Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասի տարբեր հաշվարկներ

Դեկտեմբեր 18,2003 00:00

Վնասի տարբեր հաշվարկներ Մեկ շաբաթ առաջ ՀՅԴ գրասենյակի իրավաբանական խորհուրդը Ջրտնտպետկոմ է ուղարկել պահանջագիր՝ հոկտեմբերի 25-ին աղտոտված ջրից տուժած արաբկիրցիների համար փոխհատուցում ստանալու ակնկալիքով։ Մեր ունեցած վերջին տվյալներով, ՀՅԴ Արաբկիրի մասնաճյուղի «Կոմիտաս» կոմիտեում հաշվառվող քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 5 հազարի, դիմումները շարունակում են ընդունվել։ Միայն նյութական վնաս կրածներից յուրաքանչյուրի համար կոմիտեն պահանջել է կանխիկ վճարել 15812 դրամ, իսկ հիվանդանոցում կամ տանը բուժվածների համար հաշվարկն ավարտված չէ։ Տասը օր սպասելուց եւ պահանջին բավարար պատասխան չստանալուց հետո, կոմիտեն գործին կտա դատական ընթացք։ Մինչ դաշնակցականները սպասում են պաշտոնական պատասխանի, Ջրտնտպետկոմի նախագահ Գագիկ Մարտիրոսյանն «Առավոտի» խնդրանքով ներկայացրել է իրենց պատասխան քայլը, բայց՝ փոխհատուցման առումով, ոչ թե պահանջագրի։ «Կառավարության 1999թ. ընդունած որոշման համաձայն, մատակարարված վատորակ ջրի դիմաց ջրօգտագործողը չի վճարում այդքան օր եւ ստանում է փոխհատուցում դրա կրկնակի չափով։ 11 օր մատակարարված վատ ջրի դիմաց չեն վճարի եւ 22 օրվա դիմաց փոխհատուցում կստանան այն բնակիչները, որոնք ունեն ջրամատակարարման պայմանագիր եւ բավարար կատարել են պայմանագրային պարտականությունները»,- պարզաբանեց Գ. Մարտիրոսյանը։ Դա նշանակում է, որ ընդհանուր թվով 33 օրերի համար յուրաքանչյուր տուն (ոչ անձ) կստանա միջինը 1500-2000 դրամ փոխհատուցում, այն դեպքում, երբ կոմիտեն ակնկալում էր շուրջ 16 հազար դրամ՝ ամեն անձի համար։ Հաշվարկները չեն համընկնում նաեւ օրերի թվով. «Կոմիտաս» կոմիտեն, հիմք ընդունելով ջրի պիտանիության մասին առողջապահության նախարարության հայտարարության օրը, աղտոտման ժամկետը սահմանել է 23 օր, իսկ Ջրտնտպետկոմն ունի նույնի իր հաշվարկը՝ 11 օր։ Հիշեցնենք, որ ՀՅԴ իրավաբանները վաղուց են հայտարարել, որ «մեր հաշվարկները հիմնավոր են եւ հաղթանակի մեծ շանսեր ունենք»։ Անդրադառնանք խնդրի ոչ տնտեսական կողմին. քաղաքացիների շահերի պաշտպանությունն իր վրա է վերցրել քաղաքական կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն, հավանական դատավարության պատասխանող կողմը կոալիցիայի մյուս թեւը կազմող Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մարտիրոսյանն է կամ իր ղեկավարած հիմնարկը։ Այս խնդիրը կարող էր լուծվել նաեւ կոալիցիայի ներսում, հատկապես որ սա պոպուլիզմի հարմար առիթ էր, ինչի համար գումար կգտնվեր։ Բայց հարցը չլուծվեց, նույնիսկ ինչ-որ տեղ «շանս» ունի դառնալու ներքին հակամարտության պատճառ։ Պարոն Մարտիրոսյանն այս մասին արտահայտվեց զգույշ ու չեզոք. «Յուրաքանչյուր կազմակերպություն դրա իրավունքն ունի (դատարան դիմելու- Ռ. Ա.), գտնում եմ, որ կոալիցիան նույնպես պետք է աշխատի գործող օրենքների սահմաններում»։ Իսկ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ավելի որոշակի պատասխանեց. «Կոալիցիայի անդամ լինելը չի նշանակում աչք փակել որեւէ բացասական երեւույթի նկատմամբ եւ դա նույնպես կոալիցիայի շահերից է բխում», բացի այդ, «սա չի նշանակում տան մեջ կռիվ գցել, որովհետեւ մեր կուսակցությունն ապակենտրոն է»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել