Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆԱՀԱՆՋԵՑԻՆ

Դեկտեմբեր 17,2003 00:00

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆԱՀԱՆՋԵՑԻՆ Հարկային փաթեթին մաս կազմող օրինագծերն այսօր կքվեարկվեն առանձին-առանձին: Սակայն քիչ է հավանականությունը, որ դրանք չեն ընդունվի: Թեեւ ընդամենը 1 օր առաջ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը հարկային այս փաթեթի առնչությամբ հայտարարում էր. «Մենք պատրաստ ենք ամեն ինչով աջակցել կոալիցիային, սակայն չենք կարող հակասել մեր սկզբունքներին ու ոչնչացնել մեր տնտեսության վաղվա օրը»՝ երեկ «Ժողպատգամավորի» ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանի ելույթից ակնհայտ դարձավ, որ նրանք այսօր «կողմ» են քվեարկելու փաթեթին: Նա ինչ-որ մանվածապատ խոստում էլ տվեց, թե կկողմնորոշվեն մինչեւ 2-րդ ընթերցում, ակնարկելով, թե կարող են «դեմ» քվեարկել այդ ժամանակ: «Առեւտուրի համար տեղ են թողնում»,- այս կեցվածքն այսպես գնահատեց ընդդիմադիրներից մեկը: Կա՛մ ԺՊ-ի հետ արդեն իսկ իրականացված առեւտուրն էր բարեհաջող ընթացք ունեցել, կա՛մ էլ ուղղակի գործարարներին առանձին-առանձին մշակման գործընթացն էր ավարտվել հաջողությամբ: ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանն իր ելույթում կանխատեսել էր այս ամենը: Նշել էր, թե բոլորը դեմ են խոսում այս փաթեթին, բայց որեւէ մեկը չի կասկածում, որ այն ընդունվելու է. «Բոլորդ խելո՜ք քվեարկելու եք»: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ի պատասխան նետեց, թե մի քանի տարի առաջ էլ Գրիգոր Հարությունյանն էր մեծամասնության մեջ՝ «եւ բերում այսպիսի փաթեթներ էիք անցկացնում»: Թեման շարունակեց ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, թե 5-6 տարի առաջ ամեն եռօրյայում էին կատարվում հարկային օրենսդրության փոփոխություններ, իսկ հիմա՝ տարին մեկ: Նա պաշտպանեց փաթեթը՝ նշելով, թե այն փակում է սողանցքները վնաս ցույց տվողների համար. «Նրանցից շատերը հետո այս ամբիոնից խոսում են ուսուցիչների, բժիշկների եւ կարիքավորների մասին»: Երեկ սկզբունքափոխության տոնահանդես էր խորհրդարանում: Առավոտյան ՀՅԴ խմբակցության անդամ Ոստանիկ Մարուխյանը քննադատեց հարկային փաթեթը, մասնավորապես նշելով, թե անհասկանալի է համահարթեցման տրամաբանությունը, որ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ կանխավճարների հաշվարկման հավասար պայմաններ են սահմանվում վնասով ու շահույթով աշխատող հարկատուների համար: Իսկ կեսօրին ՀՅԴ խմբակցության անունից ելույթում ազդարարվեց, թե «կողմ» են քվեարկելու փաթեթին: «Օրինաց երկրի» ներկայացուցիչները նախորդ օրը սրտառուչ կանխատեսումներ էին անում, թե քանի-քանի գործարար կդադարեցնեն իրենց բիզնեսը եւ կհեռանան Հայաստանից: Իսկ երեկ «Օրինաց երկրի» խմբակցության ղեկավարը ազդարարեց, թե իրենք ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում այս փաթեթին: Ճիշտ է, ընթացքում մի քիչ էլ սպառնաց, թե իրենց համար անընդունելի են վերստուգումները: Միջանկյալ նշենք, որ ժամանակին հենց ՕԵԿ-ն էր հեղինակել ստուգումներից 3 օր առաջ նախազգուշացնելու մասին օրինագիծը, որն այժմ փոխում է կառավարությունը: Վերջինիս ներկայացուցիչը երեկ հայտարարեց միայն մեկ զիջումի մասին, թե հրաժարվում են վարձու աշխատողների ձեւակերպման եւ դրամարկղային գործառնությունների վերաբերյալ ստուգումներն առանց 3 օր առաջ զգուշացնելու իրականացնելու մտադրությունից: Մնացածը նույնն է: Գործարարներից քչերն այս ընթացքում չփոխեցին իրենց դիրքորոշումները: Ասենք, Խաչատուր Սուքիասյանն իր ելույթում էլի պնդեց, թե «Շահութահարկի մասին» օրենքի առաջարկվող փոփոխությունը (այն կնքել են «վնասահարկ» անվանումով) կազդի փոքր ձեռնարկատերերի վրա, հաստատագրված վճարների կիրառման ընթացքում պարտադիր պետք է գոտիականություն կիրառվի, իսկ միջանցքում էլ շարունակում էր բուռն բանավեճը ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանի հետ: Հարկային փաթեթի քննարկումն առիթ դարձավ, որ «Արդարություն» խմբակցությունը հարցերը պարզի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ: Վիկտոր Դալլաքյանն ամբիոնից հիշեցրեց է՛լ «մայկա-տռուսիկով» գործի գնալու նրա պատրաստակամությունը, է՛լ ծաղրեց նախարարի լեզվաիմացությունը, է՛լ ցույց տվեց նրա 70 հազար դոլարանոց մեքենայի նկարը: Բայց ամենամեծ վատությունն, ըստ մեզ, այն էր, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրով եւ ԱԺ կանոնակարգով հիմնավորեց, թե սա փաթեթ չէ, այլ հարկային օրենքների փոփոխություններ, որոնք պետք է հատ-հատ դրվեն քվեարկության: Փաթեթով անցկացնելն ավելի հեշտ կլիներ, իսկ այսպես՝ դեռ հավանական է, որ կարող են եւ չընդունվել վիճահարույց 2-3 օրենքները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել