Դատաքննությունը վերաքննիչում մեկնարկեց Դատապարտյալները փոխում են փաստաբաններին Երեկ Վերաքննիչ դատարանում դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործի քննությունը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի վճիռը օրենքով սահմանված կարգով բողոքարկել են 15 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանն ու Ջոն Հարությունյանը, 12 տարվա ազատազրկման դատապարտված Ֆելիքս Առուստամյանը, ինչպես նաեւ Գեղամ Շահբազյանն ու Գրիգոր Պետրոսյանը: Դատաքննությունը սկսվել է նրանով, որ դատապարտյալ Ջոն Հարությունյանը հայտարարել է, թե ինքը մեղավոր չէ եւ հրապարակել է իր նախկին պաշտպան Լուսնթագ Բադալյանից հրաժարվելու որոշման մասին: Նույն փաստաբանի ծառայություններից հրաժարվել է նաեւ դատապարտյալ Գեղամ Շահբազյանը: Նրանք միջնորդեցին դատարանին իրենց ժամանակ տրամադրել գործում նոր պաշտպաններ ընդգրկելու համար: Իսկ ահա Ֆ.Առուստամյանը միջնորդեց դատական պրոցեսում իբրեւ իր պաշտպան ընդգրկել Զարուհի Փոստանջյանին, որը նրա պաշտպանությունը մի կարճ ժամանակահատված ստանձնել էր դեռ առաջին ատյանի դատարանում: «Դատախազությունն ինձ խաբեց, ասաց հրաժարվի պաշտպանիցդ՝ քեզ քիչ կտանք: Ինձ խաբեցին, հիմա իմ պաշտպանին եմ ուզում»,- երեկ հայտարարել է Ֆ.Առուստամյանը: Վերաքննիչ դատարանը բավարարել է հիշյալ բոլոր միջնորդությունները, սակայն մերժեց բավարարել Արմեն Սարգսյանի միջնորդությունը՝ դատական պրոցեսում կրկին ներգրավել իր նախկին պաշտպան Հովիկ Արսենյանին: Երեկ դատարան էին եկել ԱԺ մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, որը պատասխանելով «Այբ-ֆեի» հարցին՝ եւս մեկ անգամ հայտարարել է, թե չի հավատում, որ Տ.Նաղդալյանին սպանելու պատվերը Ա.Սարգսյանն է տվել: Գնահատելով այս քրգործով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, մասնավորապես, Ա.Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը մեր զրույցի ժամանակ հայտարարեց, թե՝ «առաջին ատյանում դատաքննությունն ընթացավ միակողմանիորեն՝ նպատակ ունենալով հիմնավորել այն մեղադրանքը, որ Ա.Սարգսյանին առաջադրել էր նախաքննական մարմինն ու նրան մեղավոր ճանաչել»: Դատական հաջորդ նիստը կկայանա առաջիկա ուրբաթ օրը: Սեփ. լր.