Բենզինից վառվածները «Բենզինի եւ դիզվառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի երեկվա քննարկմանը կոալիցիոն ուժերը ամենեւին ակտիվ չէին։ Առավել ակտիվ էր ընդդիմությունը, մասնավորապես «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւ Արշակ Սադոյանը։ Պրն Դալլաքյանը շարունակ շեշտում էր, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե ո՞վ է Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի բիզնեսով զբաղվողների հովանավորը։ Արշակ Սադոյանը բավականին կոպիտ բանավեճի մեջ մտավ գլխադասային հանձնաժողովի՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ։ Պրն Սադոյանը նախ փորձեց պարզել՝ հանձնաժողովի նախագահը տեղյա՞կ է, թե Լոնդոնի բորսայում ի՞նչ արժե մեկ տոննա բենզինը։ Հիշեցնենք, որ բորսայի գինը $170 է, իսկ մեզ մոտ այն արժե $222, հիմա էլ փորձ է արվում դարձնել 224, պատճառաբանելով, թե ավելացված 2 դոլարը պայմանավորված է բենզինի մեծածախ իրացումից հաշվարկված մոտ 2 դոլարին համարժեք դրամ ԱԱՀ-ի գումարը սահման տեղափոխելով եւ դրան զուգահեռ՝ ՀՀ տարածքում բենզինի իրացումը ԱԱՀ-ից ազատելով։ Երբ պարզվեց, որ Գագիկ Մինասյանը չգիտե Լոնդոնի բորսայում բենզինի գինը, Արշակ Սադոյանը եզրակացրեց, որ Գագիկ Մինասյանի պես, պետությունն էլ չգիտե եւ ամեն ինչ անում է, որպեսզի «խեղդի Հայաստանի տրանսպորտային կարողությունները, որպեսզի արհեստականորեն բենզինը թանկացնի, որպեսզի ՀՀ-ում տնտեսությունը չշնչի»։ Գագիկ Մինասյանը որոշեց հակադարձել եւ ահա թե ինչ ստացվեց. «Նույնիսկ ինձ նման զուսպ պատգամավորը չի կարող չասել, որ դուք ձեզ լկտի եք պահում»։ Արշակ Սադոյանը, որն ավելի ուշ ներողություն խնդրեց, այդ պահին տեղից նկատեց. «Ես ձեզ ասացի լկտի՞, ես ասացի անգրագետ»։ Գագիկ Մինասյանը պատմեց, որ իրենք մի քանի օր առաջ Արշակ Սադոյանին բացատրում էին, թե ինչ է նշանակում շահութահարկ. «Ցավով պետք է արձանագրեմ, որ մեկ ժամ տքնաջան աշխատանքից հետո արդյունքը զրոյականին մոտ էր»։ Իսկ բուն բենզինի մասով Գագիկ Մինասյանը նկատեց. «Հարկման մեխանիզմները պարզեցնելով փորձ է արվում թույլ չտալ, որպեսզի անբարեխիղճ հարկատուները թաքցնեն իրենց շահույթը թոշակառուից, նպաստառուից, որի մասին այդքան կուրծք են ծեծում մեր որոշ ներկայացուցիչներ»։ Գ. Մինասյանը շարադրեց նաեւ մի քանի տեսական դրույթ։ Մասնավորապես՝ նկատեց, որ շուկայական տնտեսության գերակայության ճանապարհով գնացած պետությունները հաջողել են (պետությանը թողնելով միայն կարգավորիչ դեր)։ Իսկ այն երկրները, «որոնք պետությանը բացի կարգավորիչ դերից վերապահում են նաեւ տնտեսվարող սուբյեկտի գործառույթներ, դատապարտված են լինելու վերադառնալ շուկայական սկզբունքներին ավելի ուշ։ Եվ այդ ուշ ժամանակը մի բան է նշանակելու՝ տուժելու են սոցիալապես ամենաանապահով խավերը, իսկ շահելու են տզրուկները, որոնք ցանկացած երկրում սնվելու են այդ խիստ շահութաբեր ոլորտից»։ Մ. ԵՍԱՅԱՆ