Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Դեկտեմբեր 18,2003 00:00

ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքներն ավարտվեցին ատոմակայանին եւ «ԱրմենՏելին» առնչվող օրինագծերի քննարկմամբ: Երեկ պատգամավորներն 1-ին ընթերցմամբ ընդունեցին ատոմակայանին, Երեւանի ՋԷԿ-ին, Որոտանի ՀԷԿ-ին, «Հայռուսգազարդին» եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցերին» հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ այս ձեռնարկություններն ազատվելու են մինչեւ 2003-ի դեկտեմբերի 1-ը շահութահարկի եւ ավելացված արժեքի հարկի չվճարած պարտավորություններից: Ատոմակայանը հավելյալ արտոնություն ստացավ եւ սոցիալական ապահովության չվճարած վճարները կարող է մարել առաջիկա 5 տարիների ընթացքում: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը չթաքցրեց, թե այս ամենի միջոցով հույս ունեն փոխհամաձայնության հասնել ՌԴ հավատարմագրային կառավարմանը հանձնված ատոմակայանի հետ, որ նա էլ հրաժարվի էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնելու մտադրությունից: Մեկ այլ ակնկալիք էլ բացահայտվեց, թե արտոնությունների շնորհիվ նախատեսվում է սառեցնել կուտակված որոշակի գումար, որի մեջ են մտնում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության չվճարած վարձավճարները: Երեկ 1-ին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագիծը: Վերջինիս ներածությունում իսկ նշված է, թե այն նպատակ ունի «երաշխավորել արդար եւ բաց մրցակցություն էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների» ոլորտներում, ապահովել դրանց հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում (մի բան, որ «ԱրմենՏելը» խոստանում է ամեն տարի, սակայն այդպես էլ չի իրականացնում): Օրենքը նպատակ ունի նաեւ ապահովել սակագների մակարդակի վերանայումը, խթանել ՀՀ-ում «էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի աճը» եւ այս ամենն իրագործել այնպես, որ Հայաստանը կարողանա կատարել իր միջազգային հանձնառությունները հաղորդակցության շուկաների ազատականացման առումով: Մի խոսքով՝ թվում է, թե սա հենց այն օրենքն է, որը կդառնա «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու գործիքներից մեկը: Սակայն ե՛ւ նախագծում է ամրագրվում, որ այդ բացառիկ իրավունքը շարունակում է մնալ ուժի մեջ (թեեւ նաեւ նշված է, որ նպատակ կա «սահմանափակել բացառիկության շրջանակները»), ե՛ւ երեկ քննարկման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «ԱրմենՏելի» արտոնագրով սահմանված բացառիկ իրավունքներն այս օրենքով չեն կրճատվում: Եվ իրավունք չունենք դա անելու, քանի որ՝ հակառակ պարագայում, դա կդիտվի որպես ազգայնացում»: Պատգամավորները, մասնավորապես Արշակ Սադոյանը, դժգոհ մնացին այդ հեռանկարից ու եւս մեկ անգամ հետաքրքրվեցին, թե այնուամենայնիվ մենաշնորհ ունենալո՞ւ է «ԱրմենՏելը»: Թեեւ հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նախարարն ասաց, որ թիվ 60 արտոնագրի փոփոխությունը կարող է տեղի ունենալ անգամ առանց այս օրենքի՝ պատգամավորներին նա միայն ասում էր. «Ո՛չ, օրենքը խնդիր չի դնում իր առջեւ մենաշնորհից զրկելու «ԱրմենՏելին»: Ի դեպ, Դավիթ Հարությունյանն ի պատասխան Վիկտոր Դալլաքյանի հարցի, թե ով է պատասխանատու «ԱրմենՏելին» բացառիկ իրավունքներ շնորհելու համար՝ ասաց. «Իսկ ո՞վ ասաց, որ դա սխալ էր այդ պահին… Ես վստահ չեմ, որ բացառիկ իրավունքներ շնորհելը 1998-ին սխալ լուծում էր»: Օրենքի լուծելիք ամենակարեւոր խնդիրներից է կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկի ստացման նախապայմանը բավարարելը, ըստ որի՝ հեռահաղորդակցության, էներգետիկայի, ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտներում պիտի ստեղծվի միասնական հանձնաժողով: «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագծում ամրագրված է, որ նման ծառայությունների «սակագները պետք է լինեն արդարացի եւ ողջամիտ»: «Առավոտի» հարցին՝ չի կարծո՞ւմ, որ բավական սուբյեկտիվ չափորոշիչներ են սրանք եւ յուրաքանչյուրը յուրովի կարող է մեկնաբանել արդարացիությունն ու ողջամտությունը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դրա համար կարգեր են սահմանվելու: Արդարացիությունը հեռահաղորդակցության ոլորտում ունի իր հստակ մեկնաբանությունը. խոսքը վերաբերում է ոչ խտրական մոտեցմանը: Ուստի «արդարացի» բառը կփոխենք, կդարձնենք «ոչ խտրական»: Իսկ ողջամտության ներքո ենթադրվում է, թե պետք է լինի ողջամիտ եկամտաբերություն»: Ի դեպ, այն դրույթը, նաեւ որի պատճառով մերժվեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» նախագիծը՝ տեղ է գտել այս օրինագծում: 59 հոդվածում նշված է. «Ցանկացած միջոցով փոխանցվող հաղորդագրությանը որեւէ անձ կամ էլեկտրոնային հաղորդակցության մասնակից կարող է միջամտել, ձայնագրել հաղորդագրությունը կամ բացահայտել նրա պարունակությունը միայն տվյալ հաղորդակցողի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ»: Արդարադատության նախարարի տառապանքը փորձ ուներ՝ այժմ միանգամից խոստացավ, թե փոփոխելու են այդ մասը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԿարդացեք նաեւ էջ 4:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031