն արդիականությունը կորցնելու է, մինչդեռ գրականությունը ժամանակի մեջ մեկ օրով չի ապրում: Նրա ժամանակը այդպիսին էր՝ բացվող էպոխայի ու փակվող էպոխայի արանքում մնացած հայրենիք, երկիր, ժողովուրդ: Եվ՝ ցավ, եւ՝ կորուստներ, եւ՝ ողբերգություններ, որ զգետնում ու… Նրա ժամանակը այդպիսին էր՝ հաղթանակներ ու անկախության վերականգնում, ձեռքբերումներ, որ հաջորդ օրն արժեզրկում էին ու «ճշմարիտ» արժեք էր հռչակվում շինծու ու փուչ անարժեքությունը: Եվ դարձյալ նա էր, որ սթափության ու երկիրը հայրենիք դարձնելու անհրաժեշտության մասին էր խոսում, որ տեսնում էր օրն ու տեսնում էր ժամանակը իրար հետ ու օրվա Վարդան Մամիկոնյանին դարերի խորքում չէր որոնում, որովհետեւ ուժ ուներ լավը՝ լավ, վատը՝ վատ, ճիշտը՝ ճիշտ, սխալը՝ սխալ անվանելու: Ուժ ուներ ՏԵՐ լինելու: Ու իր ժողովրդի մեջ թշնամի չէր որոնում, տեր էր լավին էլ, վատին էլ, հերոսին էլ, սրիկային էլ: Որովհետեւ ընտանիքի հայրն է մեղավոր, երբ իր որդիները սխալներ են գործում, իսկ նա իրապես գիտեր ու կարողանում էր ՀԱՅՐ լինել: … «Այո, գրողները շատ են: Հայաստանում՝ եւս: Դա նյարդայնացնում է: Դա նշանակում է, որ նրանք չեն կարդում: Նրանք չեն կարդում Լեւ Տոլստոյին, նրանք չգիտեն՝ ինչ է նշանակում Պուշկին: Գրականության մեջ ինձ դուր է գալիս լավագույնս հոգատար-հայրական վերաբերմունքը կյանքի, մարդկանց նկատմամբ: Ոչ ընդվզումը, ոչ չարությունը, ոչ չարախնդրությունը, այլ մարդկանց ամեն ինչով մտահոգվածությունը: Անհանգստությունը բոլորի ու ամեն ինչի համար: Գրողը պետք է հայր լինի: Ամենագետ, ամենատես, ամենազգաց»: …«Անցյալի վարպետներին հատուկ էր վստահությունն ամեն ինչում, ինչ նրանք անում էին, ստեղծում էին, իսկ հիմա կա ինչ-որ ընկճվածություն, ես տեսնում եմ կիսակույր մարդկանց, որ մտնում են մեծ կյանք, բայց ի վիճակի չեն իշխել, կառավարել, ներգործել»: Այս ամենի մասին մեզ մնում է միայն հիշել: ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել