Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆՔ»

Դեկտեմբեր 18,2003 00:00

«ՄԵՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆՔ» Հարցազրույց պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ Օրերս պատգամավոր Մանուկ Գասպարյանը հարց ուղղելով կառավարությանը, փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է ապամոնտաժվում երկաթգիծը հայկական կողմից։ – Շատ երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ Մանուկ Գասպարյանը երբեւիցե եղել է այդ ազատագրված տարածքներում, շնչել է այդ տարածքների օդը, քայլել է այդ ազատագրված հողի վրա եւ հետո միայն իրեն իրավունք է վերապահել այդպիսի հարց տալ։ Իսկ ինչ վերաբերում է հարցադրմանը, ապա գաղտնիք չէ, որ ազատագրված տարածքների հետ կապված կան շատ խնդիրներ, շատ հարցեր։ Ուղղակի ես վախենում եմ, որ մի օր ինչ-որ մեկի մտքով կանցնի Եռաբլուրում պառկած իմ ընկերներին հարցնել՝ ձեզ ո՞վ էր իրավունք տվել ազատագրել մեր տարածքները, մեր բնակավայրերը։ Ինչ-որ մեկի մտքով կարող է անցնել նաեւ այդ տարածքում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող գյուղացիներին հարցնել՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել այդտեղ գյուղատնտեսական աշխատանք իրականացնել։ Ես ավելի շատ վախենում եմ ապագայում այդ հարցադրումներից, քան այն հարցադրումից, որ այստեղ հնչեցրել է Մանուկ Գասպարյանը։ Պարզապես խնդրում եմ, որ նման հարցեր ձեւակերպելուց եւ հնչեցնելուց առաջ յուրաքանչյուր հայ քաղաքացի մտածի՝ տվյալ հարցադրումը ի շահ ժողովրդի՞ է, թե՞ ի վնաս ժողովրդի։ Ես կարծում եմ, որ նման կարգի հարցադրումները հնչում են միայն ի վնաս մեր ժողովրդի, ի վնաս մեր ազատագրական պայքարի, որը մենք փառքով ենք պսակել։ – Դուք ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս շրջանառվող լուրերին, թե Ղարաբաղի հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով։ Ի վերջո, ի՞նչն է դրվելու հանրաքվեի, որեւէ կոնկրետ տարբերակի մասին դեռ խոսք չկա։ – Ճիշտն ասած, շատ դժվար հարց եք տալիս հայ սպային, հայ գեներալին, եւ պետք է խուսափեմ պատասխանից։ Ամեն դեպքում հարցին պետք է նայել որպես սովորական հայ քաղաքացի։ Եվ եթե իսկապես որոշվի, որ հարցը պետք է հանրաքվեի դրվի, պետք է դնենք։ Եվ եթե ամբողջ հասարակությունը գտնի, որ՝ հանրաքվե պետք չէ՞, ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե կարելի է ուղղակի ասել, որ մենք մեր հանրաքվեն արդեն իրականացրել ենք եւ ընտրել ենք հանրապետության նախագահ, էլի ընդունելի տարբերակ է։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցի լուծմանը, դա հայ սպային չպետք է հետաքրքրի։ Մեզ հետաքրքրում է մի բան՝ մենք պետք է ունենանք մարտունակ բանակ եւ մեր մարտունակությամբ պետք է կարողանանք պահել այսօրվա իրավիճակը։ Երբեք Ադրբեջանի զինված ուժերի մտքով չպիտի անցնի, թե հարցը հնարավոր է լուծել ուժով։ Սա է հայ գեներալի, հայ սպայի, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի եւ ստորաբաժանումների հիմնական խնդիրը՝ անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի ղեկավարության մտքով չանցնի Ղարաբաղի հարցը լուծել զենքի կամ պատերազմական գործողությունների վերսկսման ճանապարհով։ Եվ փառք մեր ժողովրդին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին, այսօր մեզ հաջողվում է ադրբեջանական կողմին ստիպել, որ Ղարաբաղի հարցի լուծումը փնտրեն խաղաղ ճանապարհով։ – Սահմանների վիճակն այսօր եւ մեկ տարի առաջ։ Ե՞րբ էր ավելի կայուն։ – Սահմանների վիճակը բավականին կայուն է։ Ավելի կայուն էր, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ակտիվ հանդիպում էին։ Եվ այդ հանդիպումների արդյունքն էր, որ սահմաններում տեղի չէին ունենում միջադեպեր եւ կրակոցներ։ Այն շրջանում, երբ հանդիպումները դադարեցին, եղան որոշ սահմանային բախումներ։ Հարցը փորձել են կարգավորել պաշտպանության նախարարները։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ ինչպես սահմանի վրա, այնպես էլ տարբեր այլ առիթներով։ Կարծում եմ, նախագահների հանդիպումների վերսկսումը բերելու է նրան, որ սահմանագծում նորից կայուն իրավիճակ է լինելու։ – Սամվել Բաբայանը որոշել է իր գործում ներգրավել փորձառու փաստաբանի։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իրավիճակի ինչ-որ չափով փոփոխություն է սպասվում եւ, որ Սամվել Բաբայանի ճակատագիրը կփոխվի։ – Իմ մոտեցումը հետեւյալն է՝ նման հարցերում պետք է գերիշխի օրենքը։ Եվ եթե դատապաշտպան են ընտրել ու դատապաշտպանը կարող է իր խոսքն ասել ու դատարանին համոզել, ապա կեցցեն մեր դատարանները եւ դատապաշտպանները։ Պետք է գերիշխի օրենքը եւ դատարանը պետք է որոշի ինչպես վարվել Սամվել Բաբայանի հետ։ Բայց մյուս կողմից, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատվության ենթարկվի իր արածների համար։ Դա վերաբերում է ոչ միայն մեր մարտական ընկերոջը՝ Սամվել Բաբայանին, այլեւ ցանկացած քաղաքացու։ Պարզապես իմ մոտեցումը հետեւյալն է՝ դատարանը պետք է օրենքի շրջանակներում որոշի, թե ով ինչ պատիժ պետք է կրի։ Հարցազրույցը ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ ՊՆ փոխնախարար Ա. Աղաբեկյանի տեսակետները բանակի որոշ խնդիրների շուրջ՝ առաջիկայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031