ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է գրանցել հունվարի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասնակիցներին։ Գրանցումը կտեւի մինչեւ դեկտեմբերի 21-ը: Նման որոշում այս երկրի ԿԸՀ-ն կայացրել էր դեռ անցյալ շաբաթ՝ նկատի ունենալով, որ ընտրությունների նախապատրաստական շրջանը չափազանց կարճ է։ Հիշեցնենք, որ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 6 թեկնածուի՝ «Ազգային միացյալ շարժում» դաշինքի առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլի, Իմերեթիում նախագահի նախկին լիազոր Թեմուր Շաշիաշվիլի, «Վրաստանի փաստաբաններ» կուսակցության առաջնորդ Կարթլոս Ղարիբաշվիլի, «Մձլեւելի» կուսակցության առաջնորդներից՝ Քելեխսաշվիլի, «Հաշմանդամների ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիայի» նախագահ Զազա Սիխարուլիձե եւ «Դավիթ Աղմաշենեբելիի կուսակցության» նախագահ Ռոին Լիպարտելիանի: Ինչպես հայտնի է, ԿԸՀ-ն մերժել է որպես նախագահի թեկնածու գրանցել Վրաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեին: Վրաստանում ձեւավորված տխուր ավանդույթի համաձայն, այս երկրի նախորդ երկու նախագահներն էլ՝ եւ Գամսախուրդիան, եւ Շեւարդնաձեն ստիպված են եղել իրենց պաշտոնը զիջել կամ բիրտ ուժի, կամ բարոյական ճնշման տակ: Ինչ վերաբերում է Սահակաշվիլուն, ապա Վրաստանում նրա ընդդիմախոսները՝ մասնավորապես «Հանուն նոր Վրաստանի» ալյանսի ներկայացուցիչների, կարծիք են հայտնում, թե նա էլ կլինի հերթական «ժամանակավոր» նախագահ, որովհետեւ հասարակությունը երկար չի կարող էյֆորիայի մեջ լինել, մանավանդ, երբ պարզ դառնա, որ երկիրը տնտեսական կոլապսից հանելու համար երիտասարդ ժողովրդավարները ռեսուրս չունեն: Այդուհանդերձ, այն մթնոլորտը, որ տիրում է Վրաստանում նախընտրական շրջանում, կարելի է համեմատել նորանկախ Հայաստանում տեղի ունեցած առաջին ընտրությունների եւ այդ ընտրություններում առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրելու՝ ժողովրդի վճռականության եւ խանդավառության հետ: Անկախ ամեն ինչից, մարդիկ հույս ունեն, որ վերջապես ոտքի կկանգնի երկրի տնտեսությունը, աշխատատեղեր կստեղծվեն, կբարձրանան եւ, որ ամենակարեւորն է, կվճարվեն թղթի վրա գրված թոշակներն ու նպաստները, կվերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Գոնե երեք օրերի ընթացքում Վրաստանում չհանդիպեցինք մեկի, որը կարծիք հայտներ, թե նախկին նախագահի օրոք լավ էր: «Շեւարդնաձեն կործանեց երկիրը»,- հակառակում մեզ համոզում էին շատերը, ինչպես, օրինակ՝ մի վարորդ, որ իր ասելով ինժեներ էր, բայց հիմա ստիպված է տաքսի վարել ընտանիքի հոգսերը հոգալու համար: Մի խոսքով, սպասելիքները երիտասարդ եւ ռոմանտիկ իշխանություններից շատ են, իսկ բարեփոխումներին համբերատար սպասողները՝ քիչ: Միայն անցյալ շաբաթ Վրաստանի նույն Ռուսթավելու պողոտայում, որտեղից սկսվեց եւ ավարտվեց թավշյա հեղափոխությունը, հասցրին բողոքի ակցիաներ անել եւ Վրաստանի պետհամալսարանի ուսանողները, եւ հաշմանդամների ընտանիքները, որոնք Մ.Սահակաշվիլուց պահանջում էին կատարել իր նախընտրական խոստումը եւ վճարել իրենց թոշակներն ու նպաստները: Իշխանություններն առայժմ փորձում են տուրք տալ հասարակության բոլոր շերտերի պահանջներին՝ հենվելով ոչ միայն միջազգային կառույցներից ակնկալվող ֆինանսական աջակցության, այլեւ ներքին ֆինանսական ռեսուրսների վրա: Այստեղ հիմնական շեշտը դրվում է գործող ձեռնարկությունները, ընկերությունները հարկային դաշտ բերելու վրա: Օրերս Մ.Սահակաշվիլին հանդիպել է նաեւ վրաց գործարարների հետ եւ համագործակցության կոչ արել՝ խոստանալով, որ հարկային դաշտում գործելու դեպքում նրանց գործունեությունը պետության կողմից երաշխավորված կլինի: Իհարկե, սրա վերաբերյալ էլ ընդդիմությունն իր կարծիքն ունի: Իրինա Սարիշվիլին պնդում է, թե սա վհուկների որսի, կուլակաթափության եւ շահույթների վերաբաշխման միայն սկիզբն է, իսկ իշխանության եկած «Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հակադարձում է՝ թե նման բան չկա եւ «նախկինների» թանին թթու ասող դեռ չի եղել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ