Մելքոնյան վարժարանի վիճակն անորոշ է Կիպրոսի կառավարությունը 2004-ից հայկական Մելքոնյան կրթահամալիրին կտրամադրի տարեկան 300 հազար ԱՄՆ դոլար։ Պետության տրամադրած օգնության նախնական գումարը նախ առաջարկվել է 500 հազար դոլարի կարգի, սակայն Կիպրոսի կառավարությունը այդ գումարը հարմար չի գտել, քանի որ ճիշտ չի համարել ավելի շատ գումար հատկացնել Մելքոնյանին, քան հատկացվում է Կիպրոսի նույնանման դպրոցներին։ Ի տարբերություն Մելքոնյան կրթահամալիրի, «Նարեկ» հայկական վարժարանները (որոնք գործում են Կիպրոսի երեք քաղաքներում) ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։ Վարժարանների ամբողջ հոգսը՝ սկսած շենքերի վերանորոգումից մինչեւ ուսուցիչների աշխատավարձեր, դասագրքերի եւ գրենական պիտույքների ձեռքբերում, ամեն ինչ տրվում է պետության կողմից։ Նույնքան ապահովված չէ Մելքոնյան վարժարանը, քանի որ վերջին տարիներին այս կրթահամալիրում մի շարք խնդիրներ են կուտակվել։ Նախ, խոսակցություններ կան, թե Հայ բարեգործական ընդհանուր միության անդամներից մեկը մտադիր է վաճառել կրթահամալիրը եւ իր մտադրությունից դեռեւս ետ չի կանգնել։ Մելքոնյանի վիճակը շարունակում է անորոշ մնալ։ Ենթադրվում է, որ կառավարության օժանդակության արդյունքում ինչ-որ փոփոխություն կլինի, սակայն առայժմ Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնակայանը որեւէ տեղեկատվություն չի սփռում, միայն այն հայտարարությունը, ըստ որի, խնդրի լուծումը ժամանակավորապես հետաձգվում է։ Այս պահին Մելքոնյան վարժարանը բավականին դժվարին կացության մեջ է։ Ժամանակին Կիպրոսը էժան եւ մատչելի երկիր էր եւ դպրոց պահելը այս երկրում խնդիր չէր։ Այսօր Կիպրոսը Եվրոպայի ամենաթանկ երկրներից մեկն է։ Իսկ եկամուտները ավելանալու փոխարեն դեռ պակասել են։ Առկա խոսակցությունները՝ Մելքոնյանի խնդիրների մասին, բացառապես ֆինանսականի հետ է կապված։ «Ուղղակի Մելքոնյանը լինելով տարածքով մեծ, բնականաբար, ավելի մեծ ծախսեր է պահանջում թե՛ պահպանման, թե՛ այլ խնդիրների հետ կապված։ Բոլոր հարցերը, ի վերջո, իսկապես կապված են օրեցօր աճող այս ծախսերի հետ»,- այս կարծիքին է Կիպրոսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը։ Կիպրոսի Մելքոնյան վարժարանում այս պահին մոտ 200 երեխա է սովորում Կիպրոսից, Հունաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հայաստանից, Ալբանիայից, Սերբիայից, Մոնտենեգրոյից, Ռումինիայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Եգիպտոսից։ Այս ուսումնական տարում աշակերտների թիվը 50-ով պակասել է՝ դարձյալ ֆինանսական պատճառներով։ Այս ուսումնական տարվանից վերացվեց լիովին անվճար ուսուցման կարգը (այժմ Մելքոնյան վարժարանի տարեկան ուսման վարձը 7 հազար ԱՄՆ դոլարի կարգի գումար է)։ Աշակերտների թվի նվազման վրա ազդեց նաեւ անորոշ վիճակը՝ աշակերտները վստահ չեն՝ կշարունակի՞ գործել վարժարանը, թե՞ ոչ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ