Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱՆՔԸ ԿԱ, ՊԱՏԻԺԸ՝ ՈՉ

Դեկտեմբեր 18,2003 00:00

ՀԱՆՑԱՆՔԸ ԿԱ, ՊԱՏԻԺԸ՝ ՈՉ Բողոքում են սպանված զինծառայողների ծնողները Երեկ «Ազդակ» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպեցին «Սպանված զինվորների միություն» չգրանցված կազմակերպության ներկայացուցիչները՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել զինդատախազությունում եւ բանակում առկա կոռուպցիոն դրսեւորումները։ Սպանված զինծառայող Անդրանիկ Սիլակյանի մայրը՝ Գոհար Արմենակյանը ընթերցեց օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ուղղված իրենց հայտարարությունը։ Նրանք ուշադրություն էին հրավիրել պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան սպաների գործունեությանը, զորամասերում տեղի ունեցող «ոչնչով չարդարացված սպանություններին» եւ զինվորական դատախազության գործունեությանը։ Անդրադառնալով հատկապես հանցագործությունների բացահայտմանը, նրանք մեղադրեցին գլխավոր դատախազ Արամ Թամազյանին, ԱԺ-ին եւ պաշտպանության նախարարությանը, որոնք դիտորդի կարգավիճակ են ստանձնել զինվորական դատախազության կողմից սպանությունների բացահայտումների նկատմամբ։ «Ունենք անհերքելի փաստեր եւ պահանջում ենք քրեական գործ հարուցել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ»,- ասվում էր հայտարարության մեջ։ Սպանությունները դիտելով իբրեւ «արտաքին թշնամիների կողմից ուղղորդված գենոցիդ», նրանք մի քանի պահանջներ ներկայացրին։ Պահանջում էին հեռացնել բոլոր այն հրամանատարներին, որոնց օրոք 1-2 զինծառայող է «մահացել», զինդատախազության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերին օրինական ընթացք տալ։ Զինծառայողների ծնողները պահանջում էին նաեւ իրենց որդիների սպանության գործերը ընդունվեն գլխավոր դատախազության վարույթ, իսկ դատավարություններն ընթանան սպանվածի բնակավայրին առավել մոտ դատարաններում։ Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հրապարակեց զորամասերից մեկի զինվորների նամակը: «Այստեղ բարդակ է։ Բրիտվա չեն տալիս ու ստիպում են ամեն օր թրաշված լինել։ Այստեղ ծեծում են զինվորներին տրուբով ու շլանգով…», – գրված էր նամակում։ Նա ներկայացրեց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակին ուղղված բազմաթիվ զինծառայողների մայրերի նամակները եւ այդ նամակների պատասխանները, թե ԵԱՀԿ-ն չի կարող միջնորդել, քանի որ դա Հայաստանի ներքին խնդիրն է։ Պատասխանները վրդովեցրել էր իրավապաշտպանին եւ նա նկատեց, որ «ԵԱՀԿ-ն սերտաճել է ՀՀ հանցավոր իշխանությունների հետ»։ Սպանված զինծառայող Արայիկ Ավետիսյանի գործի հետ կապված նա մեջբերեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի խոստումը, թե հետամուտ կլինի այս գործի բացահայտմանը։ Նա խորհուրդ տվեց Վ. Հովհաննիսյանին, գնալ գոնե մեկ անգամ դիահերձարան՝ հասկանալու համար բանակում կատարվածը։ Ռ. Մարտիրոսյանը ներկայացրեց զինդատախազության երկու քննիչի անուն, որոնք, ըստ նրա, կոծկում են հանցագործությունները՝ քննիչ Էդիկ Հովսեփյան (ի դեպ, մականունն էլ տվեց՝ «Նագլի Էդո») եւ Մարտին Հախվերդյան։ Վերջինիս մասին մի սենսացիոն հայտարարություն արեց, ասելով, որ կեղծել է դատաբժշկական եզրակացությունը։ Իրավապաշտպանը անդրադարձավ նաեւ զինծառայող Սուրեն Մուրադյանի սպանությանը, որը մահացել էր հրամանատար Դ. Հարությունյանի ծեծի հետեւանքով։ Ի դեպ, այս կապիտանը նախկինում դատված է եղել։ Իսկ ահա պաշտպանության փոխնախարար Սեյրան Օհանյանը միջնորդել էր դատարանին՝ «մեղմ մոտեցեք»։ Ռ. Մարտիրոսյանը նաեւ տարօրինակ համարեց այն, որ սպանված զինծառայողների ծնողներին իրենց իրավունքների պաշտպանության համար խորհուրդ են տալիս դիմել արտոնագիր ունեցող փաստաբաններին՝ վճռաբեկ բողոք բերելու համար։ «Ինչպես գիտեք, ամենաքիչը նրանք պահանջում են 2000 դոլար գումար,- տեղեկացրեց նա: Վերջում ծնողները հայտնեցին, որ հանդիպում են պահանջելու պաշտպանության նախարարի եւ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հետ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Քանի որ Ռ.Մարտիրոսյանը կոնկրետ մեղադրանքներ է հնչեցրել, ակնկալում ենք զինդատախազության արձագանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել