Համագործակցել Վրաստանի հետ Դեկտեմբերի 13-15-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել սեմինար՝ նվիրված «Հայ-վրացական հարաբերություններին»: Հայկական կողմից սեմինարին մասնակցել է նաեւ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Շ. Քոչարյանի մատուցմամբ, քննարկումները ծավալվել են չորս հիմնարար հարցերի շուրջ. ընդհանուր աշխարհաքաղաքականություն, տարածաշրջանային հարցեր, հայ-վրացական երկկողմ հարաբերություններ եւ հայկական համայնքի վիճակը Վրաստանում: Շ. Քոչարյանը նախընտրեց՝ նախ անդրադառնալ վերջին հիմնախնդրին՝ շեշտելով, որ այս ոլորտում կան շատ հիմնախնդիրներ, որոնք կարելի է քննարկել Վրաստանի նոր իշխանությունների հետ եւ լուծել դրանք, առավել եւս, որ վերջիններս չեն էլ թաքցնում, թե շահագրգիռ են Հայաստանի հետ որոշակի համագործակցությամբ: Այս համատեքստում, պատգամավորի ասելով, հայկական կողմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են բարձրացրել, որոնց լուծմանը, սակայն, կարող են հետամուտ լինել միայն իշխանություններն ու մասնավորապես գործադիրը: Որպես այդպիսի հիմնախնդիրներից մեկը Շ.Քոչարյանը մատնանշեց Վրաստանում Ջավախքի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունը: «Կենտորնական Վրաստանում հողերը սեփականաշնորհվում են, Ջավախքում՝ ոչ: Ջավախքահայերը ստիպված են հողը միայն վարձակալել: Այդ քաղաքականությունը վաղուց է տարվում, դրա մասին բազմիցս է խոսվել, բայց առաջընթաց չկա: Մինչդեռ այսօր այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքը կարող է արդյունք բերել: Նույնը վերաբերում է նաեւ Ջավախքի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցական ուղիների բարեփոխմանը, առեւտրի եւ համագործակցության ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը, մեր քաղաքացիների նկատմամբ վրաց ոստիկանության վերաբերմունքի, թալանի մասին: Այդ մասին վրացիներն իրենք էլ խոսում են»,- շեշտեց ԱԺ պատգամավորը: Վերջինս անդրադարձավ նաեւ Վրաստանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումների տարիֆներին, որոնք ավելի բարձր են, քան սահմանված է Ադրբեջանի համար: Այս հանգամանքն, ի դեպ, վրացական կողմը հիմնավորում է նրանով, որ նույն տիպի արտոնությունն Ադրբեջանը տրամադրել է Վրաստանին: «Դրանք հավասարեցնելու խոստումներ շատ են եղել, բայց այս խոստումներն իրականացնելու երաշխիքը երկուստեք շահերն են»,- արձանագրեց պատգամավորը եւ, իբրեւ նման շահի մի տարբերակ, նկատեց. «Վրաստանի տնտեսական շահերը պահանջում են, որ լինի գործող ճանապարհ՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Վրաստանի համար Իրանից բեռներ ստանալու լավագույն եւ արդյունավետ ճանապարհը հենց դա է: Իսկ Հայաստանն այդ դեպքում կարող է անգամ տարանցիկ երկիր դառնալու հավակնություն դրսեւորել»: Պարոն Քոչարյանը մատնանշեց հայ-վր ացական փոխշահավետ համագործակցության եւս մեկ տարբերակ. «Ակնհայտ է, որ Վրաստանը նաեւ շահագրգիռ է Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Լեհաստան ճանապարհի շահագործմամբ, որը նաեւ կնպաստի Հայաստանի մեկուսացումը ճեղքելուն»: Պատգամավորը միաժամանակ հավելեց, թե ինքը ՀՀ ԱԳՆ-ին տեղյակ կպահի այս ամենի մասին, բայց մնացածն արդեն պետական մակարդակով բարձրացնելիք եւ լուծելիք հարցադրումներ են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ