Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Դեկտեմբեր 17,2003 00:00

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ Խորհրդարանը երեկ 3-րդ ընթերցմամբ քննարկեց եւ, ըստ ամենայնի՝ այսօր ամբողջությամբ կընդունի հասարակական հնչեղություն ունեցող որոշ օրենքներ: «Վիճակախաղերի մասին» օրենքով նախատեսվում է, որ մինչեւ վիճակախաղերի գովազդի հրապարակումը՝ կազմակերպիչները պետք է դրա բովանդակությունը համապատասխանեցնեն պետական լիազոր մարմնի հետ: Արգելվում է վիճակախաղերի տոմսերի վաճառքը շահումների ցուցադրման վայրից 500 մետրից մոտ հեռավորության վրա: Օրենքի պահանջների խախտման դեպքում վիճակախաղերի կազմակերպիչները կարող են տուգանքի արժանանալ կամ զրկվել արտոնագրից: Մեզ չգործելու դատապարտված են թվում օրենքի այն դրույթները, ըստ որի՝ յուրաքանչյուր վիճակախաղի կամ շահումով խաղի գովազդի ընդհանուր տեւողությունն օրվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ 1 ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել 2 անգամից ոչ ավելի: Բացի այդ՝ արգելվում է վիճակախաղի գովազդը լրատվական թողարկումների ընթացքում եւ դրանցից 20 րոպե առաջ ու հետո: Եվ վերջապես՝ արգելվում է շահումով խաղերի գովազդը Հանրային հեռուստատեսությամբ՝ «բացառությամբ հովանավորության դեպքերի»: Ո՞վ պետք է հետեւի այս ամենի իրականացմանը՝ ՀՌԱՀ-ն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհո՞ւրդը. առաջինը հիմա էլ խիստ ընտրողաբար է արձագանքում օրենսդրության խախտումներին՝ պատճառաբանելով դիտարկման համար բավարար տեխնիկական միջոցների բացակայությունը, իսկ երկրորդն ուղղակի անտեսում է խախտումները: Օրինակ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն Հ1-ի հաղորդումները չպիտի ընդհատվեն գովազով, սակայն ընդհատվում են: «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը երեկ քննարկվեց իր վերջնական տեսքով: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ այլընտրանքային զինծառայության ժամկետը 36 ամիս է, իսկ զինված ուժերից դուրս իրականացվող այլընտրանքային աշխատանքային ծառայությունը՝ 42 ամիս է: Վստահ ենք, որ Եվրախորհրդի փորձագետներն էլի կմատնանշեն, թե այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետն իր բնույթով ակնհայտորեն պատժիչ է: Օրենքն ուժի մեջ կմտնի 2004-ի հուլիսի 1-ից: «Դասալիքների մասին»՝ այսպես կարելի է վերանվանել ավելի երկար անվանում ունեցող օրինագիծը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին»: 2004-ի մարտի 1-ից սկսյալ՝ 1992-ից հետո զորակոչից խուսափածները կարող են մուծել որոշակի վճար (մինչեւ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը), որից հետո կդադարեցվի նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել