Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՇԱԹԱՂՑԻՆ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐՈՒՄ»

Դեկտեմբեր 17,2003 00:00

«ՔԱՇԱԹԱՂՑԻՆ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐՈՒՄ» Ասում է տեղացի լուսանկարիչ, ԼՂՀ գրողների միության անդամ Խաչիկ Բաղդասարյանը՝ ակնկալելով ավելի մեծ ուշադրություն ազատագրված տարածքների նկատմամբ։ Վերջերս Երեւանում բացվեց Խաչիկ Բաղդասարյանի կազմակերպած «Քաշաթաղի երեխաները» ցուցահանդեսը։ Ըստ Բաղդասարյանի, ցուցահանդեսի նպատակն էր եւս մեկ անգամ վերեւների ուշադրությունը բեւեռել ազատագրված տարածքների խնդրին։ Մի քանի տասնյակ լուսանկարներում պատկերված էին երեխաներ՝ բնական վիճակներում. խոսելիս, ժպտալիս, պարելիս, խաղալիս։ «Դրանով իսկ արտացոլել էինք այն բոլոր տրամադրությունների ասպեկտը, որ մարդն ունենում է ապրելիս։ Բացի այդ, ցուցահանդեսը խորհրդանշական էր նրանով, որ ներկայացված էր քաշաթաղցու հավաքական կերպարը»,- նկատեց Խ. Բաղդասարյանը։ Արդեն 8 տարի Քաշաթաղում բնակվող լուսանկարիչը լուսանկարչություն է դասավանդում տեղի Քարեգահ գյուղի «Թաթոսյան» երիտասարդական կենտրոնում, որ բացվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի աջակցությամբ։ Փետրվար-մարտ ամիսներին նա պատրաստվում է իր սաների աշխատանքների ցուցահանդեսը բացել Երեւանում կամ Հայաստանի որեւէ քաղաքում։ Համոզված է, որ անընդհատ պիտի իշխանություններին հիշեցվի Քաշաթաղի մասին (թեկուզ ցուցահանդեսների միջոցով), որովհետեւ, իր կարծիքով, «ազատագրված տարածքների բնակիչների նկատմամբ ուշադրությունը նվազել է, իսկ նախկինում իրականացված ծրագրերը հավասարվել են զրոյի»։ Ըստ Խ. Բաղդասարյանի, այդ տարածքներում «ռեպրեսիվ ստրուկտուրաների ակտիվ գործունեության փոխարեն բնակչություն պահելու եւ ավելացնելու համար անհրաժեշտ է ստեղծել ազատ տնտեսական գոտի, ավելացնել լրացուցիչ արտոնությունները (հարկային, գրանցման եւ այլն), ինչպես դա արվում է ավելի խելացի իշխանություններ ունեցող երկրներում»։ Խ. Բաղդասարյանը համոզված է, որ քաշաթաղցի երեխաները այլ վերաբերմունք ունեն կյանքի նկատմամբ, ինչը թելադրված է նրանց խստաբարո կենսակերպով։ Բայց, միեւնույն ժամանակ, նրանց չարաճճիության մեջ հսկայական դրական էներգիա է տեսնում։ Վերաբնակեցված լինելով տարբեր վայրերից, քաշաթաղցի երեխաները հրաշալի տեղյակ են բոլոր բարբառներին, կենցաղային սովորույթներին, ինչի շնորհիվ, Խ. Բաղդասարյանի կարծիքով, նրանք ձեռք են բերել ինտեգրելու եւ ինտեգրվելու մեծ պոտենցիալ։ Երեխաներից շատերը ծնվել են Քաշաթաղում եւ արդեն 3-4-րդ դասարանում են սովորում։ Արդեն կան նաեւ գերեզմաններ, ինչը վերաբնակեցման կարեւոր հատկանիշներից մեկն է։ «Ի տարբերություն ղեկավարների պահվածքի, Քաշաթաղի ժողովրդի նկրտումներն ավելի լուսավոր են ու կենսունակ։ Կարծում եմ, արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը իրավունք չունեն Քաշաթաղի մասին ինչ-ինչ հայտարարություններով հանդես գալու, քանի որ այնտեղ չեն ապրել։ Այսօր մեզ մոտ վիճակը կայուն է եւ զուր են ոմանք քամի տատանում, այն դեպքում, երբ քաշաթաղցին ապրում է բնականոն կյանքով»,-գտնում է Խ. Բաղդասարյանը։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել