Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԼԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԻՐ ՓԱՅԱԲԱԺՆԻ ՀԱՄԱՐ»

Դեկտեմբեր 18,2003 00:00

«ԿԼԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԻՐ ՓԱՅԱԲԱԺՆԻ ՀԱՄԱՐ» «ԱրմենՏել»-կառավարություն հակամարտությունն այսպես է տեսնում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ – Պարոն Մակեյան, ինչի՞ հիման վրա եք Դուք պնդում, որ կառավարություն-«ԱրմենՏել» հակամարտությունը «ժողովրդից յուրացվող գումարներից իրենց փայաբաժինը ստանալու պատճառով է»: – Իշխանական կլանն ուզում է ստանալ եկամուտների իր մասը: «ԱրմենՏել»-իշխանություններ ամբողջ հակամարտությունը կարելի է բաժանել երկու փուլի: Առաջինը 1998-99 թթ. էր, երբ ընդդիմությունն էր նախաձեռնում այդ պայքարը, այդ թվում մեր կուսակցությունը եւ «Հայրենիք» պատգամավորական խումբը, փորձում էինք ԱԺ-ում ստորագրություններ հավաքել հարցը լսելու, Հեռահաղորդակցության մասին օրենքում հոդված 24-ը փոխելու, ՍԴ դիմելու համար: Ռոբերտ Քոչարյանը խախտեց Սահմանադրությունը, չհրավիրեց արտահերթ նստաշրջան, թեեւ կար 67 պատգամավորի ստորագրություն: Նա ասում էր, որ «ԱրմենՏելի» շնորհիվ առաջիկա հինգ տարիներին ՀՀ-ում կունենանք տարածաշրջանի ամենազարգացած կապի ոլորտը: Նույնը 99 թ. փետրվարին ՍԴ-ում հայտարարեց Դավիթ Հարությունյանը, որը պաշտպանում էր «ԱրմենՏելի» շահերն՝ ընդդեմ պատգամավորների: Մեզ հաջողվեց հարցը լուծել հօգուտ մեր երկրի, եւ 15 տարվա մենաշնորհն իջեցվեց մինչեւ 5 տարվա: – Իսկ հիմա ի՞նչ էտապում է այդ պայքարը: – Փայաբաժնի կռիվ է: Եթե համաձայնության չգան, որոշակի լիազորություններ կվերցնեն «ԱրմենՏելի» ձեռքից, որոնք կամ «Ռոստելեկոմը» կստանա, կամ «Ղարաբաղտելեկոմը»: «Ղարաբաղտելեկոմը» կլանին պատկանող ընկերություն է, իսկ «Ռոստելեկոմին» եթե հանձնեն, դրանով ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք, ՀՀ-ն ավելի վասալային կարգավիճակում կհայտնվի: Էներգահամակարգն ամբողջովին հանձնել են, եթե կապն էլ տան՝ լրիվ կախման մեջ ենք ընկնում: – Դուք անընդհատ խոսում եք «յուրացումների» մասին: Ի՞նչ հիմքեր ունեք նման մեղադրանքների: – 2001թ. հունիսին, երբ «ԱրմենՏելը» հայտարարեց, որ 127 մլն դոլարի ներդրում է կատարել, մեր ուսումնասիրությունների արդյունքում հրապարակեցինք, որ 60 մլն դոլարը հավելագրում է կամ յուրացում: Դրանից հետո ինձ վրա մահափորձ արեցին, ապա սեպտեմբերին եղան հայտնի դեպքերը, որի մասին «Առավոտում» գրել եք: Դա ի՞նչ շարունակություն ունեցավ: Կառավարությունը հանձնաժողով ստեղծեց դատախազության մասնակցությամբ, որն ուսումնասիրեց գործերը, ներդրումային ծրագրերը, իսկ աշնանը հանձնաժողովի կողմից հայտարարվեց, որ շուրջ 75 միլիոն դոլար յուրացվել է: Մենք հայտարարել էինք 60 մլն, իսկ իրենք՝ 75 մլն: Անցել է արդեն երկու տարի, հասարակությանը ներկայացրե՞լ են, թե ո՞վ է յուրացրել այդ 75 մլն172ն, յուրացրե՞լ են, թե՝ ոչ, ինչքա՞ն է վերադարձվել…Ասեմ նորություն, որը չի հրապարակվել երբեւէ: 2001թ. վերջին իր աշխատասենյակում ինքնասպան եղավ հիմնական կապալառուն: Ավելի ուշ, ինֆարկտ ստացավ գլխավոր շինարարը: Մարդիկ, որոնք պետք է բացահայտեին յուրացումների, չարաշահումների շղթան՝ շարքից դուրս եկան: Եվ հանրությանը որեւէ խոսք չասվեց այդ մասին: Համոզված եմ, որ դա ընդհանուր շղթա է եւ ամեն ինչ արվում է հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու, եւ լուծվում է իրար մեջ շահը բաժանելու խնդիրը: – Այժմ նո՞ւնպես ձեր ասած յուրացումների հնարավորություն կա: -Իհարկե: Շարունակվում են ներդրումային ծրագրերը, ըստ որոնց՝ «ԱրմենՏելը» պետք է 300 մլն դոլարի ներդրում կատարի: Սակայն գումարներ են առաջանում ոչ միայն ներդրումների միջոցով, այլեւ վճարումներից՝ րոպեավճարից, եւ այլն: Բայց ներդրումների միջոցով ավելի մեծ փողեր են յուրացվում: Ասենք, թղթերում կարող են գրել՝ նոր տեխնիկա, բայց Հունաստանից օգտագործված տեխնիկա բերեն եւ այլն: Ներդրումային գործընթացն անընդհատ պրոցես է, նույնիսկ եթե պայմանագրային մասն ավարտվի, ներդրումային մասը պիտի շարունակվի՝ տեխնիկայի վերազինում եւ այլն: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել