Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԼԱՅԿ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ՝ ՉԱՐԲԱԽՈՒՄ

Դեկտեմբեր 18,2003 00:00

«ԿԼԱՅԿ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ՝ ՉԱՐԲԱԽՈՒՄ Նոր տարվա նախօրեին «Վալենսիա» Հ/Չ ՍՊԸ-ն հերթական հաճելի անակնկալը կմատուցի Երեւանի, ինչպես նաեւ մարզերի բնակիչներին եւ սննդի ոլորտում աշխատող ընկերություններին՝ դեկտեմբերին Չարբախում բացելով «Կլայկ» մեծածախ եւ մանրածախ առեւտրի կենտրոնը։ Երեկ «Վալենսիա» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ընկերության տնօրինությունը։ Ասուլիսից հետո լրագրողները եղան նաեւ «Կլայկ»-ում։ Առեւտրի համար նախատեսված մոտ 2000 քմ ընդհանուր տարածքով այս կենտրոնը՝ «X Գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանի հավաստմամբ, ունենալու է մի շարք առանձնահատկություններ։ Ըստ ընկերության նախագահի, Գարեգին Նժդեհի հրապարակից «Կլայկ» առեւտրի կենտրոնի ուղղությամբ անվճար միկրոավտոբուսներ են երթեւեկելու։ Ընկերությունը սպառողներին տեղեկացնում է նաեւ, որ մանր գնումների դեպքում վաճառքը կիրականացվի սուպերմարքեթում, իսկ մեծ քանակություններով գնել ցանկացողների համար՝ պահեստից, ըստ նախապես ընտրած տեսականու։ Խ. Խաչատրյանի խոսքերով «Կլայկ»-ում ներկայացված է լինելու որակյալ սննդամթերքի եւ տնտեսական ապրանքների լայն ընտրանի։ Առեւտրի տաղավարներում կգերակշռեն տեղական արտադրատեսակները, այդ կերպ ընկերությունը հնարավորություն է ընձեռում տեղական արտադրողներին ներկայանալ իրենց արտադրանքով։ Կլինեն նաեւ ներկրվող ապրանքներ։ Ներկայացված է լինելու մոտ 3500 ապրանքատեսակ։ Հերթերի գոյացումից խուսափելու համար կենտրոնում սպառողներին կսպասարկեն յոթ դրամարկղեր, որոնք՝ ընկերության նախագահի հավաստմամբ, հագեցած են պիտակների սքաներներով եւ գնորդին հնարավորություն կտան գնված ապրանքների ողջ տեսականու վճարումը կատարել մեկ տեղում։ Ընկերությունը գնորդներին հավաստիացնում է նաեւ, որ սրահներում ներկայացված ապրանքատեսակները՝ տեղադրված սառեցնող ցուցապահարանների շնորհիվ, կպահպանվեն համապատասխան ջերմային ռեժիմներում։ «Կլայկ»-ում կարեւորվում է ապրանքների օգտագործման ժամկետներին հետեւելը։ Խ. Խաչատրյանի խոսքերով՝ գնումները պարտադիր կվավերացվեն դրամարկղերի ստացականների միջոցով։ Առեւտրի կենտրոնում հաճախորդներին կսպասարկեն մոտ 200 սայլակներ։ Սուպերմարքեթին հարող սրահի տաղավարներում կիրականացվի տնտեսական եւ խոհանոցային ապրանքների վաճառք։ Խաչիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ տաղավարները վարձակալական հիմունքներով կտրամադրվեն տնտեսական ապրանքների առեւտրով զբաղվող տնտեսական սուբյեկտներին։ Սակայն ցանկացողների համար Խ. Խաչատրյանը նաեւ հավելում է, որ առաջին 2 ամիսը դրանք կտրամադրվեն անվճար։ Ընկերության նախագահի ներկայացմամբ, դեռեւս առկա են ազատ տաղավարներ։ Խ. Խաչատրյանը նաեւ վստահեցնում է, որ մանրածախ առեւտրային գները հավասար են լինելու մեծածախ առեւտրային գներին։ Ընկերությունն առեւտրից առաջացած շահույթն ակնկալում է մեծաքանակ վաճառքից։ Խ. Խաչատրյանի խոսքերով. «Ընկերությունը տնտեսվարողների հետ պայմանագրեր է կնքում, որտեղ նշվում է, որ մենք պատրաստ ենք ապրանքը վաճառել ձեռնարկության թողարկած գներով, իսկ ձեռնարկությունը մեզ վճարում է որոշակի տոկոս»։ Խ. Խաչատրյանի ներկայացմամբ, հետագայում ընկերությունը ծրագրում է նաեւ այդ տարածքում կազմակերպել այլ ապրանքատեսակների ցուցահանդեսներ. «Քանի որ Հայաստանը նոր զարգացող երկիր է, ուստի, կարծում եմ, որ դրա կարիքը կա»։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել