Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի ծնողները սիսիանցի էին

Դեկտեմբեր 17,2003 00:00

Ալիեւի ծնողները սիսիանցի էին Հեյդար Ալիեւի մահվան առիթով նորից խոսակցություններ են սկսվել նրա ծագումնաբանության եւ աշխատանքային կարիերայի շուրջ։ Հեյդար Ալի-Ռզա օղլի Ալիեւի ծնողները սիսիանցի էին։ Հայրը Սիսիանի շրջանի Ջոմարդլու փոքրիկ գյուղում մինչեւ հեղափոխությունը զբաղվել է անասնապահությամբ եւ մոտակա գյուղերում հայտնի էր որպես հմուտ համետագործ։ Մայրը նույն շրջանի Որոտան (Որոտն) գյուղի ծնունդ էր։ Հեյդար Ալիեւը ըստ փաստաթղթերի ծնվել է 1923թ., Նախիջեւանում, քանի որ Անդրանիկ զորավարի Սիսիան մտնելուց եւ Աղիտու-Վաղատնի գյուղերի թուրքերի հետ 1918թ. տեղի ունեցած միջադեպերից հետո, մի շարք թրքաբնակ գյուղերի, այդ թվում եւ Ջոմարդլուի բնակիչները փախել էին Նախիջեւան։ Հետագայում նրանց մի փոքր մասը վերադարձել էր, սակայն Ալիեւները գերադասել էին մնալ Նախիջեւանում։ Ջոմարդլուում ծնվել է Ալիեւների ավագ որդի Հասանը՝ 1907թ.։ Նա 1952թ. ընտրվել է Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս, նույն թվականին աշխատել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի գյուղատնտեսության գծով քարտուղար։ Հետագայում ակադեմիայի գլխավոր գիտնական-քարտուղարն էր եւ Հողագիտության ինստիտուտի տնօրենը։ Ակադեմիկոս է նաեւ նրանց կրտսեր եղբայրը՝ Ջալալը։ Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր Հեյդար Ալիեւի կինը՝ Զարիֆա Ազիզ կզի Ալիեւան, ճանաչված ակնաբույժ, ծնված Նախիջեւանի Շահթախտի նախկին հայաբնակ գյուղում։ Հեյդար Ալիեւի կենսագրության մեջ բազմաթիվ առեղծվածային պահեր կան։ Համոզիչ չէ այն փաստը, որ նա 1923թ. ծնված լիներ, որովհետեւ դժվար թե ադրբեջանական ընտանիքում 1907-23թթ., այսինքն 16 տարի ծնունդ չլիներ։ Ըստ կենսագրության, Հ. Ալիեւը 1938թ., այսինքն 15 տարեկանում ավարտել է Նախիջեւանի մանկավարժական տեխնիկումը, իսկ դրանից հետո երկու տարի սովորել Ադրբեջանի ժողտնտեսության ինստիտուտում։ Այնուհետեւ 18 տարեկանում նշանակվել է Նախիջեւանի ԻՄ ՆԳ նախարարության, իսկ մեկ տարի հետո նախարարների խորհրդի բաժնի վարիչ։ Համոզիչ չէ նաեւ, որ նրա կինը՝ Զարիֆա խանումը Ալիեւից տարիքով մեծ լիներ, հատկապես, որ ազերիների մոտ հակառակն է լինում։ Չգիտես ինչու հետագայում Հեյդար Ալիեւը ուսումը շարունակում է ոչ թե Բաքվի ժողտնտեսության ինստիտուտում, այլ պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժնում, փաստորեն, բարձրագույն կրթություն ստանալով միայն 1957թ.։ Ավելի քան 25 տարի Հեյդար Ալիեւը աշխատել է ՊԱԿ-ի համակարգում, 1967-69թթ. հանդիսանալով այդ մարմնի ադրբեջանական կոմիտեի նախագահը։ Դրանից հետո մոտ 15 տարի եղել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը։ Ավելորդ չեմ համարում հիշատակել մի հանդիպում Հեյդար Ալիեւի հետ։ 1988թ. հուլիսին տեղի էր ունենում ԽՄԿԿ 19-րդ կոնֆերանսը։ Նիստերի մեծ ընդմիջման ժամանակ Հեյդար Ալիեւը քայլում էր Կրեմլի համագումարների պալատի ծառուղիներում՝ պաշտոնազուրկ եւ բոլորից լքված։ Նույն կարգավիճակում էր նաեւ Կարեն Դեմիրճյանը։ Նկատեցի, որ նրանք հանդիպեցին, սակայն ինձ թվաց, թե նույնիսկ չբարեւեցին։ Ապա Ալիեւը ձեռքով նշան արեց, որպեսզի մոտենամ իրենց. – Այդպես էլ դու ինձ մի անգամ չուղեկցեցիր իմ նախնիների գյուղը,- ասաց Ալիեւը,- իսկ այժմ դա ընդհանրապես անհնարին է թվում։ Կարծում եմ, դեպքերը կարող են այլ ընթացք ստանալ։ Եթե ես Ադրբեջանի ղեկավարը լինեի, Սումգայիթյան դեպքերը թույլ չէի տա։ Ճիշտն ասած, հիմա էլ շատ հիվանդ եմ եւ չեմ կարող ակտիվ աշխատանք կատարել, ուզում եմ մնալ որպես թոշակառու։ Նրա կանաչ աչքերը խորամանկ ժպտում էին։ Ինչպես հայտնի է, Ալիեւը թոշակառու չդարձավ, այլ շուտով հայտնվեց Նախիջեւանում, ապա՝ Բաքվում, կարողացավ վերցնել իշխանությունը, որպեսզի հետո այն խնամքով հանձներ իր որդի Իլհամին։ ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել