«Հրատապ գնումներ» Համաշխարհային բանկը պահանջում է ճոխացնել չինովնիկների կյանքը ՀԲ-ի պահանջները հաշվի առնելով, փոփոխություններ են կատարվել «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքում, որը շուտով կմտնի ԱԺ։ Այս մասին երեկ տեղեկացրեց Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանն իր տարեվերջյան ասուլիսում։ ՀԲ-ի պահանջներից մի քանիսը կարող են շրջադարձային փոփոխություններ մտցնել բյուջեից սնվող գերատեսչությունների եւ համակարգերի կյանքում։ Օրինակ, գործակալության միջոցով ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար մինչ այժմ գործող 750 հազար դրամ մեկնարկային նիշը կբարձրանա մինչեւ 15 մլն դրամի, որից 10-ը նախատեսված է աշխատանքի եւ ծառայությունների, իսկ 5-ը՝ ապրանքների համար։ Հաջորդ պահանջն այն է, որ վարկային միջոցների հաշվին կատարվող գնումներն արվեն գործակալության միջոցով, որպեսզի հայտատու ընկերությունները ստիպված չլինեն մասնակցել տարբեր ընթացակարգերով մրցույթների։ ՀԲ-ն պահանջում է նաեւ ներդնել գնումների էլեկտրոնային համակարգ, ինչը նվազագույնի կհասցնի գործընթացին չինովնիկի մասնակցությունը, նպաստելով կոռուպցիայի հնարավոր դեպքերի կանխմանը։ Քանի որ այս փոփոխությունների կիրառումը գործնականում պահանջում է ֆինանսական մեծ ներդրումներ, ՀԲ-ն խոստացել է դրանց մի մասը ներառել ՍԱԿ-5 վարկային ծրագրում։ Խոսելով արդեն կատարված աշխատանքների մասին, Գ. Խաչատրյանը «գունավոր» ներկայացրեց գործակալության եռամյա ճանապարհը. «Բյուջեի միջոցները ծախսվում են շատ արդյունավետ, գնումները բաց են ու թափանցիկ, գնումների համակարգում կոռուպցիան հասել է նվազագույնի, մեր աշխատանքից դժգոհող չկա, նույնիսկ ՀԲ-ից եկած ուսումնասիրող խումբն է գոհ» եւ այլն։ Տեղեկացանք, որ ամեն տարի գործակալությունը բյուջեի փողերը ծախսում է այնպես, որ «տակը դեռ մի բան էլ մնում է»՝ 500 մլն դրամ, որն, ըստ ասվածի, հետ է ուղարկվում պետության գրպանը։ Միաժամանակ տեղեկացանք, որ ոչ մի նախարարություն կամ գերատեսչություն ճոխ չի ապրում, որովհետեւ նրանց հատկացված գումարը միշտ էլ քիչ է պահանջվածից։ Այս պարագայում «ավելցուկ» առաջացնելը դառնում է անտրամաբանական կամ խորհրդային տարիներին ընդունված պլանների գերակատարման պես մի բան։ 2003-ին անցկացված 240 մրցույթին մասնակցել է 5-6 հարյուր տնտեսվարող սուբյեկտ, գնումների համար ծախսվել է շուրջ 15 մլրդ դրամ։ Այս թիվը տարեցտարի ավելանում է (2001-ին 5,5 մլրդ էր), ինչը գործակալության պետը բացատրեց այսպես. «Սկզբում գերատեսչությունները գնումների մի մասը կատարում էին առանց մեզ՝ օրենքի խախտումով եւ այլ աղբյուրներից, այժմ եւ աստիճանաբար սովորում են աշխատել մեզ հետ»։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների վերջերս ձեռք բերած շքեղ ավտոմեքենաները գործակալության պետը համարեց «հրատապ գնում, ինչն օրենքով թույլատրելի է»։ Գործակալության օգնությամբ այդ մեքենաներն իրենց տերերին կգտնեին «ոչ հրատապ»՝ եռամսյա ժամկետում: Բնականաբար, այդ պաշտոնյաները 3 ամիս առանց շքեղ մեքենաների չէին դիմանա։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ