Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,2003 00:00

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ Դեկտեմբերի 22-ին Երեւանի պետհամալսարանի մարզադահլիճում մեկնարկելու է մինի ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են տպագիր եւ հեռուստատեսային այն լրատվամիջոցները, որոնք մշտապես պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում ֆուտբոլի նկատմամբ։ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառումը, որի նախաձեռնողը «Պրոմեթեւս» հեռուստաընկերության «Ֆուտբոլի տեսություն» հաղորդաշարն է ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, իրենց առջեւ դրել են մեկ նպատակ. նպաստել ոչ միայն ֆուտբոլային թեմայով գրող լրագրողների, այլեւ ընդհանրապես սպորտին կարեւորություն տվող լրատվամիջոցների էլ ավելի մերձեցմանը։ Առաջարկին, որ «Պրոմեթեւսի» մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը դեկտեմբերի սկզբներին արեց ՀՖՖ-ում, անմիջապես արձագանքեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հայտարարելով, որ ինքը պատրաստ է անձամբ «տեր կանգնել» մրցաշարին։ Ու… կանգնեց։ Անձնական նախաձեռնությամբ Ռ. Հայրապետյանը սահմանել է $1000 մրցանակային ֆոնդ, բոլոր մասնակից թիմերին տրամադրում է մարզազգեստ, ապահովում մրցաշարի մրցավարությունը։ Շնորհակալական խոսք պետք է ասել նաեւ ԵՊՀ-ի ղեկավարությանը, որը սիրահոժար իր մարզադահլիճը տրամադրել է լրագրողական թիմերին։ Ուրախալի է նաեւ, որ մրցաշար անցկացնելու առաջարկը անմիջապես լայն արձագանք գտավ նաեւ լրատվական դաշտում, որն, անկեղծ ասած, նման դեպքերում այնքան էլ ակտիվ չէ, թեեւ դրանում կան նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Օրինակ, ամեն մի թերթ կամ այլ լրատվամիջոց ի վիճակի չէ այս կամ այն մարզաձեւի ամբողջական թիմ հավաքագրել։ Այս անգամ այդ բացը լրացվել է ամենապարզ ձեւով։ Այն մարզական լրագրողը, որի կոլեկտիվը թիմ հավաքագրելու հնարավորություն չունի, ընդգրկվել է մեկ այլ լրատվամիջոցի թիմում, որտեղ թափուր տեղեր կան։ Մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել են 10 թիմեր՝ «Հանրային հեռուստատեսություն», «Պրոմեթեւս», «Արմենիա», «Երեւան» հեռուստաընկերություններ, «Արեւածաղիկ» ամսագիր, «Հայկական ֆուտբոլ» շաբաթաթերթ, «Տիգրան Պրես», «Մեդիամաքս» գործակալություններ, «Հայկական ժամանակ» օրաթերթ եւ «Քոլեջ» աղջիկների թիմը։ Երեկ ՀՖՖ-ում կայացավ վիճակահանությունը։ Թիմերը բաժանվեցին 3 խմբի. 1-ին խումբ. Հ1, «Պրոմեթեւս», «Քոլեջ» 2-րդ խումբ. «Արմենիա», «Արեւածաղիկ», «Հայկական ֆուտբոլ» 3-րդ խումբ. «Տիգրան Պրես», «Մեդիամաքս», «Երեւան», «Հայկական ժամանակ»։ Խմբերում առաջին տեղեր զբաղեցնողները եւ լավագույն արդյունք ունեցող 2-րդ տեղ գրաված թիմը պայքարը կշարունակեն հաջորդ փուլում։ Ընդ որում, 3-րդ խմբում վերջին տեղում հանգրվանած թիմի հետ գրանցված արդյունքը հաշվի չի առնվելու։ Դե ինչ, մեզ՝ մարզական լրագրողներիս, ինչպես ասում են, կողքից դատողություններ անելուց զատ, դաշտում ֆուտբոլն զգալու հիանալի հնարավորություն է ստեղծվում։ Տա Աստված, որ ներսից հայացքը ֆուտբոլին նույնպես օբյեկտիվ ու անկողմնակալ լինի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել