Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆՉԱԿՆԵՐԻ ՅՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դեկտեմբեր 18,2003 00:00

ՀՆՉԱԿՆԵՐԻ ՅՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «Ես թիմերով չեմ խաղում, ես մեր կուսակցության կողքին եմ»,- այսպես պատասխանեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ Կարո Պողոսյանը՝ մեր այն հարցին, թե ո՞ր հնչակյաններին է ինքը սատարում։ Այդ հարցն էական է այնքանով, որ Կ. Պողոսյանը Ջորջ Հակոբյանի առաջին ընդդիմախոս «ծիծեռնակն» էր։ Դրանից բխեց Ջ. Հակոբյանի մտավախությունը, թե Կ. Պողոսյանն աչք ունի իր հնչակյան գահի վրա։ Կուսակցության՝ գաղափարական ուղուց շեղվելու մեղավորը ԿՎ անդամը բոլորին է համարում, այդ թվում «կենտրոնի» ընկերներին. «Իրենք անտեսել են, լուրջ չեն մոտեցել հայրենիքում կուսակցության հզորացմանը»։ Իհարկե, Կ. Պողոսյանը չի ուրանում Սփյուռքի «մեծ ավանդն ու ներդրումները», բայց պնդում է, որ «վճռական չեն եղել երկպառակտում թույլ չտալու հարցում»։ Ուստի, ըստ մեր զրուցակցի, ստացվեց՝ «գնա մեռի, արի՝ սիրեմ», ինչը անպատվաբեր է թվում Կ. Պողոսյանին։ Մեր դիտարկմանը՝ միավորելու նպատակով է ինքը բանակցությունների մեջ հնչակյան ընդդիմադիր եւ իշխանամետ թեւերի հետ, Կ. Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ջորջն է եկել դարձի եւ խնդրում է ինձ, որ ես հանդիպեմ, իր՝ իմ մասին տարածած հերյուրանքների եւ եկեղեցական գործունեությանս վրա ցեխ շպրտելու համար»։ Է. Սողոմոնյանը, մեր զրուցակցի կարծիքով, «հեռու կանգնած մարդ է, որ ներքաշում են խաղի մեջ»։ Իսկ սառեցված հնչակ Հրանտ Ամիրյանի՝ Ջ. Հակոբյանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ՝ «ճշմարտություններ կան», կարծիք հայտնեց միավորող հնչակը։ Ամեն ինչից զատ, սակայն, վերջինս չի խրախուսում իրար վրա ցեխ շպրտելու քայլերը ու հայտարարում է, որ «երբեք թույլ չեմ տա իմ անձն օգտագործեն ի շահ իրենց, իրենց աթոռներից կառչելու եւ դրանք ամուր պահելու համար»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել