Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՍՏՈՐԵՆ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ ՀՅԴ-ԻՆ ԵՎ ՕԵԿ-Ն

Դեկտեմբեր 17,2003 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՍՏՈՐԵՆ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ ՀՅԴ-ԻՆ ԵՎ ՕԵԿ-Ն Ինչի համար էր Ռ. Քոչարյանը հանդիպել ԱԺ իշխանամետ խմբակցությունների հետ Արդեն մոտ կես տարվա կենսագրություն ունեցող կոալիցիան պարբերաբար ճաքեր է տալիս՝ հավանաբար այն պատճառով, որ կոալիցիոն երեք ուժերին՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, միավորեց ոչ թե գաղափարների ու սկզբունքների միասնականությունը, այլ՝ ընդհանուր շահերը։ Տարեվերջին, բյուջետային քննարկումները եւ հարկային փաթեթի քննարկումները դրա հերթական ապացույցն են: Անցած շաբաթվա վերջում, նկատենք՝ բյուջեի քննարկումների ԱԺ արտահերթ նիստից մեկ օր անց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մոտ կանչեց կոալիցիայի լիդերներին։ Հավանաբար, ոչ գլուխները շոյելու համար: Ըստ ամենայնի, նախագգահի դիտարկումները, բերել էին այն եզրակացության, որ կոալիցիայի անդամներից ոմանք չափն անցնում են իրենց կիսաընդդիմադիր կեցվածքով եւ, ի վերջո, ժամանակն է հասկանան, որ իրենք անփոխարինելի չեն։ Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի, Ռոբերտ Քոչարյանը հրավիրել էր նաեւ ՄԱԿ-ին եւ «Ժողպատգամավոր» խմբին։ Վերջիններիս ներկայացուցիչները երեկ ժխտեցին մեր այդ ինֆորմացիան, սակայն այս երկու քաղաքական ուժերի ներկայությունը խիստ թափանցիկ ակնարկ կարող է լինել ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի համար: Ենթատեքստը մոտավորապես հետեւյալն է. Ռ. Քոչարյանի համար անփոխարինելի չէ ոչ ոք, ցանկացած պահի նա կարող է կտրուկ փոխել ուժերի հարաբերակցությունը եւ նոր վերադասավորում կատարել ինչպես կառավարությունում, այնպես էլ օրենսդիր մարմնում։ Այս ամբողջ պատմության մեջ առայժմ անվերապահ լոյալ է Հանրապետական կուսակցության վարքը՝ մանավանդ, ըստ մեր տեղեկությունների, նախագահի հետ այս հանդիպումը կազմակերպելու մասին առաջարկ է արել հենց վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Իսկ այն, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, շատ հարցերի պատասխան է տալիս։ Հանդիպմանը մասնակցածներից ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնում պատմել իրենց եւ նախագահի հանդիպման մասին, կարծես թե մեծ հանցանք են կատարել ու այդ մասին գերադասում են լռել։ Իրականում, մեր աղբյուրների վկայությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը բավականին կոշտ գնահատականներ է տվել, զգուշացրել է ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին, թե վերջիններս նույն դաշտում չեն խաղում ու ժամանակն է դարձի գալ։ Ըստ «Առավոտի» լուրերի, նախագահը հարցը դրել էր հետեւյալ կերպ. կամ վերցրած պատասխանատվությանը համարժեք քայլեր եք անելու, բարեփոխումները առաջ եք տանելու կամ՝ ասեք, որ չեք կարող ու աջ քաշվեք։ Վերջին դեպքում քաղաքական ուժերին զգուշացվել է՝ կանգնելու տեղ չեք ունենա, կքանդվեք։ Ռ. Քոչարյանը պահանջել է, որ կոալիցիայի անդամ կուսակցությունները վերջ տան իրենց իմիջի համար տարվող խաղերին։ ՕԵԿ-ին զգուշացվել է՝ պոպուլիզմը թողնել եւ գործով զբաղվել։ Ըստ նախագահի, այն, ինչի համար դուք պոպուլիստական կուրծք եք ծեծում, դուք պիտի անեք, ումի՞ց եք պահանջում։ Դաշնակցությանը եւս բաժին է հասել՝ ստանձնե՞լ եք պատասխանատվությունը կոնկրետ ոլորտների համար, գոնե այդ ոլորտների մասով գործ արեք, թե չէ ստացվում է՝ դուք ձեր նախարարներին քննադատում եք։ Եթե պահում եք կոալիցիոն ֆորմատը, ուրեմն գործ արեք, ես ձեր ձեռքը կրակը չեմ ընկել։ ՀՀԿ-ին նախագահն առանձնապես չի քննադատել, հենց սա էլ առիթ է տալիս ենթադրել, որ Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը եւս շահագրգռված են եղել, որ ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին «նախագահական ապտակ» տրվի։ Ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը երեկ այս մասով պատասխանելով մեր հարցին, նկատեց. «Գործող նախագահի մատ թափ տալը շատ բնական է, որովհետեւ ակնհայտ է, որ կոալիցիան որպես այդպիսին չկա, կան շահեր, եւ այդ բոլորին միավորողը ինքն է։ Պարբերաբար պիտի կանչի, մատ թափ տա, պետք է ճշգրտի հարաբերությունները։ Ոչ թե քաղաքակիրթ երկրի կանոններով է այդ ամենը տեղի ունենում, այլ՝ մաֆիոզ տրամաբանությամբ։ Իսկ մաֆիայի Դոնը միշտ էլ պարբերաբար կանչում ու մատ է թափ տալիս»։ Ենթադրություն կա, որ հարկային փաթեթի շուրջ ծագած ամբողջ աղմուկը, որը բարձրացրել են «Ժողպատգամավորն» ու ՄԱԿ-ը, այլ բան չէ, քան ուժի դրսեւորում։ Երեկ, կարծես, ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը» որոշ հետեւություններ արել էին։ Բայց՝ ոչ ամբողջովին։ Երկուսն էլ առայժմ պնդում էին հարկային եւ սոցիալական փաթեթները (կոպիտ ասած, եկամուտներն ու ծախսերը) առանձին-առանձին քվեարկելու հարցում։ Այսինքն՝ ունեին այնպիսի մոտեցում, ինչպիսին ուներ ընդդիմությունը։ Բայց, օրինակ, սոցիալական փաթեթի հարցում ՕԵԿ-ն ակնհայտորեն մեղմացրել է իր դիրքորոշումը։ Եթե մինչեւ նախագահի հետ հանդիպումն այս խմբակցության անդամները բավականին ընդդիմադիր ելույթներ էին ունենում, ապա երեկ Արթուր Բաղդասարյանը կառավարության ներկայացրած սոցիալական փաթեթի քննարկման ավարտին ելույթ ունեցավ եւ ասաց. «այն նախագիծը, որ ներկայացվեց կառավարության կողմից, անընդունելի էր կոալիցիայի անդամ երկու կուսակցությունների համար՝ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի, եւ, բնականաբար, նախագիծը ենթարկվեց արմատական փոփոխությունների»։ Հատկանշական է նաեւ, որ ՀՅԴ խմբակցությունը ոչ միայն չմասնակցեց այդ քննարկմանը, այլեւ բացակայում էր դահլիճից, միայն Արմեն Ռուստամյանն էր ներկա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել